Մեկնաբանություն

06.01.2018 20:25


«Սրբազան ավազակաորջը» - 2

«Սրբազան ավազակաորջը» - 2

Հայաստանում լեգիտիմության միակ աղբյուրը մնացել է եկեղեցին: Համենայնդեպս այդպես են կարծում Աստծո անունը հաճախ տվող, բայց անաստվածային վարք ու բարքով աչքի ընկնող իշխանությունները: Եթե այդպես չմտածեին, ամեն տարի չէին բարձրանա եկեղեցու «պոդիում» և շոու չէին ցուցադրի:

«Մերոնք» Աստծո անունը հաճախ են տալիս, որպեսզի տարածեն, թե իբր իշխանությունն Աստծոց է, իսկ իրենք՝ Աստծո ներկայացուցիչները բազմաչարչար հայ ժողովրդի գլխին:

Այս իշխանություններն Աստծո պատիժ են, բայց ներկայանում են որպես Աստծո զավակներ. այդպես ավելի եկամտաբեր է և ցինիկ:

Հայաստանը տերտերապետություն է, իսկ իշխանությունը՝ «սրբազան ավազակաորջ»: Վերջինս նաև «տերտերական» հագուկապով է հանդես գալիս: Դա էլ օլիգարխիկ կայֆերի մի տարատեսակ է: Դեմագոգիա և փարիսեցիություն:

Սրանք «տերտերություն» են անում, որպեսզի ամեն ինչ տեսնող հայ ժողովրդին խաբեն, թե իբր դուք ծառայում եք, հարկվում եք ու տուգանվում ոչ թե «սրբազան ավազակաորջի» օգտին, այլ՝ Աստծո:

Առաջադեմ աշխարհը վաղուց տարանջատվել է եկեղեցուց, իսկ ահա մեր տնաբույծ եվրաասոցացվածները պետությունը կցում են եկեղեցուն, որպեսզի անաշխատ ու անաստված եկամուտ ստանան: Համ էլ՝ Աստծո անունից ավելի անարգել և «օրհնված» տարբերակով հարստահարեն «հոտին»:

Իշխանություններն ինչին կպնում են, վարկաբեկվում ու փչանում է: Հերթը հասել է կրոնին: Քրիստոնեությանը:

«Եթե սրանք են Աստծո ծառաները, ապա ավելի լավ է գործարքի գնալ Մամոնայի հետ»,- կարող են մտածել շատերը: Բայց սա դեռ կես դժբախտությունն է: Իշխանության և եկեղեցու ինտեգրումը դեռ կարելի է հետ պտտեցնել: Շատ ավելի վատ կլինի, եթե հանկարծ պետությունը սկսի սերտաճել եկեղեցու հետ: Առայժմ միայն սերտաճման ձևական կողմին ենք ականատես: Եվ լավ է, որ սրանց աստվածները փողն ու իշխանությունն են: Շատ ավելի վատ կլիներ, եթե դոգմատիկներ լինեին: Այսինքն հա՛մ թալանեին, հա՛մ անկեղծորեն կարծեին, որ դա Աստծո ողորմածությամբ է արվում ու հանուն Աստծո:

Ոչի՛նչ, այս մի այլանդակությունն էլ պատմության գիրկը կանցնի: Եթե, իհարկե, ուզում ենք ժամանակակից պետություն ու արժանապատիվ քաղաքացի ունենալ:

Մեկ բան հաստատ է՝ ուժեղ եկեղեցին (հատկապես տնտեսական ու լծակային առումներով) ու թույլ պետությունը (կամ պետության բացակայությունը) հոմանիշներ են:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը