Մեկնաբանություն

17.01.2018 22:20


Օրենք ՀՀԿ-ի դեմ. Օրուելը նյարդայնացած շուռումուռ է գալիս գերեզմանում

Օրենք ՀՀԿ-ի դեմ. Օրուելը նյարդայնացած շուռումուռ է գալիս գերեզմանում

Ըստ երևույթին՝ ինչ-որ մեկը «անփոխարինելի առաջնորդին» է նվիրել հայտնի անտիուտոպիստ գրող Ջորջ Օրուելի «1984» վեպը և հորդորել կարդալ: Կամ էլ՝ ինչ-որ մեկը շատ հյութեղ ձևով նրան է ներկայացրել բոլորին հետևող «Մեծ եղբոր» կերպարը նույն «1984»-ում: Ըստ ամենայնի՝ «անփոխարինելի առաջնորդը» կարդացել է գիրքը կամ լսել դրա մասին ու գործնական հետևություններ արել:

Բանն այն է, որ խորհրդարանին առաջարկվում է փոխել ու լրացնել ոստիկանության մասին օրենքը՝ վերջինիս հնարավորություն տալով հանրային ու մասնավոր վայրերում նկարահանող սարքեր տեղադրել: Այդ օրինագիծը ներկայացնողը, բնականաբար, նշում էր, որ ամեն ինչ արվում է հանուն քաղաքացու անվտանգության և իրավունքների պահպանման, բայց բոլորը հասկացել են, որ օրենքը «Մեծ եղբորը» պետք է լրիվ այլ նպատակով:

Բանն այն է, որ նոր Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո երկրում տիրելու է շատ ավելի կեղտոտ մթնոլորտ, քան կա հիմա: Գաղջը խորանալու է: Խորանալու է «վերևի» քաղաքականության արդյունքում: Մեր երկիրն անխուսափելիորեն դառնալու է ոստիկանական ու ԿԳԲ-ական երկիր՝ վերը նշված գրողի մեկ այլ գործի՝ «Անասնաֆերմայի» կանոններով կառավարվող:

Այսպես կոչված խորհրդարանական կառավարման ներկայիս մոդելի պայմաններում վարչապետն իր աթոռը ցմահ պահելու համար պետք է իշխանական համակարգում իրենից բացի որևէ մեկին թույլ չտա զբաղվել քաղաքականությամբ, ասել է թե՝ պետք է իր շուրջը հավաքի մեխի գլուխների: Բացի այդ՝ վարչապետն իր աթոռի ցմահության համար պետք է հետևի բոլորին և կռվացնի բոլորին: Նա մարդկանց ուզում է վերադարձնել փիլիսոփա Հոբսի նկարագրած բնական վիճակին՝ երբ բոլորը պատերազմում են բոլորի դեմ: Միայն համատարած քաոսի ու փորթափոցիի պայմաններում ինքը կարող է մնալ ու դառնալ անփոխարինելի: Դե իսկ երկիրը կմնա 4-միլիոնանոց հայության բլեֆի, կամ էլ՝ արտագաղթող քաղաքացու անեծքի հույսին:

Ակնհայտ է, որ այդ օրինագծի ընձեռած հնարավորություններով նախևառաջ հետևելու են ՀՀԿ-ականներին: «Անփոխարինելի առաջնորդը» կասկածում է բոլորին ու տեսախցիկներ տեղադրելով ամենուրեք՝ ուզում է հոգեբանական ճնշման ենթարկել «յուրայիններին», որպեսզի նրանք հանկարծ խաղեր չտան ու իր դեմ դուրս չգան («խոխման» այն է, որ ՀՀԿ-ն դակելու է այդ օրինագիծը, որն ակնհայտորեն իր ստորացմանն ու փչացմանն է միտված):

Հայաստանում փորձ է արվում արևելյան ոճի ավտորիտար ռեժիմ ձևավորել առանց, այսպես ասած, ավտարիտետի: Այդ ռեժիմի ձևավորողը շատ լավ գիտի, որ ունի զրոյական հանրային լեգիտիմություն: Գիտի ու դրա համար էլ հանրությանը դուրս է թողել քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից:

«Անփոխարինելի առաջնորդին» հաջողվել է դուրս թողնել հանրությանը ու Արա Բաբլոյանի պես քաղաքական անմեղսունակներով (ապագա նախագահին էլ է այդ դերը վերապահված) շրջապատել իրեն, բայց էլի վախը մնացել է սրտում: Նա դավադրություն ու ահաբեկչություն է սպասում: Հենց այդ վախն է պատճառը, որ «անփոխարինելի առաջնորդն» ուզում է երկրի ամեն մի անկյունը տեսանկարահանել:

Շուտով երևի մարդկանց տներում էլ արագաչափ ու տեսանկարահանող սարք կտեղադրեն, որպեսզի «Մեծ եղբայրը» հետևի բոլորին ու նաև նոր հարկեր սահմանի: Օրինակ՝ եթե մեկը խոհանոցում շատ է մնում, ապա տեսախցիկը կարող է ֆիքսել դա ու փոխանցել համապատասխան մարմնին (ասենք՝ մարդաորսության նախարարությանը): Այդ մարմինն էլ իր հերթին կարող է լրացուցիչ հարկ սահմանել խոհանոցում սահմանվածից շատ ժամանակ մնացող ընտանիքի վրա՝ «Եթե խոհանոցում երկար ես մնացել, ուրեմն շատ բան ունես ուտելու և, ուրեմն, լրացուցիչ հարկ տուր» թեմայով: Չե՞ք հավատում, որ այդպես կարող է լինել: Իզո՛ւր:

Օրուելն արդեն նյարդային շարժումներ է անում գերեզմանում, քանզի տեսնում է, թե ինչպես են սինթեզվում «1984»-ը և «Անասնաֆերման», իսկ դուք չեք հավատում:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը