Հարցազրույց

04.02.2010 14:32


Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյան

 Հարցազրույց «Հայլուր» լրատվական ծրագրի նախկին ղեկավար Հարություն Հարությունյանի հետ

-Ինչո՞վ էր պայմանավորված աշխատանքից Ձեր հրաժարականի դիմումը։ Արդյոք խդիրը գերհոգնածությո՞ւնն է, ինչպես որ նշել էիք։

-Ես իսկապես հանգստանալու խնդիր ունեմ։ 5 տարի շարունակ գերծանրաբեռնված ռիթմով աշխատելը չի կարող անհետևանք անցնել։ Եթե այսպես շարունակվեր, ապա դա ուղղակի կարող էր անդրադառնալ առողջությանս վրա։ Այնպես որ, որոշումս պայմանավորված էր հենց այս հանգամանքով։

-Այնուհանդերձ, Ձեր որոշումը շատերի, այդ թվում և լրագրողական դաշտի համար անակնկալ էր։ Արդեն խոսակցություններ կան, թե  Ձեր հրաժարականը պայմանավորված է իշխանությունների հետ եղած աշխատանքային որոշակի տարաձայնություններով, և վերջիններիս պարտադրանքով էլ կայացրել եք աշխատանքից ազատվելու որոշումը։

-Նման բան չկա։ Միգուցե եղել են դժգոհություններ։ Բնական է, չէ՞ որ լրագրողական աշխատանք է, և կարող են լինել ինչ-որ անհամաձայնություններ։ Ես ֆունկցիոներ չեմ։ Կրկնում եմ՝ որոշ հարցերում կարող են անհամաձայնություններ լինել։ Սակայն դրանց սահմանն այնքան չափավոր է եղել, որ չեմ կարծում, թե կարող է նման խոսակցությունների առիթ տալ։

-Լուրեր են տարածվում նաև այն մասին, թե Ձեր հրաժարականով ամեն ինչ նոր միայն սկսվելու է, և «Հայլուր»-ում «կադրային ջարդ» է սպասվում։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Չեմ կարծում, թե իմ հրաժարականը կապված է ինչ-որ «կադրային ջարդի» հետ, որովհետև նման բան չկա։ Համենայնդեպս, մինչև այս պահը չկար։ Սակայն գիտե՞ք ինչ կա. ցանկացած նոր մարդ երբ գալիս է, երևի կուզենա իր մարդկանց հետ աշխատել։ Կարող է այնպես լինել, որ նա չցանկանա մեկ, երկու կամ չորս լրագրողի հետ աշխատել։ Սակայն չեմ կարծում, թե «կադրային ջարդ» կամ նման մի բան կարող է լինել։ «Հայլուր»-ի կոլեկտիվը շատ լավն է, և ես որևէ մեկի մասին վատ բան մտածելու իրավունք չունեմ։ Նրանք բոլորն իմ ընկերներն են։ Երեկ ես «Հայլուր»-ի աշխատակազմին շնորհակալություն հայտնեցի համագործակցության համար և ասացի, որ շատ երջանիկ եմ նրանց պես ընկերներ ունենալու համար։ Ու հիմա ավելի երջանիկ կլինեմ, քանի որ աշխատանքային պատերից դուրս մենք արդեն նոր ձևով իրար հետ ընկերություն կանենք։ Համենայնդեպս, այդ հինգ տարիները ինձ շատ բան տվեցին՝ թեկուզ միայն լավ ընկերներ ձեռք բերելու առումով։

-Ինչո՞վ եք զբաղվելու։

-Հենց այս պահին նստած լիամետրաժ ֆիլմի սցենարի վրա եմ աշխատում՝ շատ լուրջ։ Այն պետք է ներկայացնեմ Եվրոպական կինոարտադրողներին։ Այդ պահանջը կա։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը