Կարծիք

14.01.2018 09:37


Երևի կյանքի ամենահաճելի երկրորդ զգացումը գիտելիքի ձեռքբերումն է

Երևի կյանքի ամենահաճելի երկրորդ զգացումը գիտելիքի ձեռքբերումն է

Ընդհանրապես Արևմուտքում գիտությամբ զբաղվող մարդիկ մի շատ կարևոր բան են հասկացել՝ եթե իրենց հայտնագործությունը չեն կարող տվյալ ոլորտից հեռու մարդկանց մատչելի լեզվով բացատրել, ապա իրենք ձախողում են:

Դրա համար նրանք երկար ժամանակ է՝ փորձում են գիտությունը հանրամատչելի դարձնել, որի համար կար հիմնավոր պատճառ՝ նախ գիտությունը ֆինանսավորվում է քաղաքացիների հարկերից, հետո էլ այդ ֆինանսավորումը շարունակելու համար պետք է հանրային աջակցություն ստանալ: Ահագին մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի գիտության հաջողությունները, ինչպես նաև խնդիրները հանրամատչելի դառնան:

Այդ պատճառով նույնիսկ ի հայտ են եկել այսպես կոչված գիտության ժողովրդականացնողներ՝ Կառլ Սագան, Նիլ Դեգրաս Թայսոն, Բիլ Նայ և ուրիշներ: Էս մարդիկ հանրամատչելի լեզվով գիտության ձեռքբերումները սկսել են ներկայացնել հանրությանը, որպեսզի մարդիկ ավելի գնահատեն գիտությունը և ավելի շատ մարդ սկսի զբաղվել գիտությունով: Շատ հեղինակներ սկսել են հասկանալ, թե ինչքան կարևոր է իրենց հայտնագործությունները հանրամատչելի ու ժողովրդական դարձնելը:

Արդյունքում այսօր չլինելով մասնագետ՝ կարելի է շատ հեշտ կարդալ տարբեր ոլորտներում գիտության ձեռքբերումների մասին, որովհետև ոլորտի գիտնականներ կան, որոնք շատ պարզ ձևով կարողանում են մատուցել ոլորտի ձեռքբերումները: Այսօր շատ հեշտ կարելի է ծանոթանալ աստղաֆիզիկայի, գենետիկայի, բժշկության, տիեզերագնացության, կենսաբանության ոլորտի հաջողություններին ու խնդիրներին:

Հաճախ մարդիկ մտածում են, որ դժվար կլինի կարդալ այլ ոլորտների մասին, որովհետև չափազանց շատ գիտելիք է պետք, բայց իրականում էդպես չի, գիտությունն այնքան հանրամատչելի են դարձրել, որ ցանկացած հետաքրքրված մարդ կարողանա հեշտ մուտք գործի, ոլորտի մասին պատկերացում կազմի ու մտածի:

Երևի կյանքի ամենահաճելի երկրորդ զգացումը գիտելիքի ձեռքբերումն է: Մեր ծնված օրվանից մենք փորձում ենք բացահայտել աշխարհը մի շարք զգացումներով, գիտությունը այդ զգացումները մի նոր մակարդակի է բարձրացնում: Փորձեք այդ զգացումը հնարավորինս շատ ունենալ: Մի վախեցեք մտնել անծանոթ ոլորտ, նամանավանդ՝ աստղագիտություն․ երևի մենք ապրում ենք աստղագիտության ոսկե դարում, որի հայտնագործությունները փոխում են մեր բոլոր պատկերացումները կյանքի, աշխարհի ու տիեզերքի մասին:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը