Քաղաքական

03.02.2010 19:14


Թող մեկնաբանեն նրանք, ովքեր կասկածում են...

Թող մեկնաբանեն նրանք, ովքեր կասկածում են...

Բազմիցս է կարծիք հնչել, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ դառնալուց և հատկապես «ֆուտբոլային» դիվանագիտությունը նախաձեռնելուց հետո գոնե մի դրական բան արեց Հայաստանի համար՝ «մաքրեց» քաղաքական դաշտը։ Այդուհանդերձ, դեռ ակտուալ է մնացել և հատկապես վերջին օրերին բուռն քննարկման թեմա է դարձել, թե ով է իրական ընդդիմությունը, և ընդդիմադիր որ ուժն է կառուցողական կամ ապակառուցողական։

Հարցի պատասխանները փորձեցինք ստանալ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից։ Սակայն ոչ բոլորը համաձայնեցին կոնկրետ անուններ նշել։ Մասնավորապես  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հրաժարվեց ասել, թե որ կուսակցությունն է կառուցողական, որ կուսակցությունը՝ ոչ։ Նա միայն հավելեց, որ իր համար ընդունելին ոչ թե այն ընդդիմությունն է, որ հայտարարում է՝ ամեն ինչ վատ ու սխալ է, և պետք է քանդել, նորից կառուցել, այլ երբ պայքարի կառուցողական տարբերակին են միտված։

2008թ. նախագահական ընտրություններից հետո կոալիցիայի մաս կազմած «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս հրաժարվեց իրական ընդդիմադիր կուսակցությունների անունները տալուց՝ ասելով, որ հանրությո՛ւնն այդ գնահատականը պետք է տա։

-Թող մեկնաբանեն նրանք, ովքեր կասկածում են։ Ես որևէ մեկին չեմ կասկածում,- ասաց Հ. Բիշարյանը։

Փոխարենը կոալիցիոն մեկ այլ ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն անուններ տալուց չհրաժարվեց՝ միաժամանակ նշելով, որ ընդդիմություն է այն կուսակցությունը, որը կարողանում է կառուցողական առաջարկներ անել՝ այդպիսով օգնելով իշխանություններին վերացնել թերությունները, եթե այդպիսիք կան, ոչ թե այն կուսակցություններին, որոնք տարբեր միջազգային կառույցներում հանիրավի փնովում են իշխանություններին։

-Օրինակ այսօր շատ կառուցողական դիրքորոշումներ ունի Դաշնակցությունը, իսկ ապակառուցողական ու անազնիվ դրսևորումներով վերջերս ակտիվացել է հատկապես «Ժառանգություն» կուսակցությունը։ Մնացածները փորձում են դաշտում իրենց տեղը ցույց տալ որպես ընդդիմություն,- նշեց Ս. Ավետիսյանը։

Նման մեղադրանքները «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում է անհիմն՝ ենթադրելով, որ այդօրինակ պնդումներ անողները հետին մտքեր ունեն։

-«Ժառանգությունը» մինչև այժմ իր քայլերով ապացուցել է, որ այսօր ներկայացնում է հասարակության ընդդիմադիր հատվածի շահը,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով.

-Մեզ համար ակտուալ են մարտի 1-ի սպանությունների բացահայտումը և ներքին ժողովրդավարության հետ կապված հարցերը։ Մեզ համար նույն կերպ ուշադրության կենտրոնում են և կարևորագույն խնդիր ԼՂՀ-ի խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացը և հայ-թուրքական հարաբերությունները։ Այս բոլոր հարցերում «Ժառանգությունը» հստակ ընդդիմադիր կեցվածքում է։ Այն քաղաքականությունը, որ իրականացնում են իշխանությունները և՛ ՀՀ-ում,  և՛ արտաքին աշխարհում, մեզ համար  ընդունելի չէ։

Փոխարենը ՀՅ Դաշնակցությունը, Ա. Մարտիրոսյանի խոսքերով, երբ դուրս եկավ կոալիցիայից, շատ հստակ հայտարարեց, որ իրենց վերապահումը բացառապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն է վերաբերում, իսկ ներքին քաղաքականության հետ կապված իշխանությունների հետ որևէ տարաձայնություն չունեն։

Այն տեսակետի հետ, որ «Ժառանգությունն» ապակառուցողական գործունեություն է ծավալում, ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չհամաձայնեց։ Ավելին, ասաց, որ ճիշտ չէ նման կերպ մոտենալ որևէ ընդդիմադիր կուսակցության, որը ներկայացված է խորհրդարանում։

-Ես չեմ կարող բացարձակապես խաչ դնել «Ժառանգության» իմ կոլեգաների խորհրդարանական գործունեության վրա։ Այլ հարց, որ մեր հասարակության մեջ և միա՛յն մեր հասարակության մեջ ընդհանրապես գոյություն ունի նման որակավորում՝ կառուցողական ընդդիմություն։ Ընդդիմությունն այլ կերպ չի էլ կարող լինել,- իր կարծիքը հայտնեց Վ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով.

-Եթե ոմանք կարծում են, որ ընդդիմության հիմնական անելիքը դա է՝ գոռալը, հայհոյելը, բարիկադներ կառուցելը, ուրեմն սխալ են հասկացել ընդդիմության հիմնական առաքելությունը։

Ի դեպ, խորհրդարանական ընդդիմության երկու ներկայացուցիչներն էլ համամիտ են, որ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ դառնում է ընդդիմությունը և հակառակը։  

Դա ընդունեց անգամ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ չհերքելով (առանց անուններ տալու), որ իշխանությունում էլ կան մարդիկ, ովքեր կառուցողական և ոչ կառուցողական գործունեություն են ծավալում.

-Իշխանությունում կան մարդիկ, գործիչներ, ովքեր ունեն կառուցողական մտածելակերպ, և մարդիկ, ովքեր ունեն կարծրատիպեր և առանձնապես չեն փայլում իրենց կառուցողականության պատրաստակամությամբ։

Իսկ ահա ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը թեև համաձայնեց, որ իշխանությունում էլ կան մարդիկ, ովքեր իրենց կարող են վատ դրսևորել, բայց չհամաձայնեց, որ ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսի իշխանություն էլ ,  կամ հակառակը, մենք այսօր ունենք Հայաստանում։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը