Մեկնաբանություն

08.12.2017 13:35


Այսքան ուրախ կյանքը մեր ... (ի պաշտպանություն «Թունելի Հակոբի»)

Այսքան ուրախ կյանքը մեր ... (ի պաշտպանություն «Թունելի Հակոբի»)

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ով ունի «Թունելի Հակոբ» գեղատեսիլ ու խորհրդավոր մականունը, մեղադրել պետք չէ: Հակառակը՝ պետք է շնորհակալ լինել նրանից ազնվության համար: Նաև այն բանի համար, որ նա բացահայտել է իշխող ուժի և դրա «անփոխարինելի առաջնորդի» ծրագրային դրույթների բուն էությունը՝ գաղափարախոսության սուբստանցը:

Ասում է՝ մեկ է վատ եք ապրում, այնպես որ թանկացումը է՛լ ավելի չի կարող վատացնել ձեր վիճակը:

Չէ, իրոք, մարդն անկեղծ է և ճիշտ է ասում, իսկ ֆեյսբուքում վրդովվել են նրա ասածներից: Վրդովվել պետք չէ: Պետք է սառը դատել ու հասկանալ, թե ինչն ինչոց է և ինչ է իրենից ներկայացնում պետական գաղափարախոսությունը, որի մի քանի բաղադրիչներն արժե ներկայացնել: Ահա դրանք.

1.Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

Սա փրկում է իշխանությանը ցանկացած սխալի դեպքում: Հենց որ խայտառակ «պռավալ» են ունենում (իսկ դա հաճախ է պատահում) ու քննադատության արժանանում, անմիջապես հայտարարում են, թե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում. արդարացման ունիսվերսալ բանաձև է:

2.Եթե մենք չլինեինք, ավելի վատ կլիներ:

Սա էլ է արդարացման ունեվերսալ բանաձև: Կարելի է տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ սահմանել, 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացու արտագաղթեցնել, տարածք կորցնել, զոհեր տալ, թալանել, միջազգային հարաբերություններում հայտնվել գնդակի կարգավիճակում և այլ «լավ» բաներ անել, իսկ հետո ասել, որ կարող էր ավելի վատ լինել, ուստի՝ պետք է ուրախանալ ու բավարարվել եղածով:

ՀՀԿ-ական «Գալուստ Իմաստունը»՝ այս բանաձևը հնչեցնում է հետևյալ ձևով՝ մենք լավը չենք, բայց մեզանից լավը չկա: Սա արդեն անեծքի պես է հնչում:

3.Եթե մարդիկ փողոց դուրս չեն գալիս, ուրեմն ամեն ինչ կարգին է:

Այս բանաձևը կիրառելի է հատկապես ընտրություններից հետո:

Ըստ այդմ՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հանրությունը դառնա քաղաքականության օբյեկտ: Նոր Սահմանադրությունն ու Ընտրական նոր օրենսգիրքն ամբողջությամբ լուծել են այդ հարցը: Դա է պատճառը, որ 10.000-դրամանոց ընտրություններից հետո հանրությունն այլևս բացակայում է քաղաքական կյանքից: Բացակայում են նաև քաղաքական կոչված ուժերը:

4.Մի՛ քաղաքականացրեք քաղաքականությունը:

Սա իշխանության ամենասիրած բանաձևն է: Չքաղաքականացնել քաղաքականությունը նախևառաջ նշանակում է չվիճարկել իշխանության հարցը և համակերպվել եղածի հետ:

Քաղաքականության չքաղաքականացման շրջանակներում այսօր ունենք ապաքաղաքական խորհրդարան (և սա խորհրդարանական կոչված կառավարման համակարգի պայմաններում):

ՀՀ նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ապաքաղաքական է նաև խորհրդարանական ընդդիմությունը: Սրանց վերապահված է ներիշխանական «ռազբորկաներում» դհոլի դերը, իսկ աշխարհաքաղաքական հարցերում՝ «հաչան շան», որը «վա՜յ» բացականչելու փոխարեն օգտագործում է «վաու» արևմտամետ բառը:

Ապաքաղաքական ընդդիմությանը թույլատրված է խոսել փողոցների անուններից և անշառ այլ բաներից: Սրանք կարող են երբեմն «անփոխարինելիին» քննադատել, բայց առաջ քաշել նույն այդ «անփոխարինելիի» փոխարինելիության հարցը՝ երբե՛ք:

Հակոբ Հակոբյանը բարձրաձայնեց մի նոր մասնիկ ընդհանուր գաղափարախոսությունից, այն է՝ ուրախացեք, որ աղքատ եք, քանի որ մսի (կարագի, հացի, պանրի և այլն) թանկացումը ձեզ չի կարող դժբախտացնել: Դա նշանակում է, որ ամբողջ հասարակության վերջնական ու անվերապահ երջանկացման համար շատ կոնկրետ քայլեր են արվելու:

Արդարությունն ըստ նեոբոլշևիկների այն չէ, որ բոլորը լավ ապրեն կամ լավ ապրելու հավասար հնարավորություն ունենան: Արդարությունն ըստ նրանց այն է, երբ բոլորը հավասարապես վատ են ապրում: «Թունելի» ասածի իմաստը հենց դա էր: Նրան մեղադրել պետք չէ: Նրա շուրթերով բարբառել է պետական գաղափարախոսությունը:

Մի խոսքով, այսքան ուրախ կյանքը մեր...

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը