Մեկնաբանություն

18.01.2018 00:05


Ինչու էին շարք կանգնել խորհրդարանականները

Ինչու էին շարք կանգնել խորհրդարանականները

Օրերս ԱԺ ղեկավար կազմը գնացել էր Բ26՝ Սերժ Սարգսյանի մոտ («Ելք»-ը, հաճախորդական ժանրի կանոնների համաձայն, ճղճղացել էր ու «հերոսաբար» հրաժարվել հանդիպումից):

Խորհրդարանականները շարք էին կանգնել և ոտքի վրա դիմավորել ՀՀԿ ղեկավարին:

Ըստ տարածած մամլո հաղորդագրության՝ խոսք է գնացել նոր Սահմանադրությամբ պայմանավորված որոշ գործընթացների, մասնավորապես՝ ՀՀ նախագահի ընտրության մասին: Սարգսյանն ասել է, որ ուզում է լայն համաձայնություն լինի այդ հարցում: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ձայներից բացի ՀՀԿ ղեկավարն ակնկալում է նաև «Ծառուկյանի» ձայները: Այլապես ստիպված կլինեն խորհրդարանում նախագահի ընտրության 2-րդ փուլ անցկացնել (այդ փուլում ավելի քիչ «կոճակներ» են պահանջվում՝ ընդհանուրի 3/5-ը):

Սահմանադրության 125-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ նախագահին 1-ին փուլով նշանակելու համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների առնվազն 3/4-ը: Իսկ դա նշանակում է, որ առանց «Ծառուկյան» դաշինքի իշխող կոալիցիան չի կարող «համազգային թեկնածու» անցկացնել մեկ փուլով: Ահա հենց այդ նպատակով էլ ԱԺ պատգամավորները կանչվել էին նախագահական, որպեսզի նախապատրաստվեր այդ երեք քառորդ ձայների ապահովումը:

Դատելով ամենից՝ Գագիկ Ծառուկյանը համաձայնել է Ս. Սարգսյանի ապաքաղաքական նախագահի թեկնածուի օգտին քվեարկել, ինչը նշանակում է, որ «Ծառուկյան» դաշինքը, անկախ այն հանգամանքից` կմտցնեն իրեն իշխող կոալիցիա, թե ոչ, ամենայն հավանականությամբ կողմ է քվեարկելու նաև ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին:

«Ելք»-ը մի քիչ ձևեր կթափի այս պայմաններում, բայց հետո կմեղադրի հանրությանն ու իշխող կոալիցիայի հետ կտոնի հանրության դեմ տարած հաղթանակը՝ վայելելով իրեն նետված իշխանական կերակրատաշտակի մնացուկները:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը