Մեկնաբանություն

27.12.2017 11:35


2017-ի Հայաստանը

2017-ի Հայաստանը

Տարեվերջին ընդունված է ամփոփել տարին՝ գնահատելով ձեռքբերումներն ու բացթողումները:

Ձեռքբերումները թողնենք հաստիքային ու արտահաստիքային դեմքերին, ովքեր իշխանագովք են անում բոլոր դեպքերում և ամեն առիթով: Սրանց համար պարտությունը հաղթանակ է, անգրագիտությունը՝ խելքի դրսևորում, շուլուխչի-գեներալ Սեյրան Սարոյանը՝ բարոյախոս ու հայ քաղաքական մտքի գիգանտ, հետընթացը՝ առաջընթաց, արտագաղթը՝ 4-միլիոնանոց Հայաստանի նախադրյալ, փակվող ատոմակայանը՝ նոր ատոմակայանի շինարարություն, երկաթգծի ուրվականը՝ 2008-ից կառուցվող Հայաստան-Իրան երկաթգծի ուրվագիծ, ֆուտբոլի գնդակը՝ Հայաստան-Թուրքիա բաց սահմանի խորհրդանիշ, ինֆլյացիայով պայմանավորված ՀՆԱ աճը՝ տնտեսության զարգացման վկայություն, աղքատությունը՝ թամբալության արդյունք, թալանը՝ պետական կառավարման թեթև բացթողում, 10.000-դրամանոց ընտրությունը՝ ժողովրդավարության արդյունք, ծախու մամուլը՝ ազատ մամուլ, 1-ին հնագույն մասնագիտության տերը՝ 2-րդ հնագույն մասնագիտության տեր և այլն, և այլն, և այլն:

2017-ին Սերժ Սարգսյանը հռչակվեց որպես ՀՀԿ անփոխարինելի առաջնորդ ու մեր երկրի միակ կառավարիչ: Աստված, իհարկե, երկար տարիների կյանք տա Սարգսյանին, բայց դե որ ասում են՝ անփոխարինելի ու միակ, նշանակո՞ւմ է արդյոք, որ հետագայում մեր ազգն ու պետությունը կործանվելու են, քանզի չկա Սարգսյանի պես երկրորդը:

2017-ի գլխավոր մինուսն այն էր, որ արտագաղթը շարունակվեց: Դա նշանակում է, որ մենք շարունակում ենք միակ ու անփոխարինելի առաջնորդի իմաստուն ղեկավարման ներքո առաջ շարժվել:

2017-ին զիմզիմովների պակաս չունեցանք: Զիմզիմովներ, որոնց մտքի թռիչքը չուլ ու փալաս ծախելու պլպլան տարածքներ ստեղծելն է: Պատճառն այն է, որ դրանց ունեցած փողը ուղեղի պարունակության հետ խոր հակասության մեջ է:

2017-ին վերջնականապես ամրագրվեց, որ Հայաստանում չկա ընտրական ինստիտուտ: 1995-ից սկսած այդ ինստիտուտը բռնաբարվեց ու բզկտվեց, բայց դեռ կենդանության նշաններ էր ցույց տալիս: «Ռեյտինգային» համակարգը ստիպեց այդ ինստիտուտին «հոգին տալ»:

10.000 դրամով ու քուչայական ընտրակարգով ՀՀ քաղաքացին ամբողջությամբ դուրս մղվեց քաղաքական ասպարեզից՝ վերածվելով քաղաքական որոշումների կայացման օբյեկտի:

ԽՍՀՄ փլուզումից 26 տարի անց անկախ Հայաստանում վերականգնվեց խորհրդային ընտրակարգը: Մինչև այդ՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին, վերականգնվել էր խորհրդային կառավարման համակարգը: Ու քանի որ այս ընթացքում հասցրեցին նաև ԵՄ-ի հետ «թուղթ» ստորագրել, արդյունքում ստացանք եվրոբոլշևիկյան հիբրիդ՝ Օրուելի ստեղծագործության մոտիվներով:

2017-ը նաև դեմագոգիայի ու կեղծիքի, փարիսեցիության ու դատարկաբանության տարի էր: Իշխանությունը մի կողմից «Ազգ-բանակ» էր քարոզում բանակից խուսափածների շուրթերով, իսկ մյուս կողմից քաղաքական դատավարություն իրականացնում հաղթանակած պատերազմի տարիներին իրական ազգ-բանակի հրամանատարությունն ստանձնած Սամվել Բաբայանի դեմ:

Թե ինչ կլինի 2018-ին, կախված է հայ ժողովրդից: Իսկ ուզո՞ւմ է հայ ժողովուրդը փոփոխություն, թե՞ նախընտրում է արտագաղթը կամ համակերպվելը: Դժվար է ասել: Կարևորն այն է, որ հանկարծ արտաքին շոկը փաստի առաջ չկանգնեցնի ՀՀ-ին:

Շնորհավոր Նոր տարի:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը