Մեկնաբանություն

30.12.2017 09:10


2017-ի քաղաքական բլեֆը

2017-ի քաղաքական բլեֆը

2017-ի ավարտին հաշված ժամեր են մնացել: Կարելի է արդեն քաղաքական ամփոփում անել ու գնահատական տալ:

Անկեղծ ասած՝ տարին կարելի էր շատ ավելի շուտ ամփոփել ու գնահատել, քանզի քաղաքական առումով ամեն ինչ պարզ դարձավ այս տարվա ապրիլյան ընտրությունների ժամանակ. ՀՀ քաղաքացիները վերջնականապես պարտվեցին ու դուրս մղվեցին քաղաքական որոշումների վրա ազդեցության դաշտից:

«Ռեյտինգային» կոչված ընտրակարգը, որն ընդունվել էր, այսպես կոչված, ընդդիմադիրների հիացական բացականչությունների ներքո, փակեց 1995-ից սկիզբ առած ընտրական գործընթացների պարբերաշրջանը: Եթե նախկինում ընտրությունները կեղծվում էին, բայց ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածի մոտ միշտ մնում էր հույսը, որ ընտրությունների (հատկապես՝ նախագահական ընտրությունների) միջոցով, այդուհանդերձ, հնարավոր է բան փոխել, ապա Ընտրական նոր օրենսգրքով և ապրիլյան ընտրություններով այդ հարցը փակվեց:

Իշխանություններն այս տարվա ապրիլին փաստացի հայտարարեցին, որ ընտրությունների միջոցով բացառվում են փոփոխությունները (ներառյալ՝ իշխանափոխությունը), և մնում է միայն համակերպվել բրեժնևյան տարբերակով լճացման հետ կամ գնալ հեղափոխության (նաև՝ պալատական հեղաշրջման): Սա՛ էր Բ26-ի գլխավոր մեսիջը հանրությանը:

«Ռեյտինգային» կոչվածը ձևով համամասնական, սակայն բովանդակությամբ 100 տոկոս մեծամասնական սարքեց ընտրակարգը, որն արդեն 100 տոկոսով ապաքաղաքական էր: Դե իսկ ապաքաղաքական ընտրություններում, բնականաբար, կարող է հաղթել միայն փողը և վարչակրիմինալ լծակը: Հենց այդ փողով ու վարչակրիմինալ լծակով էլ ՀՀԿ-ն «խփեց» իր տոկոսն, ու հիմա գալուստների և շարմազանովների շուրթերով հայտարարում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին (աշխատավորական կոլեկտիվներն այս թեմայով դեռ չեն հրահանգավորվել, բայց տոներից հետո հաստատ կհրահանգավորվեն, և մենք ականատես կլինենք քծնանքի այնպիսի հուշ-երեկոների, որ Բրեժնևը գերեզմանում մի քանի պտույտ կտա):

Այս տարվա ընտրություններն, ի դեպ, ամենաբլեֆայինն էին: Ըստ ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների՝ ՀՀ քաղաքացիների կեսից ավելիի ձայներն ստացած ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում էր առանց իր անփոխարինելի առաջնորդի (ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. 2000 թվականին ՀՀԿ-ն, Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ այսօր նույն ՀՀԿ-ում ինքնահրկիզվում են՝ հայտարարելով, որ նույն Սարգսյանն իրենց անփոխարինելի առաջնորդն է), ՀՀԿ ցուցակը գլխավորում էր ընտրություններից քիչ առաջ ՀՀԿ-ական դարձած Վիգեն Սարգսյանը, իսկ քարոզարշավի ժամանակ «կինոյի մեջի տղու» դերում վարչապետ Կարեն Կարապետյանն էր հանդես գալիս, ով ընդհանրապես չկար ցուցակում և գործընթացներին մասնակցում էր «գաստրոլյորի» կարգավիճակով: Հայ ժողովրդի առաջ ՀՀԿ-ն հանդես էր գալիս իբր թե չվարկաբեկված դեմքերով: Հենց սա էր ամենամեծ բլեֆը, որը «սղացնելու» համար հիմնական դերակատար, կամա թե ակամա, դարձավ գործող վարչապետը:

Հիմա արդեն թատրոնի փուլն անցել է և կարելի է «համազգային» շոու կազմակերպել՝ «Քեզ խնդրում եմ մի գնա» հայտնի կլկլան երգի մոտիվներով:

Ահա այսպիսին էր քաղաքական 2017-ը: Իսկ թե ինչպիսին կլինի այդ բլեֆային քաղաքական տարվա շարունակությունը 2018-ին, կիմանանք հաջորդ տարվա ապրիլին, երբ կդադարեն նախագահի լիազորություններն ու մեր երկիրը կմխրճվի քաոսային կառավարման հորձանուտի մեջ:

Շնորհավոր Ամանոր:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը