Մեկնաբանություն

13.12.2017 19:50


Բազմակի օգտագործման արձանագրություններ

Բազմակի օգտագործման արձանագրություններ

Երբ ստորագրվում էին տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները, Բ26-ից ու Հանրապետության հրապարակից խրոխտ ձայներ էին լսվում, թե բա՝ դարի փաստաթուղթ է ստորագրվել, թե բա՝ բացելու ենք հայ-թուրքական սահմանն ու այդ բաց սահմանով գնանք Թուրքիա՝ ֆուտբոլ նայելու, թե բա՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու, թե բա՝ քիրվայություն ենք անելու և զարգանանք, թե բա ...

Հիմա նույն հասցեներից, նույն մարդիկ, նույն խրոխտ ձայնով հայտարարում են, թե բա՝ գրողի ծոցն ենք ուղարկելու հայ-թուրքական արձանագրությունները: Արդեն երկու տարի է ականջ են սղոցում և «հայրենասիրություն» խաղում՝ փորձելով հայ ժողովրդի վրա ծախել ժամկետանց, բարոյապես ու ֆիզիկապես մաշված ապրանքը (երեկ էլ Նալբանդյանը կրկնեց Սերժ Սարգսյանի խոսքերը, ըստ որի՝ գարունը դիմավորելու ենք առանց արձանագրությունների):

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը մեռելածին էր ի սկզբանե: Դրա հակապետական բնույթի մասին խոսել ենք ամենասկզբում՝ կանխատեսելով, որ ներքաղաքական մասնավոր խնդիրների լուծման համար առևտրի հանած պետական շահերը ոչ մի լավ բանի չեն կարող բերել: Նաև՝ կանխատեսել ենք, որ «Ֆուտբոլի» միջոցով սահմանները չեն բացվելու և փոխարենը հարվածի տակ է հայտնվելու Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությունը: Այդպես էլ եղավ:

«Ֆուտբոլային» դիվանագիտության ու «նախաձեռնողականության» արդյունք էին և՛ Ղարաբաղի բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացումը, և՛ 2016-ի ապրիլյան բախումները, և՛ մեր մարդկային ու տարածքային կորուստները:

Ակնհայտ է, որ հայ-թուրքական գործընթացը պաշտոնական Երևանը նախաձեռնեց ներքին լեգիտիմության խնդիրներն արտաքինով փոխարինելու մտադրությամբ: Հիմա էլ նույն ներքին կյանքում «հայրենասիրություն» խաղալու և «աչոկներ» հավաքելու նպատակով է հայտարարվում, որ հրաժարվելու են արձանագրություններից (2018-ի ապրիլին սպասվող վարչապետի «ընտրությանն» ընդառաջ Բ26-ը «փիառ»-ով է զբաղված):

Իրականությունն այն է, որ այդ արձանագրությունները բոլորը շատ վաղուց են գրողի ծոցն ուղարկել՝ նախապես ամենքն իրենը ստանալով: Միայն Հայաստանն է, որ ոչինչ չի ստացել, ավելի ճիշտ՝ տուժել է: Ու թող չփորձեն քարոզչական դաշտում անորակ ապրանք նաղդել մեզ վրա: Հայ ժողովուրդը վաղուց է գարունները դիմավորում առանց այդ արձանագրությունների: Դուք ձեզ տեսեք:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը