Մեկնաբանություն

31.12.2017 08:55


Սամվել Բաբայանի դատավարությունը և «Ազգ-բանակը»

Սամվել Բաբայանի դատավարությունը և «Ազգ-բանակը»

2017-ն աչքի ընկավ դատավարություններով: Խայտառակ դատավարություններով: Քաղաքական դատավարություններով:

Հարկ է հատուկ ընդգծել, որ Սերժ Սարգսյանի նախագահության գրեթե ամբողջ շրջանում եղել են քաղաքական դատավարություններ: Այդպիսին է նրա կառավարման բնույթը:

Այս տարի տեղի ունեցած ամենակեղտոտ ու ամենաաղմկոտ դատական գործընթացը կազմակերպվեց Սամվել Բաբայանի դեմ: Նրան ձերբակալեցին խորհրդարանական ընտրությունների բուռն շրջանում: Հետո դատեցին 37 թվի կանոններին համահունչ: Բանն այն է, որ «Իգլա» կոչվածի հետ Բաբայանն առնչություն ուներ այնքան, որքան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Դա, սակայն, չխանգարեց, որ խոժոռ դեմքով դատախազը պահանջի 7 տարի, իսկ մշտաժպիտ դատավորը դակի 6 տարվա ազատազրկման որոշումը:

Ուշագրավն այն է, որ այն մարդն, ում միջոցով Բաբայանի դեմ գործը սարքվեց և ով հանդիսանում է գլխավոր ֆիգուրը, ազատության մեջ է:

Եթե հայտնի գրող Կաֆկան կենդանի լիներ, ապա Բաբայանի դատավարությունից հետո կհասկանար, որ աբսուրդը սահմաններ չունի և նույնիսկ իր երևակայությունը չէր բավականացրել, որպեսզի «Դատավարությունում» որոշ բաներ ներառեր:

Բաբայանի դատավարությունը քաղաքական էր ու դա մեր պետության խայտառակությունն է:

Բաբայանը հայտարարեց, որ մեր երկրում կա դատական որոշումների մեկ պատվիրատու, և դատարանն այդ պատվերը կատարեց՝ 6 տարվա ազատազրկում սահմանելով: Այսքանից հետո ծիծաղելի են հնչում որոշ շրջանակների այն «ատմազկաները», թե բա Բաբայանը չի քաղաքականացրել դատավարությունը և, հետևաբար, իրենք էլ չեն ուզում քաղաքականացնել: Քաղաքականացնելն էլ ինչպե՞ս է լինում: Բաբայանն, իր ոճին հավատարիմ, չի ուզում ինքնագովազդի շոու սարքել և չի ուզում ուղիղ խոսք ասել, քանզի ուղիղ խոսքը հայտնի կենդանուն են ասում: Ինչևէ:

Փաստորեն, իշխանությունները հա՛մ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի ու Արցախի հերոսի դեմ դատական հետապնդում են իրականացնում, հա՛մ «Ազգ-բանակ» քարոզում: Ընդ որում՝ «Ազգ-բանակ» են քարոզում ու ձեռքի հետ էլ ֆոնային քննադատություն ապահովում հիմնականում բանակից ճարպկորեն խուսափածների ու խրոնիկ դասալիքների շուրթերով: Սա դեմագոգիայի տիպիկ դրսևորում է:

Այսօրվա երիտասարդը, տեսնելով թե ինչ է կատարվում Բաբայանի հետ, ի՞նչ եզրահանգման պետք է գա: Եթե հաղթական պատերազմի ժամանակ մեր բանակը գլխավորած հրամանատարին են ճղճիմ ձևով դատում, ապա դժվար չէ պատկերացնել, թե իրականում ինչ կարծիքի են «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում զորակոչվածների մասին: Այնպես որ, «ռազմահայրենասիրական» հռետորաբանությունը թող իրենց պահեն:

Անազատության մեջ գտնվող Բաբայանը ՀՀ դիագնոզն է: Դա ցույց է տալիս, թե ինչ աստիճանի հիվանդ ու փտած է պետական կառավարման համակարգը և ինչ աստիճանի վտանգների առաջ ենք մենք կանգնած: 2018-ն այդ խայտառակությունից մաքրվելու տարի պետք է դառնա, այլապես ստիպված կլինենք շատ ծանր գին վճարել, եթե արդեն իսկ չենք վճարել:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը