Մեկնաբանություն

11.12.2017 09:30


Այդ մոգական բառը՝ «անփոխարինելի»

Այդ մոգական բառը՝ «անփոխարինելի»

ՀՀԿ խոսնակ Շարմազանովը պարբերաբար հայտարարում է, թե Սերժ Սարգսյանն իրենց անփոխարինելի առաջնորդն է: Նա նաև ասում է, որ ում դուր չի գալիս այդ վիճակը՝ կարող է գնալ և այլ կուսակցություն բացել:

Շարմազանովի հայտարարությունն ակնհայտորեն ՀՀ քաղաքացիներին չի ուղղված: ՀՀ քաղաքացիները վերջնականապես դուրս են մղված քաղաքական գործընթացներից և նրանց մոտ ՀՀԿ ղեկավարին գովելու ու փառաբանելու իմաստ չկա. միևնույն է իշխանությունն ու հասարակությունը տարբեր աշխարհներում են ապրում:

Շարմազանովի խոսքն ուղղված չէ նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերին:

ՀՀԿ խոսնակի ասածների հասցեատերը ՀՀԿ-ն է: Ավելի կոնկրետ՝ դրա մի հատվածը:

Ու որքան շատ է Շարմազանովը կրկնում անփոխարինելիության մասին պնդումը, այնքան հասկանում ես, որ այդուհանդերձ խնդիրներ կան փոխարինելիություն-անփոխարինելիություն թեմայով: Թե ինչը կամ ովքեր են ներսից ու դրսից խնդիրներ առաջացնում, կարելի է կռահել:

Ակնհայտ է մեկ բան՝ հենց այդ խնդիրներն են խանգարում Սերժ Սարգսյանին հայտարարել, որ ինքը 2018-ի ապրիլին ուզում է նախագահական լիազորությունները փոխարինել վարչապետի պաշտոնով: Թե ինչպես և երբ հանգուցալուծում կստանա այս հարցը, կիմանանք շատ շուտով:

Տեղին է նշելը, որ Հայաստանում քաղաքական գործընթացները հանկարծակիության տարրեր են պարունակում: Այսինքն՝ ամեն ինչ հնարավոր է:

Երբ քաղաքական դաշտն անապատացվում է, ապա մեծանում է ֆորս մաժորի հավանականությունը, ինչպես նաև պալատական լարվածությունը: Մի խոսքով, մուսաների լռության պարագայում, այլ ձայներ են լսվում:

Դե իսկ Շարմազանովին մաղթում ենք տոկունություն և համառություն՝ անփոխարինելության գաղափարն ամեն օր կրկնելու գործում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը