Լրահոս

04.02.2010 15:22


Թիվ 10 ընտրատարածքի պատգամավորն առաջին անգամ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից

Թիվ 10 ընտրատարածքի պատգամավորն առաջին անգամ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից

Այսօր առաջին անգամ խորհրդարանի ամբիոնից ելույթ է ունեցել թիվ 10 ընտրատարածքի նորընտիր պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը։ Խոսելով արդեն 2-րդ օրը մի շարք պատգամավորների կողմից քննադատության արժանացած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ՝ Ա. Սիմոնյանը հարց է հնչեցրել՝ արդյոք ժողովուրդն այսօր՝ այս գարնանային նստաշրջանի առաջին նիստում, սպասում էր հենց ա՞յս օրինագծին, արդյոք այս օրենսդրական փոփոխությունները նպաստելո՞ւ են մանր, միջին բիզնեսի և արտահանման ցուցանիշների բարելավմանը։

-Կառավարությունը, գիտենք, որ ունի հակաճգնաժամային ծրագիր, որը, ցավոք, շատ վատ է կատարվում. անցած տարվա կտրվածքով 1,5 մլրդ վարկերի պայմաններում ունենք 15% ՀՆԱ-ի անկում։ Եթե այս տարվա համար մարտավարական առումով կարճաժամկետ ծրագիր լիներ, որը  կնախատեսեր որոշակի բարելավումներ, և այդ փաթեթի մեջ կմտներ նաև հարկատեսակների ավելացում, դա ինչ-որ տեղ ընդունելի կլիներ,- ասել է Ա. Սիմոնյանը՝ եզրափակելով.

-Այսօր մեր երկիրը գտնվում է արտաքին քաղաքական աննախադեպ, լուրջ մարտահրավերների առջև։ Հանրապետության նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը, որը մենք աներկբայորեն սատարում ենք, այսօր առաջացրել է աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ, որ ամենակարևորը թիկունքն ամուր պահելն է։ Արդյոք այս օրինագիծը, այս փաթեթը, որ ներկայացված է, ամո՞ւր է պահում թիկունքը, թե՞ ավելորդ անգամ ժողովրդի մեջ առաջացնում է երկմտություններ, տարակարծություններ, վախի մթնոլորտ, որ հարկերն ավելանում են, և թե ինչ է լինելու վաղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը