Մեկնաբանություն

19.12.2017 09:45


Շարմազանովն առաջարկում է չհավատալ Սերժ Սարգսյանի խոսքերին

Շարմազանովն առաջարկում է չհավատալ Սերժ Սարգսյանի խոսքերին

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի օդիոզ հատվածը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, գտնում է, որ 2018-ի ապրիլից Սերժ Սարգսյանը պետք է շարունակի ղեկավարել Հայաստանը՝ վարչապետի կարգավիճակով, քանի որ ըստ նրանց՝ ՀՀԿ ղեկավարն անփոխարինելի է, ամենաիմաստունն է, ամենափորձառուն է, ամենա-ամենան է:

Պարզ է, որ այս մարդիկ ոչ թե Սերժ Սարգսյանին են պաշտպանում, այլ իրենք իրենց, իրենց ունեցվածքը, իրենց բիրդանաղայությունը, իրենց պաշտոնները: Սրանք երեկ չէ առաջին օրը անփոխարինելի էին համարում Լևոն Տեր-Պետրոսյանին, երեկ՝ Ռոբերտ Քոչարյանին, իսկ այսօր՝ Սերժ Սարգսյանին (երեք նախագահների արանքում հասցրեցին անփոխարինելի համարել նաև Վազգեն Սարգսյանին ու Անդրանիկ Մարգարյանին): Վաղը հաստատ կարող են անփոխարինելի համարել ցանկացած մեկին, ով կհայտնվի ղեկավարի աթոռին:

Ի դեպ, ՀՀԿ ղեկավարի վերջին հարցազրույցից հետո սույն կոնտինգենտն ավելի ագրեսիվ ձևով է նրանից պահանջում նախագահի աթոռը փոխարինել վարչապետինով:

Շարմազանովն, օրինակ, մի բանաձև է առաջ քաշել, որով էլ, կամա թե ակամա, առաջարկել է այսուհետ Սերժ Սարգսյանի որևէ խոսքի չհավատալ:

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեից առաջ հնչեցրած Սերժ Սարգսյանի պաշտոնական խոստմանը, որ եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգին, ապա ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին՝ Շարմազանովն իշխանական կայքերից մեկին տված հարցազրույցում նշել է հետևյալը. «Ինչ վերաբերում է նրան, որ իր խոսքից հետ է կանգնում, հետ չի կանգնում, գիտեք ինչ կա, սա քաղաքականություն է։ Սա, կներեք, փողոցի կռիվ չի կամ հարաբերություններ պարզել, որ էս թվին սենց ես ասել, ուրեմն սենց պիտի լինի։ Քաղաքականության մեջ կարող են համակարգեր փոխվել, կարող է իրավիճակ փոխվի»:

Շարմազանովն ուզում է ասել, որ հիմա իրավիճակ է փոխվել և Սերժ Սարգսյանի նախկինում արված հայտարարությունն այլևս ուժը կորցրած պետք է համարել: Բայց այդ տրամաբանությամբ ՀՀԿ-ում կարող են ցանկացած բան հայտարարել ու միշտ ունենալ «ատմազկա», որ սա քաղաքականություն է և հիմա անելու են իրենց ասածի հակառակը:

Փաստորեն, ըստ ՀՀԿ խոսնակի՝ ստացվում է, որ չպետք է հավատալ Սերժ Սարգսյանի որևէ հայտարարության, քանի որ կարող է իրավիճակ փոխվել կամ ավելի ճիշտ՝ միշտ էլ կարող են հայտարարել, որ իրավիճակ է փոխվել:

Օրինակ՝ հիմա հայտարարվում է (առանց լուրջ հիմնավորման), որ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով դառնալու է 10 հազար դոլար: Շարմազանովն արդեն այս գլխից առաջարկում է այն բանաձևը, որով հիմնավորվելու է, թե ինչու չի լինելու այդպես:

Կամ՝ խոսվում է այն մասին (առանց լուրջ հիմնավորման), որ 2040-ին Հայաստանը դառնալու է 4 միլիոն բնակչությամբ երկիր: Պարզ է, որ սա կենաց է և զուտ քարոզչական նպատակ է հետապնդում, բայց Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ դա կենաց չէ, այլ իրականանալիք ծրագիր: Շարմազանովն այս դեպքում էլ է ապահովագրել «անփոխարինելի առաջնորդին». միշտ էլ կարող են ասել, որ քաղաքականությունը քուչի կռիվ չէ, որ եթե ասել ես՝ 4 միլիոն, ուրեմն պետք է ապահովես:

Մեկ այլ օրինակ․ Սարգսյանն օրերս հայտարարեց, որ համայնքապետերը պետք է Նոր տարուց հետո այլևս չթալանեն (այսինքն՝ մինչև Նոր տարի դեռ բաց է թալանի պատուհանը): Եթե Նոր տարուց հետո թալանը շարունակվի (այդ հարցում որևէ մեկը կասկած չունի) ու հայ ժողովուրդը հիշեցնի Սերժ Սարգսյանի խոսքերը, ապա Շարմազանովի առաջ քաշած ունիվերսալ բանաձևի համաձայն՝ կարող են հայտարարել, որ քաղաքականությունը դոգմա չէ, որ երեկվա ասածները միշտ ուժի մեջ մնան: Կարող են անգամ Նժդեհին մեջբերել ու նշել, որ չթալանելու մասին «պայմանագիրը» ուժի մեջ է այնքան ժամանակ, մինչև որ նոր պայմաններ ի հայտ չեն եկել:

Եվ այսպես, Շարմազանովն առաջարկում է չհավատալ որևէ քաղաքական գործչի և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի խոսքերին: Մենք, սակայն, կարծում ենք, որ ՀՀԿ ղեկավարը Շարմազանովից տարբերվում է և իր խոսքն իր համար չի կարող զրոյական նշանակություն ունենալ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը