Մեկնաբանություն

12.12.2017 09:16


Գողանալն ամոթ է ... Նոր տարուց հետո

Գողանալն ամոթ է ... Նոր տարուց հետո

Տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը տեղավորվում է ինքնախոստովանական ցուցմունքի կամ առնվազն՝ իմանալ չհայտնելու տիրույթում:

Նա ասում է, որ գիտի: Գիտի, որ համայնքապետերը թալանում են և նրանց ժամանակ է տալիս, որպեսզի դադարեցնեն թալանն ու ժողովրդի նոքյար աշխատեն:

Ուշագրավն այն է, որ պաշտոնապես հայտարարվեց, որ թալանը թույլատրված է մինչև Նոր տարի: Հետո, երևի, թալանը արգելվելու է կամ, ամենայն հավանականությամբ, կենտրոնացվելու է:

Կա ևս մեկ վարկած: Ըստ այդմ՝ կենտրոնական իշխանությունն առաջիկա տարիներին համայնքի ղեկավարների կարիքը չի զգալու, քանզի տոկոսներն արդեն «խփված» են ու կեղծարար մեքենայի կարիքը չկա: Ու քանի որ ռեսուրսներն էլ գնալով քչություն են անում, որոշել են համայնքի ղեկավարների թալանն արգելել: Մինչև հիմա թույլ էին տալիս, քանի որ որոշել էին «նպաստել կայացմանը»: Իսկ հիմա, պարզվում է, այլևս չեն ուզում «կայացնել» ՏԻՄ համակարգը: Հիմա պայքարելու են կոռուպցիայի դեմ:

Նման մի պայքարի մասին էլ, եթե հիշում եք, վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ իմացանք: Հայտարարվեց ու հանձնարարվեց, որ խոշոր կոռուպցիոներներին պետք է գլխից բռնել: Դա նախընտրական փուլում էր: Բնականաբար ոչ մեկի ոչինչ չեղավ և ոչ մի խոշորի գլխից չբռնեցին, քանզի ամեն ինչ «վերևից» է գալիս. հո իրենք իրենց չե՞ն բռնելու:

Այժմ էլ յուրօրինակ նախընտրական փուլ է և կրկին կարիք կա ահասարսուռ ու հակակոռուպցիոն խոսքեր հնչեցնել:

2018-ի «ընտրություններում» ժողովուրդն արդեն սահմանադրորեն չի մասնակցելու: Իշխանությունն իր ներսից ընտրելու է վարչապետ: Համայնքների վրա մատ թափ տալը, թերևս, տեղավորվում է ՀՀԿ ղեկավարի «նախընտրական» քարոզչության շրջանակներում: Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ «Դանեմարկում», ինչպես որ կարող է արտաքուստ թվալ: Երբ դիմում են քաղաքական «PR»-ի օգնությանը, նշանակում է՝ փոխարինելի-անփոխարինելի հարթության մեջ դեռ հարցեր կան: Շատ հարցեր:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը