Մեկնաբանություն

15.12.2017 09:10


Փնտրվում է 2-3 միլիոն «ահաբեկիչ»

Փնտրվում է 2-3 միլիոն «ահաբեկիչ»

Երեկ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ահաբեկչական գործողություն է նախապատրաստվել Հայաստանում, իրենք գտել են ԱՄՆ-ում բնակվող կազմակերպչին ու հիմա էլ փնտրում են նրա թիմակիցներին:

ԱԱԾ-ն ահաբեկչության նախապատրաստությունը պարզել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ուսումնասիրելով և գտնելով ոմն Ռ.Ք.-ի, ով «կազմակերպիչ» հոդվածով է անցնում:

Թե որքանով է արժանահավատ ԱԱԾ-ի տարածած հայտարարությունը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ինքը որոշել: ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ սարքած գործից հետո ամեն ինչ էլ հնարավոր է: Հնարավոր է մարդկանց սելֆիները «Հաղթանակ» զբոսայգում գտնվող տանկերի ֆոնին համարել ահաբեկչության նախապատրաստություն ու անցնել գործի:

Հարցն այս նոր «ահաբեկչության» պատմության մեջ, սակայն, դրան հավատալը կամ չհավատալը չէ: Հարցն այն է, որ իշխանությունները հայտարարում են, թե իրենց դեմ պարբերաբար ահաբեկչական գործուղություն է նախապատրաստվում, իսկ ԱԱԾ-ն կարողանում է բացահայտել:

Անշուշտ, երկրի քաղաքական ղեկավարության անվտանգությունն ապահովելը ԱԱԾ-ի պարտականությունն է, բայց լավ կլիներ, որ ԱԱԾ-ն զբաղվեր ոչ միայն մեկ անձի, այլ ազգային անվտանգությամբ: Օրինակ՝ ժամանակին հայտնաբերեր Բաքու փախնելու և Հայաստանի դեմ աշխատելու պատրաստ Վահան Մարտիրոսյանին (ուսումնասիրեր նրա ֆեյսբուքյան էջը, գաղտնալսեր նրան և այլն): Լավ կլիներ նաև, որ մեր անվտանգության մարմինները լավ աշխատեին ապրիլյան պատերազմից առաջ, որպեսզի մեր զինվորներն ու սպաները հանկարծակի չհայտնվեին ադրբեջանական ուժերի դիմաց ու այդքան զոհ չունենայինք:

Վահանմարտիրոսյանները, սակայն, չեն հետաքրքրում իշխանությանը, քանզի իշխանության ուշքն ու միտքը իրական կամ մտացածին ահաբեկիչներ փնտրելն է:

Եթե հավատանք ԱԱԾ-ին, ապա հինգ խումբ արդեն փորձել է զենքի միջոցով սպառնալ իշխանությանը և անձամբ Սերժ Սարգսյանին:

Մի կողմ թողնելով ԱԱԾ-ի հայտարարությունը, եկեք հասկանանք, թե ինչու է ահաբեկչության մշակույթը մտել մեր քաղաքական կյանք: Պատճառը շատ պարզ է. քաղաքական դաշտն անապատի է վերածվել:

ՀՀԿ ղեկավարին հաջողվել է քաղաքական անապատի պայմաններում պահել իշխանությունն ու դեռ մի բան էլ հայտ ներկայացնել ցմահ վարչապետության: Երբ երբեմնի թունդ ընդդիմադիրները հաճախորդացված են, երբ լրատվամիջոցների 99-ը՝ գնված, երբ հանրությունն ամբողջությամբ դուրս է թողնված քաղաքական գործընթացներից, երբ ընտրությունները վերջնականապես վերածված են առևտրային միջոցառման, բնական է, որ բեմի վրա պետք է հայտնվի զենքը: Իսկ բեմի վրա հայտնված զենքը, ինչպես հայտնի է, ինչ-որ մի պահի պետք է անպայման կրակի:

Բ26-ում առնվազն ենթագիտակցական մակարդակով զգում են զենքի «հոտը», և դա է պատճառը, որ ամենուրեք ահաբեկիչներ են փնտրում: Այդ մոլագարային հոգեվիճակով շուտով Հայաստանում կարող է 2 (իրական) կամ 3 (պաշտոնական) միլիոնի հասնող բնակչությունը ահաբեկիչ որակվել:

Իշխանություններն ամեն ինչ արել են քաղաքական կյանքը սպանելու, ընդդիմադիր խոսքն արժեզրկելու, քաղաքակիրթ քաղաքական պայքարի ճանապարհները փակելու համար: Ու հիմա հայտնվել են ամրոցը գրաված այն զորքի վիճակում, որը չի կարող ամրոցը լքել (վախից), համ էլ՝ չի կարող որպես հենարան վերցնել ամրոցի բնակչությանը, քանզի շատ լավ գիտի, որ չի վայելում վերջինիս վստահությունը: Դրա համար էլ բոլորն աչքներին ահաբեկիչ են թվում:

Ինչ-որ բան հուշում է, որ մինչև 2018-ի ապրիլ «ահաբեկիչների» պակաս չի զգացվելու: Դե իսկ ապրիլից հետո «ահաբեկչությունը» դառնալու է միակ խաղի կանոնը, քանզի դրա հիմքերը դրվել են նոր Սահմանադրության մեջ և ամրապնդվել 2017-ի խորհրդարանական ընտրություններով:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Մի հետաքրքիր հարց է առաջանում ԱԱԾ-ի ահասարսուռ հաղորդագրությունների ու «բացահայտումների» ֆոնին. բա եթե, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խանդավառված գնացել և ձայնը տվել է ՀՀԿ-ին ու դրա անփոխարինելի հռչակված առաջնորդ Սերժ Սարգսյանին, ապա ինչո՞ւ են ահաբեկչության փորձերը շատացել, իսկ մարդկանց մեծ մասն էլ ներքին ափսոսանք է հայտնում, որ իրական կամ մտացածին ահաբեկիչների մոտ չի ստացվել:

Այս խորագրի վերջին նյութերը