Մեկնաբանություն

25.12.2017 09:01


Բռնության լեգիտիմության մասին

Բռնության լեգիտիմության մասին

«Պետությունը բռնության կիրառման լեգիտիմ իրավունք ունեցող կառույց է»,-ասում էր դասականը:

«Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»,- ԱԱԾ աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ ղեկավարը ճիշտ է ասել, բայց այդ ճշմարտությունը կիսատ է:

Պետության կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը լեգիտիմ է, եթե այն կիրառող պետությունը և այդ պետությունը ներկայացնող իշխանությունն են լեգիտիմ: Այս առումով ՀՀ-ում լուրջ խնդիրներ կան:

Եթե 1995-ից հետո այս կամ այն չափով կասկածի տակ է դրվել իշխանության լեգիտիմությունը (բացառությամբ 1991-ի՝ Հայաստանում իշխանության հարցը միայն բռնությամբ և տարատեսակ ուժի կիրառման միջոցով է լուծվել. համատարած ընտրակաշառքն էլ բռնության տարատեսակ է), ապա վերջին տարիներին արդեն լեգիտիմության հարցը տեղափոխվել է այլ հարթություն: Կասկածի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունը:

Մեր երկիրը վերածվել է գիշատիչ կառույցի, որտեղ ստեղծվել է պաշտոնյաների դրախտավայր: Իշխանություններն իրենց են պահել բոլոր իրավունքներն ու լիազորությունները, իսկ քաղաքացիներին՝ թողել միայն պարտականությունները: Սա բերել է մեր քաղաքացիների մի ստվար հատվածի մոտ անկախ պետության գաղափարի արժեզրկման: Այդ արժեզրկման հետևանք է արտագաղթը: Արժեզրկման հետևանքով մարդիկ իրենց արու զավակներին հանում են ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի բանակ չտան:

Բանակից խուսափելու պատճառն այն չէ, որ կա զոհվելու հավանականություն: Թեժ պատերազմի տարիներին ու դրանից հետո էլ կար զոհվելու վտանգ, բայց պետությունը դեռ չէր կորցրել իր լեգիտիմությունը և մարդիկ չէին ինքնատարհանվում այնպես, ինչպես հիմա:

Այժմ ՀՀ-ից ոչ թե արտագաղթում են, այլ՝ փախչում: Արդեն ունենք բանակի քանակային համալրման լուրջ խնդիր: «Ազգ-բանակ» հայեցակարգի և տարատեսակ «ռազմահայրենասիրական» ծրագրերի բուն նպատակը հենց քանակային խնդիրները լուծելուն է միտված. մնացածը դեմագոգիա է:

ՀՀ-ն իշխանություններին պետք է որպես անձնական եկամուտներն ավելացնելու գործիք: ՀՀ քաղաքացին սա տեսնում է ու ինքն իրեն հարց է տալիս, թե բա այդ դեպքում իր ինչի՞ն է պետք այդ գործիքը, եթե այն բռնություն է կիրառում բացառապես մի խումբ մարդկանց մասնավոր շահը սպասարկելու համար:

Եվ ուրեմն, պետք է Հայաստանի Հանրապետության լեգիտիմության հարցը լուծել քաղաքացիների աչքերում: Այդ դեպքում բռնության կիրառման անհրաժեշտություն կառաջանա միայն հանցագործների, այլ ոչ թե իր բնական իրավունքների համար պայքարող քաղաքացիների նկատմամբ: Մյուս կողմից էլ իշխանությունը կարող է հանգիստ լինել, որ իր դեմ զինված պայքարի փորձեր չեն լինի:

Եթե իշխանությունը հետևողական լինի միայն բռնության կիրառման հարցում և միաժամանակ մոռանա ժամանակակից պետության մյուս կարևոր ֆունկցիաների ապահովման մասին, ապա այդ բռնությունը կարող է ծնել բռնություն և ոչ մի լավ տեղ չտանել կողմերից որևէ մեկին: Ասել է թե՝ խնդիրները շատ ավելի խորն են, քան կարելի է պատկերացնել:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը