Մեկնաբանություն

22.01.2018 00:20


Սարգսյանների տարօրինակ զրույցը

Սարգսյանների տարօրինակ զրույցը

Սերժ Սարգսյանն իր ու ՀՀԿ-ի անունից առաջարկեց ՀՀ նախագահ դառնալ Արմեն Սարգսյանին՝ խորհուրդ տալով խորհրդարանում 1-ին փուլով անցնելու համար «լեզու գտնել» «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցությունների հետ:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց առաջարկի համար՝ ավելացնելով, որ ուզում է ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլ նաև հանրության լայն շրջանակների հետ հանդիպել և միայն դրանից հետո վերջնական որոշում կայացնել:

ՀՀԿ ղեկավարն ի պատասխան ասաց, որ կզարմանար, եթե միանգամից իր առաջարկն ընդունվեր և նորմալ համարեց, որ որոշ ժամանակ անց Արմեն Սարգսյանը որոշում կայացնի, բայց նաև հորդորեց շտապել, քանզի սահմանադրական ժամկետներ կան:

Համաձայնեք, որ սա տարօրինակ զրույց է, քանզի այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես՝ Արմեն Սարգսյանը Բ26-ում ու տեսախցիկի ներկայությամբ միայն իմացավ, որ Սերժ Սարգսյանն իրեն նախագահ է առաջարկում դառնալ, իսկ Սերժ Սարգսյանն էլ առանց Արմեն Սարգսյանի հետ նախնական պայմանավորվածության է ՀՀԿ-ում առաջարկել դակել իր որոշումը: Բայց չէ՞ որ այդպես չի լինում:

Այս առումով կարող ենք մի քանի վարկած առաջ քաշել։

Վարկած 1-ին

Արմեն Սարգսյանին կանչել են Բ26 ու տեղում առաջարկել նախագահ դառնալ: Նա էլ անկեղծորեն ժամանակ է խնդրել այդ առաջարկն ընդունելու համար:

Թե քանի հոգի կհավատա այս վարկածին, թող հետաքրքրի քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդկանց հետազոտությամբ զբաղվողներին:

Վարկած 2-րդ

Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի առաջարկը վաղուց է ընդունել, բայց ուզում է քարոզչության միջոցով ներկայանալ ոչ միայն ու միգուցե նաև ոչ այնքան Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի, այլև հանրության լայն շրջանակների թեկնածու:

Այստեղ կարող են լինել ենթավարկածներ՝

ա. Արմեն Սարգսյանն ուզում է յուրօրինակ քարոզարշավ անել ու կամերային միջոցառումների միջոցով շոուի տարր մտցնել իր նշանակման մեջ, այսինքն՝ ժամանակ խնդրելու պահով գործ ունենք ձևականության ու զուտ քարոզչական հնարքի հետ,

բ. Արմեն Սարգսյանը ձևական չի անելու հանդիպումները և իրոք ուզում է հասկանալ, թե ինչ կա չկա (չմոռանանք, որ նա վերջին 20 տարում գրեթե չի բնակվել Հայաստանում և, ամենայն հավանականությամբ, ցանկանում է անձնական շփումներով հասկանալ իրողությունները) ու չի բացառվում, որ որոշի չընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը, երբ ծանրութեթև անի, թե ինչ է իրենից ներկայացնում չքաղաքականացվելու պահանջը արտագաղթից արյունաքամ լինող Հայաստանում: Դա, իհարկե, գիտաֆանտաստիկայի ոլորտից է, բայց ամեն դեպքում կարող է դիտարկվել որպես ենթավարկած: Փոշմանելու ենթավարկածի հավանականությունը 5 տոկոս է, բայց կա:

Վարկած 3-րդ

Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել որոշման համար ու հանդիպումների շարք սկսել, քանզի մինչև վերջ չի ավարտել իր ներքին սակարկությունները Սերժ Սարգսյանի հետ (ոլորտներ, դե ֆակտո լիազորություններ և այլն): Ժամանակի հարց բարձրացնելով ու ձգտելով «ավելի լայն շրջանակների թեկնածու» դառնալ՝ Ա. Սարգսյանը, կոպիտ ասած, գին է բարձրացնում:

Հարց կարող է առաջանալ, թե բա եթե Սարգսյանների միջև ամեն ինչ մինչև վերջ հստակեցված չէ, ապա ինչո՞ւ տեղի ունեցավ հրապարակային հանդիպումն ու առաջարկի հանրայնացումը:

Բանն այն է, որ ժամկետները սեղմում են և ՀՀ նախագահի թեկնածուի անուն պետք է տրվեր: Չի բացառվում, որ ներքին բանակցությունների շարունակմանը զուգընթաց Սերժ Սարգսյանն առաջարկել է հրապարակայնացնել թեկնածության հարցը, Արմեն Սարգսյանն էլ համաձայնել է՝ պայմանով, որ ինքը միանգամից չի տալու համաձայնությունը և ամեն ինչ կթողնվի ներքին բանակցությունների ավարտից հետո: Կողմերը եկել են միջանկյալ համաձայնության ու ամեն մեկն անցել իր գործին. Արմեն Սարգսյանը սկսելու է հանդիպումների շարքը (ձևակա՞ն, թե՞ իրական օրակարգով՝ պարզ կդառնա շատ շուտով) և PR-ով է զբաղվելու, իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես նման դեպքերում է եղել, իրեն ենթակա մամուլի միջոցներով «փչացնելու» է Արմեն Սարգսյանին, որպեսզի կուլիսային բանակցություններում առավելության հասնի:

Արմեն Սարգսյանը զարմանքով հայտնաբերելու է, որ իրեն աջից ու ձախից հարվածում են (հրահանգն արդեն տված է): Դրանից հետո Սարգսյանների բանակցությունները մտնելու են հոգեբանական էքսցեսների փուլ: Իսկ թե ինչ արդյունքով՝ մեծ հաշվով կանխատեսելի է (քաղաքականությունը զբաղվում է նրանցով, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ):

Իսկ ի՞նչ է շահելու այս ամենից հայ ժողովուրդը: Հարցը հռետորական է:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը