Քաղաքական

19.01.2018 21:58


Ադրբեջանը հերթական փորձն է անում խախտելու ազատ տեղաշարժվելու իրավունքը. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանը հերթական փորձն է անում խախտելու ազատ տեղաշարժվելու իրավունքը. ԱՀ ԱԳՆ

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։

«Արցախպրես»-ի այս հարցադրմանը ի պատասխան՝ ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում։

«Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ»,- ասել է Ա. Սարգսյանը:

ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա։

Այս խորագրի վերջին նյութերը