Մեկնաբանություն

23.01.2018 10:10


Վենգերի ու Մխիթարյանի ճշմարտության պահը

Վենգերի ու Մխիթարյանի ճշմարտության պահը

Վերջապես կայացավ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Նա արդեն «Արսենալի» ֆուտբոլիստ է: Սանչեսի ու Մխիթարյանի փոխատեղումը միջազգային թոփ սպորտային լուր է դարձել:

Հետընթա՞ց է սա Հենրիխի համար, թե՞ ոչ:

Նկատենք, որ Անգլիայի առաջնությունում կան բարձր մակարդակի 6 թիմեր, որոնց միջև էլ տեղի է ունենում մրցակցությունը (մյուս թիմերը ջուր պղտորողներ են ու իրենց պարտքն են համարում վեցյակից միավորներ խլելը): Առաջին քառյակում տեղ զբաղեցրածները Չեմպիոնների լիգայում են հայտնվում, իսկ «տակինները»՝ Եվրոպա լիգայում:

Եթե հաշվի առնենք Անգլիայի ընթացիկ մրցաշարային աղյուսակը, ապա Հենրիխի համար սա հետընթաց է, քանի որ «Արսենալը»-ը 6-րդ տեղում է և պետք է պայքարի առաջին քառյակում տեղ զբաղեցնելու ու Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար, իսկ ահա ՄՅՈւ-ն շա՜տ տեսականորեն կարող է հավակնել Անգլիայի չեմպիոնությանը (դա միայն այն դեպքում, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» միայն հաղթանակներ տանի ու եթե «Մանչեսթեր Սիթին» հանկարծ «շողուլից» ընկնի, ինչի հավանականությունը գրեթե զրոյական է), ինչպես նաև կարող է գործնականում պայքարել ՉԼ այս մրցաշարում առավելագույնին հասնելու և առաջնությունում առնվազն երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Ասել է թե՝ այս փուլում թիմերը տարբեր խնդիրներ են լուծում և «Արսենալը» համեմատաբար համեստ դիրքերում է:

Իսկ եթե հաշվի առնենք «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Արսենալի» պատմությունները և միջազգային վարկանիշը, ապա Հենոյի մոտ հետընթաց չկա: Երկուսն էլ համաշխարհային մակարդակի թիմեր են, ունեն փառահեղ անցյալ ու պայքարում են ներկան փառահեղ դարձնելու համար:

«Արսենալը» Անրիի, Բերգկամպի, Պիրեսի, Քեմպբելի, Ադամսի, Ջենինգսի, Վան Պերսիի, Սիմենի, Ադեբայորի, Վիերայի ու այլ բարձրակարգ ֆուտբոլիստների թիմն է:

ՄՅՈւ-ն ու «Արսենալը» հիմա նոր պատմություն կերտելու ճանապարհին են: Ալեքս Ֆերգյուսոնից հետո ՄՅՈւ-ն չի փայլել այնպես, ինչպես նախկինում ու նոր-նոր է փորձում վերանվաճել իր դիրքերն անգլիական ու եվրոպական ֆուտբոլում:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Ֆերգյուսոնի սերնդից է: Վերջին տարիները նրա համար այնքան էլ լավը չեն (զգացնել է տալիս նաև ակումբի ֆինանսական վիճակը, որը համեմատաբար թույլ է Անգլիայի թոփ վեցյակում), քանզի ցանկալի տիտղոսներ թիմը չի նվաճում: Երկրպագուները նույնիսկ պահանջում էին նրա հրաժարականը: Եվ հիմա ճշմարտության պահ է ինչպես Մխիթարյանի, այնպես էլ Վենգերի համար: Վերջինս ամենահետևողականն էր Հենրիխի տեղափոխման հարցում: Ճիշտ է, որոշումը կայացրել է ակումբի ղեկավարությունը, բայց հիմնական լոբբիստը Վենգերն էր, ինչը որոշակի պատասխանատվություն է առաջացնում նրա համար:

Չիլիացի ագրեսիվ ոճի ֆուտբոլիստ Սանչեսի փոխարեն «Արսենալը» վերցրել է լրիվ ուրիշ տիպի՝ հանդարտ, խաղի նուրբ զգացողությամբ և ֆուտբոլային ինտելեկտուալ Մխիթարյանին (մասնագետների կարծիքով Մխիթարյանն իր խաղային ոճով ավելի է համապատասխանում Վենգերի դավանած ֆուտբոլային մարտավարությանն ու ոճին, քան Սանչեսը):

Ի դեպ, ՄՅՈւ-ի հետ այդ փոխանակումը բոլորը չէ, որ ողջունել են Լոնդոնում: Ոմանք կարծում են, որ տեղի է ունեցել անհամարժեք փոխատեղում: Վենգերն ու Մխիթարյանը, բնականաբար, այդպես չեն կարծում: Երկուսն էլ հիմա պետք է ապացուցեն, որ ոմանք սխալվում են:

Հենրիխի համար հիմա գլխավոր խնդիրը հոգեբանական ճնշումը հաղթահարելն է: Նա դարձել է «Արսենալի» ու նաև Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից (որպես լիրիկական զեղում նկատենք, որ Հենրիխը, ի տարբերություն Հայաստանի իշխող վերնախավի ու, այսպես կոչված, օլիգարխիկ շրջանակների, մեր երկրի միակ լեգիտիմ միլիոնատերն է, քանզի լեգալ ու թափանցիկ են նրա վաստակած գումարների ծագման աղբյուրները): Ու հիմա բոլորը արդյունք են սպասելու: Սպասելու են, որ Մխիթարյանը ցույց կտա Դորտմունդի «Բորուսիայում» ցույց տված խաղը (հատկապես Տուխելի գլխավորած «Բորուսիայում» ցույց տված խաղը):

Հենրիխն ապացուցելու բան ունի և դա պետք է անի շատ հանգիստ՝ առանց լարվածության: Նա պետք է ապացուցի, որ իր խաղային որակների անկումը ՄՅՈւ-ում պայմանավորված էր Մոուրինյուի սիրած «ավտոբուս» մարտավարությամբ: Պետք է ապացուցի, որ իզուր չեն իրեն այդքան շատ վճարում: Պետք է ապացուցի, որ արժանի է ֆրանսիացի Անրիի տիպի ֆուտբոլիստների հետ նույն շարքում հայտնվելուն և նույն մարզաշապիկը կրելուն:

Իսկ ապացուցելու համար շատ բան պետք չէ: Հենոն ընդամենը պետք է հոգեբանական ռեստարտ լինի, մոռանա Մոուրինյուի մասին ու ցույց տա այն, ինչին ունակ է: Ինքը կարող է դառնալ «Արսենալի» ու Վենգերի փրկիչը: Ինչպես ասում են՝ Հենո՛, դուխո՛վ:

Խորեն Շատվորյան

Հ.Գ.։ Եթե «Արսենալին» հաջողվի թիմ բերել «Բորուսիայի» հարձակվող Օբամեյանգին, ապա դա հիանալի տարբերակ կլինի: Հենոն Օբամեյանգին գնդակներ մատակարարելու և նրա հետ արդյունավետ համագործակցելու հիանալի փորձ ունի:

Գաբոնցին արագ է ու տեխնիկապես պատրաստված, ինչն այսօր պակասում է «Արսենալի» հարձակման գծում. Ժիրուն արդեն այն չէ, իսկ Լակազետը դեռ չի հարմարվել Վենգերի ոճին:

Հենո-Օբամեյանգ-Օզիլ եռյակը «Արսենալում» կարող է դառնալ Հենո-Օբամեյանգ-Ռոյս եռյակի պես, երբ վերջինս հաջող խաղ էր ցույց տալիս «Բորուսիայում» և մի պահ (մինչև Ռոյսի վնասվածք ստանալը) դարձել էր եվրոպական թոփ առաջնությունների ամենաարդյունավետ (գոլ+փոխանցում բանաձևով) եռյակներից (ավելի արդյունավետ էր միայն Մեսսի-Նեյմար-Սուարես բարսելոնյան եռյակը):

Հ.Գ.-2: Հենոն Անգլիայում ու աշխարհում մեր դեսպանն է ու շատ ավելի մեծ ճանաչում է բերել Հայաստանին, քան մեր բոլոր դեսպանները միասին վերցրած: Չքաղաքականացնե՛լ: )))

Այս խորագրի վերջին նյութերը