Մեկնաբանություն

28.12.2017 10:25


Ահաբեկչական PR

Ահաբեկչական PR

Հայաստանը հաստատուն քայլերով դառնում է բոլշևիկյան պետություն, ավելի ճիշտ՝ մեզ մոտ գավառական բոլշևիզմ է:

Գավառական բոլշևիզմը տարբերվում է մայր բոլշևիզմից այն բանով, որ գաղափարական չէ: Գավառական բոլշևիզմն իշխանությունների մոտ արտահայտվում է փողի տեսքով: Փողի ձգտումը սրանց մոտ նույնքան անկյունաքարային հարց է, որքան Կարլ Մարքսի մոտ դասակարգային պայքարը:

Գավառական բոլշևիկների մոտ կա երկու դասակարգ՝ նեղ իշխանական խումբը և ՀՀ քաղաքացիները: Վերջիններիս լիուլի վարձատրել են պարտականություններով, իսկ իրենց համեստորեն պահել են լիազորությունները: Դասակարգային այս հակասության արդյունքում հարյուր հազարավոր քաղաքացիներ են լքել ՀՀ-ն:

Գավառական բոլշևիկները, ինչպես հին բոլշևիկները, սեփական ձախողումները արդարացնում են արտաքին ու ներքին թշնամու գոյությամբ:

Ներքին թշնամիներ են բոլոր նրանք, ովքեր իշխանություններից տարբերվող դիրքորոշում ունեն:

Գավառական բոլշևիկներն ահաբեկված են ու այդ իսկ պատճառով ահաբեկիչ են տեսնում ամենուրեք: Սրանք զենքի ուժով վերցրել են իշխանությունը և, միևնույն ժամանակ, հայտարարում են, որ չի կարելի զենքի ուժով իշխանության հարց լուծել: Բոլշևիկներն էլ հենց 1917-ին եկան իշխանության, դարձան խիստ հակահեղափոխական՝ իրենց դեմ ելնողներին որակելով ահաբեկիչներ, հակահեղափոխականներ, միջազգային իմպերիալիզմի գործակալներ, բուրժուական մնացուկներ և այլն:

Հայաստանում գաղափարական չէ բոլշևիզմը, և դա է պատճառը, որ ընդդիմախոսների դեմ չեն օգտագործվում գաղափարական պիտակավորումներ: Բոլորին տվել են «ահաբեկիչ» որակումը: Ու որպեսզի հանրությանը պահեն ահաբեկչական հնազանդության մեջ, «անկախ» մամուլի միջոցով նաև տարածում են, թե բա՝ չեք ասի, կա նաև արտաքին վտանգ, թե բա՝ մեր մշտարթուն ուժային կառույցները նաև «Իսլամական պետության» ահաբեկիչ են հայտնաբերել: Ճիշտ է, «ազատ» մամուլին մանրամասները հայտնի չեն դարձել, բայց ինչքան որ պետք է, այնքանը տարածվել է, որի իմաստը հետևյալն է. «ՀՀ քաղաքացինե՛ր, իշխանությունների դեմ քայլեր մի արեք, քանի որ մեր երկրի վրա կարող են իսլամիստներ հարձակվել, և, ուրեմն, թողնենք, թող աշխատեն ու հայտնաբերեն ահաբեկիչներին, իսկ այդ գործը ինքներդ էլ հասկանում եք, որ միայն «անփոխարինելին» կարող է ղեկավարել»:

Ի դեպ, դժվար է ասել, թե որքանով է ճիշտ իսլամիստ ահաբեկչի հայտնաբերման մասին լուրը, քանզի սրանց ասածները արժանահավատ չեն. այնքան են ստել, որ եթե ճիշտ բան էլ ասեն, քչերն են հավատալու:

ԽՍՀՄ-ի ժամանակ էլ պարբերաբար դրսի ու ներսի ահաբեկիչներ և լրտեսներ էին հայտնաբերում, ու կրկին դժվար էր իմանալը, թե որն էր համապատասխանում իրականությանը, իսկ որը՝ ոչ:

Սովը, աղքատությունը և մյուս բաները «գցում» էին տրոցկիստների վրա և այդպիսով հիմնավորում վատ կյանքը: Մեզ մոտ էլ նույն մոդելն է կիրառվում, բայց «քյարթու» ձևով:

Ահաբեկչական PR-ը դարձել է հանրային կերակուր:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը