Մեկնաբանություն

10.01.2018 15:00


Պետությունը և թեթև մրսածությունը

Պետությունը և թեթև մրսածությունը

Հետամանորյա ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի՝ գրեթե մշտական լռությամբ աչքի ընկնող խոսնակը երկու անգամ խոսեց: Երկու անգամ էլ հերքեց Բ26-ի մերձակայքում գտնվող մամուլի հրապարակումները:

Մի անգամ ասաց, որ Սարգսյանը ոչ թե հիվանդանոցում է, այլ տանն է՝ թեթև մրսածության պատճառով: Երկրորդ անգամ էլ, թե բա տոնական օրերին Սարգսյանը ոչ թե երկրից դուրս է եղել, այլ՝ Հայաստանում:

Հարցն այն չէ, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի թեթևակի մրսել կամ տոնական օրերին մեկնել արտերկիր: Ունի՛, իհարկե: Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանի չերևալը տարատեսակ մեկնաբանությունների, հույզերի, «պրիկոլների» ու եզրահանգումների տեղիք է տվել:

Ընդհանրապես ժողովրդավարությամբ չփայլող և պետական ինստիտուտների չկայացվածությամբ աչքի ընկնող երկրներում առաջին դեմքերի առողջական վիճակը դառնում է ազգային անվտանգության հարց, քանզի «Պետությունը ես եմ»-ը միշտ այդպիսի վիճակ է ստեղծում: Նմանատիպ երկրներում առաջին դեմքն իրավունք չունի հիվանդանալ, քանզի այն ցնցումներ կարող է առաջացնել ներիշխանական դաշտում ու որպես հետևանք՝ նաև ողջ երկրում (երբ քաղաքական դաշտը ամայանում է, ապա պարարտ հող է ստեղծվում պալատական հեղաշրջումների, ցնցումների և լարվածությունների համար): Լճացած կայունությունը պետական ռեսուրսներից օգտվողների համար դառնում է ինքնապահպանման միակ բանաձևը, իսկ անփոխարինելի առաջնորդը՝ այդ բանաձևի մարմնավորումը: Դա է պատճառը, որ ոչ ժողովրդավարական երկրներում առաջին դեմքերի հիվանդությունը պաշտոնապես թաքցվում է:

Հիշենք ոչ վաղ անցյալի մեր խորհրդային պատմությունը: Լենինը ծանր հիվանդ էր, բայց Ստալինը չէր թույլ տալիս՝ դրա «չափի» մասին իրական տեղեկատվություն տարածվի: Բրեժնևը երկար տարիներ վատառողջ էր: Դա ակնհայտ երևում էր, բայց սուսլովյան պրոպագանդան հակառակն էր պնդում: Անգամ Բաքու կատարած այցի ժամանակ, երբ Բրեժնևը չկարողացավ բեմ բարձրանալ ու հեռացավ հազարավոր մարդկանցով հրապարակը լցրած Հեյդար Ալիևի ուղեկցությամբ, պաշտոնական մամուլը լռեց գենսեկի առողջական վիճակի մասին ու այնպես մոնտաժեց այցը, կարծես ամեն ինչ «OK» է:

Բրեժնևից հետո իշխանության եկած Անդրոպովն ու Չեռնենկոն էլ հիվանդ էին: Երկուսն էլ երկար չձգեցին: Գորբաչովը միգուցե ֆիզիկապես առողջ էր, բայց մտածողությունն էր հիվանդ այնպես, ինչպես մահվան շտապող ԽՍՀՄ-ը:

Մի խոսքով, նորմալ երկիր պետք է ունենալ, որպեսզի առաջին դեմքը թեթև մրսածություն ունենալու դեպքում հանգիստ տանի այն, այդ մասին «էն գլխից» ասվի և չխոսկան խոսնակը ստիպված չլինի խաղի մեջ մտնել մամուլի հրապարակումներից հետո, պետական ապարատը չցնցվի ու բրոունյան շարժման մեջ հայտնվի, իսկ հանրությունն էլ չընկնի իռացիոնալ երազանքների գիրկը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը