Քաղաքական

15.01.2018 13:12


Վահրամ Բաղդասարյան․ Կգերադասեի, որ ընդհանրապես կուսակցական չլիներ նախագահը

Վահրամ Բաղդասարյան․ Կգերադասեի, որ ընդհանրապես կուսակցական չլիներ նախագահը

Կարելի է բավական շատ թեկնածուների նշել, որոնք և՛ ունեն հանրային հեղինակություն, և՛ կարող են սփյուռքում ունենալ ազդեցություն, և՛ կլինեն ապակուսակցականացված անձինք: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուին: Նրա խոսքով՝ այս չափորոշիչներին համապատասխանող անձինք մեր երկրում կան, սակայն ինքն անունները չի նշի:

«Հիմա որևէ բան իմանալ չեք կարող, քանի որ մենք այդ քննարկումները դեռևս չենք ծավալել: Երբ այս շաբաթ կլինեն քննարկումները, կլինեն անուններ ու դրա մասին մենք տեղյակ կպահենք»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ արդեն ժամանակ չկա, քանի որ փետրվարի 28-ից մինչև մարտի 10-ը նախագահի ընտրության ժամանակահատվածն է: Ըստ նրա՝ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին:

Tert.am-ի հարցին՝ հանրապետության նախագահի պորտֆելն ընդդիմադիր կեցվածքով անձի տրամադրումը քննարկվո՞ւմ է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ հարցերը կքննարկենք։ Այն չափորոշիչները, որ դրված են, ինչպես նաև Սահմանադրությունն է պահանջում, դրան համապատասխան կանենք քննարկումներ: Ի վերջո, մենք` որպես մեծամասնություն, իրավունք ունենք մեր առաջարկությունն անելու: Երբ կանենք ու կասեք՝ ինչու, այդ ժամանակ մենք մեր պատասխանը կտանք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը` խոսելով այն մասին, որ ՀՀ նախագահը պետք է լինի նաև սփյուռքում ընդունելի անձ, ասաց, թե խորհրդարանական համակարգում ՀՀ նախագահի հիմնական գործակցությունը պետք է լինի արտաքին աշխարհի հետ, և չափորոշիչներից մեկը սփյուռքում ընդունված լինելն է: Ինչ վերաբերում է անձամբ իր դիրքորոշմանը, Բաղդասարյանն ասաց. «Ես կգերադասեի, որ ընդհանրապես կուսակցական անձ չլիներ նախագահը, բայց մեր կուսակիցներն էլ կարող են հրաժարվել անդամակցությունից և առաջադրվել»:

Tert.am-ի դիտարկմանը, որ սփյուռքում ճանաչելի լինելու սկզբունքով ՀՀ դեսպաններ են նշանակվել սպորտսմեններ, երգիչներ, հնարավո՞ր է՝ ապագա նախագահն էլ այս ոլորտներից լինի, պատգամավորը պատասխանեց. «Ես հարգանք ունեմ արվեստի նկատմամբ, եթե քաղաքականությունն ու արվեստը կհամատեղվեն այդ անձի մեջ, կարող է նաև դա քննարկվել»:

Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ այս պահին 2018 թ.-ի վարչապետի թեկնածուի շուրջ էլ դեռևս հստակություն չկա:

Այս խորագրի վերջին նյութերը