Մեկնաբանություն

23.01.2018 14:15


ՀՀԿ-ն՝ անհարմար վիճակի մեջ

ՀՀԿ-ն՝ անհարմար վիճակի մեջ

Հայաստանում շատ անհարմար բան է տեղի ունեցել: ՀՀԿ-ի համար անհարմար:

Սերժ Սարգսյանը հրապարակավ Արմեն Սարգսյանին առաջարկել է նախագահ դառնալ՝ չմոռանալով նաև հայտնել, որ ՀՀԿ-ում իր առաջարկը միաձայն է ընդունվել (ի դեպ, եթե ՀՀԿ-ի Գևորիկի թեկնածությունն էլ առաջարկվեր, միևնույն է ՀՀԿ-ում միաձայն կողմ էին լինելու):

Արմեն Սարգսյանը, ինչպես հայտնի է, պատասխանել է, որ դեռ պատասխան չունի և առաջարկը կընդունի միայն որոշակի հանդիպումներից հետո: Մի խոսքով, ժամանակ է խնդրել ու մեկնել ... մառախլապատ Ալբիոն:

Սա ՀՀԿ-ականների համար անսովոր ու անհեթեթ վիճակ է: Սրանք հիմա չգիտեն, թե ինչպես իրենց պահեն: Եթե գովեն Արմեն Սարգսյանին, ապա կստացվի, որ գովում են մեկին, ով ՀՀԿ ղեկավարի առաջարկը օդում է թողել ու այնքան չի կարևորել իրենց միաձայն քվեարկությունը, որ որոշել է այլոց հետ հանդիպումից հետո միայն արձագանքել առաջարկին:

«Բա որ վերջում հրաժարվի՞»,- մտածում են հազար ու մի ճամբար և տեր փոխած ՀՀԿ-ական «աքսակալները»: Կստացվի, որ իրենք գովում էին մեկին, ով հրաժարվել է նախագահ դառնալ ու հետո ստիպված են լինելու մեկ ուրիշին գովել՝ մինչև այդ կրկին միաձայն քվեարկելով այդ նորի օգտին:

Իսկ եթե Արմեն Սարգսյանը չհրաժարվի առաջարկից ու իրենք էլ մինչև այդ գոված չլինեն, ապա կստացվի, որ իրենց «միաձայն» թեկնածուի օգտին քարոզ չեն արել, թերացել են: Բա որ հանկարծ բան փոխվի, ամեն ինչ մոնիթորինգի ենթարկվի ու Արմեն Սարգսյանն էլ հիշողությունից լավ լինի՞:

ՀՀԿ-ում, թերևս, չեն հասկանում, թե ինչպես կարելի է պաշտոնի, այն էլ՝ նախագահի պաշտոնի, առաջարկ ստանալ ու անմիջապես չասել «հա»: Իրենք միշտ հենց «վարունգի» անուն են լսել, անմիջապես «աղն» առած վազել են: Հիմա չեն հասկանում, թե ինչն ինչոց է: Չեն հասկանում և այդ իսկ պատճառով քչախոս են դարձել: Դե իսկ Սերժ Սարգսյանը «միացրել» է Բ26-ին կից մամուլն ու լվանում է «ապաքաղաքական» նախագահի թեկնածուի ոսկորները: Ոչ ֆորմալ քարոզարշավի փուլ է սկսվել և՛ իր, և՛ նախագահի թեկնածուի համար:

Թեկնածուն, որ Անգլիայից լինի, ՀՀԿ-ն էլ էս օրին պետք է լինի:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը