Մեկնաբանություն

31.12.2017 20:10


Ամանորյա ուղերձի մոդել (չմոնտաժված)

Ամանորյա ուղերձի մոդել (չմոնտաժված)

Ոչ այնքան հարգելի ու ոչ էլ այնքան սիրելի հայրենակիցնե՛ր

Ահա և եկավ Շան տարին: Ուրախացե՛ք, քանզի այն ձե՛ր տարին է. չէ՞ որ դուք շան օրի եք:

Անցնող տարում մենք ձեր մի մասի քվեները շան մսի գնով առանք: Շան սիրտ ունեցողները վաճառվեցին, իսկ ովքեր դա չարեցին, հուսով ենք հասկացան, որ սխալվել են և ճիշտը շնից մազ պոկելն է: Թեև հանուն արդարության պետք է նշեմ, որ այդ մազը հետագայում չի լինի պոկել, որովհետև 2017-ին մեր վերջին հանդիպումն էր. սրանից հետո ընտրություններ, որպես այդպիսին, չեն լինելու, այլ լինելու է ինչպես գյոզալական սովետի ժամանակ՝ մեկ թեկնածու և ձևական միջոցառում: 10.000-ի հույս այլևս չունենաք:

2017-ին մեզ կցված լրագրողները շան պես հետևիցս ընկած հարցնում էին, թե բա գնալո՞ւ եմ, թե՞ մնալու (իբր չգիտեն): Պարզ չի՞, որ մնալու եմ:

Մեզ համար 2018-ի ապրիլը եկավ 2017-ի ապրիլին, երբ 10.000 դրամով որոշվեց մեր երկրի հետագա ճակատագիրը և իմ բախտը: Հետո ի՞նչ, որ խոստում եմ տվել: Այն պահին երբ հայտարարեցի, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտոնին, պետք էր հասկանալ, որ նոր Սահմանադրությունից հետո հավակնելու եմ բացառապես վարչապետի պաշտոնին: Խոսք է, ասվել է, ի՞նչ եք շան հացը կտրում ու անընդհատ խոսում ինձ վրա՝ հիշեցնելով խոստումս: Ես խոստումիցս հրաժարվելու գինը վճարել եմ (մարդա 10.000) և այլևս ազատ եմ իմ գործողություններում:

Ինչ վերաբերում է 2017-ի մյուս ձեռքբերումներին, ապա մենք, ինչպես և խոստացել էինք, ունեցանք անվտանգություն և առաջընթաց: Մեր անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրական կամ շինծու մեղադրանքներով կալանավորեցինք մեր ընդդիմախոսներին և «նա վսյակի» ապահովագրեցինք մեզ: Այդպիսով ապահովվեց նաև մեր նեղ «կռուգի» ֆինանսական առաջընթացը:

Տարին մի փոքր անհաջող էր ընտրաքվեի գների կրկնակի աճի պատճառով (նախկինում ընտրաձայնն արժեր 5.000 դրամ), բայց ոչինչ՝ ապրանքների գների բարձրացմամբ այդ ամենը կփոխհատուցենք:

Ինձ դուր է գալիս, որ իմ թիմակից կոչվածներից ոմանք հավատարիմ շան պես հայտարարում են, որ անփոխարինելի առաջնորդ եմ: 2018-ին պետպատվերով այդպիսի «ոռնոցներ» շատ կլինեն: Պետք է բեմադրենք «ազգովի ոռնոց», որպեսզի ես այդ «ոռնոցի» տակ խոսքիցս հետ կանգնեմ ու նստեմ ուդառնիկիստի աթոռին: Վերջինս իր գործն արեց մավրի պես, բայց կարող է չհեռանալ. տեղեկալիս աթոռը կա ու կա:

Դե ինչ, ոչ այնքան հարգելի ու ոչ էլ այնքան սիրելի հայրենակիցնե՛ր, դուք շարունակելու եք ձեր կյանքը նույն ձևով, ինչպես նախկինում: Եթե դուք համակերպվում եք այս ամենի հետ, ուրեմն մի տրտնջացեք: Եթե ձեր քաղաքական վերնախավ կոչվածի գրեթե 100 տոկոսը ծախու է, ինչպես «անկախ» մամուլը, ապա պետք չէ զարմանալ, որ ես անփոխարինելի եմ: Ինչպես ԵԱՏՄ-ում են ասում՝ «Զա չտո կուպիլ, զա տո ի պռադայու»: Իսկ թե ինչ են ասում այս թեմայով ԵՄ-ում, դեռ չգիտեմ: Հո լուրջ չե՞ք ընդունել, որ եվրոպացիների հետ փաստաթուղթ ենք ստորագրել և, հետևաբար, բարեփոխվելու ենք: Մենք հո՞ հարիֆ չենք, որ եվրոպացիների պես ընտրություններով իշխանություն տանք կամ տնտեսությունը դարձնենք մրցակցային՝ ձեռքի հետ էլ պաշտպանելով մարդու իրավունքները: Դրանք դատարկ բաներ են: Մինչև ժողովուրդը մեզ չլարի ու շան պես լեզուներս դուրս չընկնի, բան չի փոխվելու:

Եվ ուրեմն, շնորհավոր մեր Ամանորը և ձեր զուսպ ծնունդը:

«7 օրի» մոնտաժային բաժին

Կադրից դուրս - Հը՞: Ո՞նց էր: Լավ ստացվե՞ց: Շշեցի՞: Հա՞: Դե լավա: Տո սրանց էս էլ ա շատ: Կյանքս կերան: Մյուս տարի էն մեխի գլուխ նախագահին դեմ կտանք, թող Նոր տարվա ուղերձ կարդա, սրանք էլ մտածեն, թե ինքնա պետության գլուխը ու դրան քֆրտեն:

Կամերան անջատած էր, չէ՞:

Այս խորագրի վերջին նյութերը