Լրահոս

08.12.2017 20:06


Գողություն է կատարել Երևանում գտնվող ռեստորանային համալիրից

Գողություն է կատարել Երևանում գտնվող ռեստորանային համալիրից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գտնվող ռեստորանային համալիրներից մեկից խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կոտրել է Երևան քաղաքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի դռան ապակին, մուտք գործել ներս և գաղտնի հափշտակել երկու դյուրակիր համակարգիչ, հսկիչ դրամարկղային մեքենա, հեծանիվ, երաժշտական ուժեղացուցիչ և տարբեր տեսակի սննդամթերք:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում ստացվել են ռեստորանային համալիրի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված սև բաճկոնով երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը