Մեկնաբանություն

20.01.2018 01:20


«Ելք»-ի «իջեցումը»

«Ելք»-ի «իջեցումը»

Բ26-ի «թեթև ձեռքով» խորհրդարանում խմբակցություն ունենալու հնարավորություն ստացած «Ելք» դաշինքը թանկացումների հետ կապված երթ էր նախաձեռնել: Երթն այդ բազմամարդ չէր՝ մի քանի հարյուր հոգի՝ լրագրողներն ու ոստիկաններն էլ հետը՝ առավելագույնը 1.000:

«Ելք»-ում շատ լավ գիտեին, որ սակավաթիվ է լինելու այդ միջոցառումը և այդ իսկ պատճառով նախապես ապահովագրել էին իրենց:

Երթի մեկնարկը կազմակերպվել էր «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, ինչը ցույց է տալիս, որ կազմակերպիչները գիտեին, որ Ազատության հրապարակը գոնե 10 տոկոսով չէին կարողանալու ապահովել հավաքի մասնակիցներով. կինոթատրոնի մոտ քչությունն այդքան չի նկատվում:

Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը նախապես էր մեղքը գցել ժողովրդի վրա, թե բա եթե չգան, ուրեմն դժգոհ չեն թանկացումներից: Սա, իհարկե, դեմագոգիա է: Մոտավորապես այնպիսի դեմագոգիա, ինչպիսին, որ ՀՀԿ-ականներն են օգտագործել 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ հայտարարելով, որ եթե ժողովուրդն ընտրություններից հետո փողոց դուրս չի եկել, ուրեմն ընտրությունները լեգիտիմ են: Պատճառահետևանքային կապի խեղաթյուրված մեկնաբանությունն էլ հենց դեմագոգիան է:

«Ելք»-ը նույնիսկ ԱԺ ընտրությունների քարոզարշավի փուլում չէր կարողանում փողոցում համախոհների քանակ ապահովել այն դեպքում, երբ հանրային ակտիվությունն այդ շրջանում օբյեկտիվորեն բարձր էր: Ընդ որում՝ այդ փուլում դեռ ոմանք չէին պատկերացնում, թե իրականում ինչ դերակատարում ունի այդ դաշինքը և ում կողմից է ուղղորդվում:

Մարդիկ ընտրություններից հետո տեսան, որ «Ելք»-ը ՀՀԿ-ականներից էլ ավելի կրքոտ է պաշտպանում 10.000-դրամանոց ընտրությունների արդյունքները: Ընտրություն, որի լեգիտիմությունը ճանաչելու համար էլ այդ դաշինքին իշխանությունները բարձրացրեցին մինչև տիտղոսային ընդդիմության մակարդակ:

ՀՀ քաղաքացիները հիմա շատ լավ հասկանում են, որ «Ելք»-ը թանկացումների համար չի դուրս եկել փողոց ու բղավում «Իջեցում», այլ ընդամենն ուզում է իր գինը բարձրացնել ներիշխանական հարաբերություններում: Որքան շատ մարդ հավաքվի, այնքան «Իջեցում» կարգախոսն ընտրած «Ելք»-ի գինը կբարձրանա իշխանության հետ առևտրում: Մարդիկ սա շատ լավ հասկանում են և չգալով երթի, ըստ էության, կարգավիճակի «իջեցում» («ապուսկատ») ապահովեցին հենց «Ելք»-ի համար ու թույլ չտվեցին իրենց հաշվին կուլիսային առևտուր կազմակերպել:

Պատճառը թողած հետևանքի մասին գոռգոռալով մարդկանց չես խաբի: Ամեն ինչ տեսանելի է: Ու եթե հիմա «Ելք»-ի առաջ քաշած տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կարող ենք արձանագրել հետևյալը՝ եթե ընդամենը մի քանի հարյուր մարդ է ընդառաջ գնացել «Ելք»-ի՝ երթ անելու կոչին, ուրեմն «Ելք»-ն ընդամենն այդքան վստահություն ունի: Եվ այս իրավիճակում չի փրկի անգամ Արամ Սարգսյանի այն ձևակերպումը, թե բա ժողովուրդը իր մաշկի վրա դեռ անմիջապես չի զգացել թանկացումները և դա է պատճառը, որ փողոց դուրս չի եկել:

Իրականությունն այն է, որ գների բարձրացումն ուղղակիորեն շատ լավ էլ զգացել են, բայց նաև զգացել ու հասկացել են, որ իմաստ չունի իշխանության «ընդդիմադիր» ճյուղի թամաշային մասնակցել:

Ի դեպ, «Ելք»-ի երթի համապատկերին տեղի է ունեցել բենզինի ու դիզվառելիքի գների նոր բարձրացում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը