Լրահոս

04.02.2010 16:23


Վ. Դալլաքյան. «Մարդիկ հացի փող չունեն, դուք ուզում եք քերան անե՞ք»

Վ. Դալլաքյան. «Մարդիկ հացի փող չունեն, դուք ուզում եք քերան անե՞ք»

-Մարդիկ հացի փող չունեն, դուք ուզում եք քերան անե՞ք։ Ի՞նչ հարկերի մասին է խոսքը,- այսօր ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունենալով՝ ասել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի փաթեթով սահմանվում են մի շարք տեղական հարկատեսակներ (գույքահարկ, հողի հարկ, հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի հարկ, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ և այլն), որոնք իրենց ցանկությամբ և ընտրությամբ կիրառելու են Տեղական ինքնակառավարման մարմինները։

Վ. Դալլաքյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու այդ նախագծին, և հիշեցրել, որ Բագրատունյաց թագավորությունը կործանվել է հենց տեղական իշխանիկների կենտրոնացած լիազորությունների պատճառով։

ԱԺ պատգամավորը նաև անդրադարձել է այս օրինագծի վերաբերյալ կոալիցիոն մի շարք ներկայացուցիչների քննադատական ելույթներին։ Ընդգծելով, որ կառավարությունում կոալիցիոն այդ կուսակցությունների նախարարները կողմ են քվեարկել այս նախագծին՝ Վ. Դալլաքյանը, կոալիցիոն բոլոր քաղաքական ուժերին դիմելով, առաջարկել է կա՛մ իրենց այդ նախարարներին հետ կանչել, կա՛մ նրանց հետ քննարկումներ կատարել։

-Դահլիճում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր դեմ ելույթներ են ունենում պրեսայի համար, բայց հետո կտեսնեք, որ փիսիկի նման կողմ կքվեարկեն։ Ցավոք սրտի, սա ՀՀ պառլամենտում ընդունված պրակտիկա է,- հայտարարել է Վ. Դալլաքյանը՝ միաժամանակ նշելով նաև, որ ԱԺ-ն այսօր քննարկում է մեկ հարց՝ հավանություն տալի՞ս է տնտեսական ճգնաժամի պայմաններում լրացուցիչ 8 հարկատեսակներ ավելացնելու կառավարության քաղաքականությանը, թե ոչ.

-Տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ ԱԺ-ն չպետք է թույլ տա, որ ՀՀ կառավարությունն ԱԺ-ի միջոցով սահմանի լրացուցիչ 8 հարկատեսակներ,- նշել է պատգամավորը.

-Այս խնդիրը նաև Սահմանադրական լուծում ունի։ Օրինակ՝ եթե կառավարության համար այս օրինագիծը չափազանց կարևոր է, ապա կառավարությունը կարող է այս օրենքի ընդունման հետ կապված դնել իր վստահության հարցը, և եթե պառլամենտը հավանություն կտա կառավարության այս քայլին, ապա նշանակում է, որ վստահում է, եթե ոչ, ապա կառավարությունը հրաժարական կտա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը