Քաղաքական

09.01.2018 21:24


«Ռոբսոնը» եղել է Նալբանդյանի արտահաստիքային խորհրդականը, բայց «այս պահին նման կարգավիճակ չունի»․ ԱԳՆ (տեսանյութ)

«Ռոբսոնը» եղել է Նալբանդյանի արտահաստիքային խորհրդականը, բայց «այս պահին նման կարգավիճակ չունի»․ ԱԳՆ (տեսանյութ)

Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը հերքում է սոչիաբնակ հայ գործարար, ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուբեն Թաթուլյանի այն հայտարարությունը, թե վերջինս հանդիսանում է նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը։ Ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման, Բալայանը նշել է. «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի»։

Բալայանը, սակայն, անպատասխան է թողել այն հարցերը, թե երբ է Թաթուլյանը դարձել նախարարի խորհրդական և արդյոք հենց այդ պաշտոնի համար է ստացել Հայաստանի դիվանագիտական անձնագիրը։

Նշենք, որ Նալբանդյանի խորհրդական լինելու մասին անձամբ Թաթուլյանը ասել է Սոչի բլոգին տված հարցազրույցում, որը համացանցում հրապարակվել է 3 օր առաջ՝ հունվարի 6-ին։ «Ռոբսոն» մականունով հայտնի գործարարից բլոգեր Ալեքսանդր Վալովը փորձել է ճշտել՝ արդյոք նա հանդիսանո՞ւմ է դեսպան կամ որևէ այլ ներկայացուցիչ, քանի որ երթևեկում է դիվանագիտական պետհամարանիշներ ունեցող մեքենայով։

«Դուք երթևեկում եք դիվանգիտական պետհամարանիշներ ունեցող մեքենաներով։ Դուք հադիսանո՞ւմ եք դեսպան, հյուպատոս», - բլոգերի այս հարցին Թաթուլյանը պատասխանել է․ «Ես Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականն եմ»:

Սոչի բլոգին տված հարցազրույցում Թաթուլյանը նաև շեշտում է, որ ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր։ Արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանն» ավելի վաղ հայտնել էին, որ սոչիաբնակ գործարարին դիվանագիտական անձնագիրը տրվել է օրենքով սահմանված կարգով՝ առանց հստակեցնելու, թե երբ և ինչ արժանիքների համար։ Այսօր արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը «Ազատությանը» կրկին փոխանցեց՝ անձնագրի հետ կապված նախկինում տրված պաշտոնական պատասխանները մնում են ուժի մեջ։

Հարցազրույցում Ռուբեն Թաթուլյանն անդրադարձել է նաև իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, երբ նա Սոչիի օդանավակայանում Հայաստանի դեսպանությանը պատկանող մեքենաներով ենթադրաբար կոտրել էր արգելապատնեշը։ Թաթուլյանը նշել է՝ դատական կարգով ապացուցել է տեղեկության կեղծ լինելն ու հավելել՝ դիվանագիտական համարանիշներն իրեն առավելություն չեն տալիս։ «Ի՞նչ է նշանակում դիվանագիտական պետհամարանիշներ, դա տալիս է, ըստ ձեզ, որևէ առավելությո՞ւն: Ես ձեզ կասեմ՝ դա 10 անգամ ավելի պատասխանատվություն է ենթադրում, քան առավելություն։ Եթե դուք մտածում եք, որ դա ինչ-որ լավ բան է, ապա ես ձեզ կարող եմ պատասխանել՝ դրանում, ըստ էության, ոչ մի լավ բան չկա», - ասել է նա:

Սոչիաբնակ հայ գործարարը նշել է, որ մեքենաները, որոնցով ինքը երթևեկում է, պատկանում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը և դրանցով հատուկ հյուրերին դիմավորելն իր աշխատանքն է։ Հարցազրույցում Թաթուլյանն անդրադարձել է նաև այն փաստին, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը իր անունը տարեվերջին կապեց «օրենքով գողերի» հետ և նրան ու նրան պատկանող երկու ընկերությունները ներառեց պատժամիջոցների ցանկում։ Թաթուլյանն ասում է՝ այդ փաստն իրեն չի հետաքրքրում, քանի որ Նահանգներում ֆինանսական ակտիվներ չունի, այնտեղ ունեցած իր ակտիվները երկու թոռներն են, որոնք ծնվել են ԱՄՆ-ում։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը