Կարծիք

21.01.2018 11:46


«Գրպանում» հայտնված մարդը չի կարող կտրուկ շարժումներ անել

«Գրպանում» հայտնված մարդը չի կարող կտրուկ շարժումներ անել

Ինձ համար այնքան էլ էական չէ, թե ով է լինելու 4-րդ նախագահը, մանավանդ, որ «բարեփոխված,, Սահմանադրությամբ վերջինիս լիազորությունները զգալիորեն կրճատված են:
Շատ կարևոր է, թե ով է առաջադրում նախագահի թեկնածու:
Իսկ թե ով է առաջադրողը՝ հայտնի է:
Այս պարագայում ուզենք, թե ոչ՝ առաջադրողի ու թեկնածուի արժեհամակարգը նույնանում է:
Սա դեռ մի կողմ:
Թեկնածուն բոլոր առումներով կախյալ վիճակում է լինելու իրեն առաջադրողից և չի կարող երբեևէ ինքնուրույն քայլ կատարել:
Ի դեպ, առաջադրողի և իր թեկնածուի միջև ակնհայտ նմանություն կա. երկուսն էլ մեկուսացված են ժողովրդից:
Այդ թեկնածուին մենք ընդամենը 4 ամիս ենք տեսել Երևանում (1996-ի նոյեմբեր-1997-ի փետրվար):
Դրանից առաջ և հետո, կարելի է ասել, ընդհանրապես չենք տեսել. ոչ մի շփում, առնչություն չի ունեցել ՀՀ քաղաքացիների հետ: Անցած տարիներին արքայազն Չարլզի հետ եկավ Երևան ու Մատենադարանի ետնամուտքով փախավ, ինչպես 1997-ին Վազգենի մի «քոթակից» հետո պաշտոնը թողեց ու փախավ:
Նրան առաջադրողի մասին չարժե ասել, թե որքան «հաճախ ու ջերմորեն է շփվում ժողովրդի հետ»: Այսինքն՝ այդ շփումները եղել են միայն «տելեվիզորի» միջոցով, հա մեկ էլ ինքնաթիռում ասուլիս տալու ձևով:
Այնպես որ՝ պատահական չէ, թե ում թեկնածության վրա է կանգ առել Սերժ Սարգսյանը:
Իր նմանի, որը, սակայն, փափուկ տեղավորվելու է իր «գրպանում» (անկախ քաշից ու բոյից):
Իսկ «գրպանում» հայտնված մարդը չի կարող կտրուկ շարժումներ անել: Նման փորձի դեպքում առաջադրողն անմիջապես իր մեծամասնությանը կհրահանգի ԱԺ-ում նախագահի հրաժարականի գործընթաց սկսել:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը