Մեկնաբանություն

08.01.2018 15:25


Մենք արդեն ունե՞նք այդ շքեղությունը

Մենք արդեն ունե՞նք այդ շքեղությունը

Տարեվերջին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի քանի նախարարներ համատեղ հարցազրույց տվեցին:

Խմբակային «զաչոտ» հիշեցնող այդ հարցազրույցում Կարապետյանը բազմաթիվ մտքեր էր հայտնել: Լրագրողի այն հարցին, թե վարչապետն ինչ երազանք ունի երկրի մասշտաբով և ինչ է պետք անել, որպեսզի կյանքը լավանա, նա մասնավորապես նշել էր. «Եթե ուզում ես լավ ապրել, պետք է շատ աշխատես։ Մենք մեր հասարակության մեջ մարդիկ ունենք, որ ուզում են քիչ աշխատելով լավ ապրել և պատասխանատվությունն ամբողջությամբ գցում են ուրիշների վրա։ Ես երկիր չգիտեմ, որտեղ քիչ աշխատող մարդը լավ ապրի ... Մենք այդ «սիգնալները» հստակ ուղարկում ենք։ Հունվարի 3-ից աշխատանքի դուրս գալն էլ է այդ «սիգնալներից»։ Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչև հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք։ Այդպես չի լինում»:

Այդ հարցազրույցը չէինք հիշի, եթե այսօր լուր չտարածվեր այն մասին, որ Կարեն Կարապետյանը հունվարի 8-ից 12-ը մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:

Հարցն այն չէ, որ վարչապետն արձակուրդի իրավունք չունի: Ունի՛, իհարկե: Բայց հարցն այն է, որ Նոր տարուց առաջ հայտարարվում էր, որ մենք չունենք այն շքեղությունը, որ արձակուրդ ունենանք (սա յուրօրինակ քար էր՝ նետված տխրահռչակ Տիգրան Սարգսյանի «բոստանը». նրա վարչապետության շրջանն աչքի ընկավ մեռելոցային օրերով ու տևական արձակուրդներով), իսկ հիմա պարզվում է, որ մինչև ամսի 8-ը հանգստանալու շքեղություն չունենք, բայց ամսի 8-ից հետո այդ շքեղությունն ունենք (չի բացառվում, որ այդ կարճատև արձակուրդը վարչապետի մոտ դե ֆակտո ամսի 8-ից էլ շուտ սկսած լինի): Համենայնդեպս՝ վարչապետն ունի այդ շքեղությունը: Թե ինչ «սիգնալ» էր այդպիսով ուղարկվում հասարակությանը, կարելի է միայն կռահել:

Փաստորեն, միշտ չէ, որ լավ ապրելը շատ աշխատելով է պայմանավորված:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ չի երևում այս օրերին:

Նախագահականի կայքից տեղեկանում ենք, որ հունվարի 4-ին նա շնորհավորել է դերասան Արթուր Ութմազյանին և վերջ:

Նախորդ տարիներից մնացած «ամպհովանի» միջոցառմանն անգամ չի մասնակցել:

Այս խորագրի վերջին նյութերը