Հարցազրույց

01.02.2010 17:58


Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Հարցազրույց «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Կիմա Եղիազարյանի հետ

-Ինչո՞ւ արդեն երեք շաբաթ է, ինչ լույս չի տեսնում «Ազատամտությունը», և արդյոք այն կշարունակվի՞ տպագրվել։

-Հրատարակչի փոփոխման պատճառով մոտ երեք շաբաթ մենք դադարեցրել էինք հրատարակությունը, սակայն վաղը՝ փետրվարի 2-ի համարով, այն անպայման լույս կտեսնի։ Չակերտավոր դժվարություններն արդեն հետևում են մնացել։ Իհարկե, որոշ շրջանակներ կան, որ արդեն իսկ թաղել էին «Ազատամտությունը», որ իբր փակվեց թերթը, և դա իրենց շատ էր երջանկացնում, բայց, ավաղ, հիմա արդեն գուցե այլ զգացողություն ունենան, որովհետև ես վստահեցնում եմ, որ թերթը հիմա լույս կտեսնի։ Կշարունակենք մեր մեկ տարի, չորս ամսվա գործը։

-Թերթի ոճը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ։

 -Թերթի ուղղվածության մեջ բովանդակային հարցերում փոփոխություններ չեն նկատվի։ Նույն խորագրերի ներքո, բնականաբար, կշարունակենք գրել, բայց հիմա գալիս է նոր փուլ, և փոփոխություններ կլինեն, որոնք ժամանակի ընթացքում մեզ շատ սպասող ընթերցողները կնկատեն։ Կրկնում եմ՝ բովանդակային հատվածում ուղղվածության առումով այն մոտեցումները, որոնք որդեգրվել են, կպահպանվեն։ Այն թեմաներին, որ արծարծվել են, այն հիմնախնդիրներին, որոնցով երկիրը լիքն է, անպայման մենք նույն համարձակությամբ կանդրադառնանք՝ բացառելով վիրավորանքը, զրպարտանքը և սուտը։

-Իսկ Արտյոմ Խաչատրյանն ինչո՞ւ ազատվեց ախատանքից։

-Ինքն ի վիճակի չէր. զուտ այլ գործով էր զբաղված և իր բրենդը հանձնեց մեկ ուրիշ հրատարակչի։ Զուտ աշխատանքի և զբաղվածության առումով նա էլ չի զբաղվում դրանով։ Նա ունի իր վերլուծական կենտրոնը, «Ազգային գաղափար» հասարակական-քաղաքական-մշակութային ամսագիրը, դրանցով կզբաղվի։ Ամեն դեպքում դա է հիմնական պատճառը։ Լավ կլինի՝ իրենից հարցնեք։

-Լուրեր կան , որ «Ազատամտություն» թերթը պատկանում  է Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին։ Ինչպե՞ս է դա անդրադառնում թերթի ոճի և մթնոլորտի վրա։

-Թերթի վերջում կտպագրվեն մոսկովյան ընկերության անուն, ազգանունը, և բոլորին հայտնի կդառնա, թե ով է մեր հրատարակիչը։ Դա բացարձակապես կապ չունի այն ամենի հետ, ինչ դուք ասացիք։ Դա ընդամենը հեքիաթ է։ Կա հրատարակիչ ռուսական անունով, և 10 օրից թերթի վերջում կտպվի։

-Դուք աշխատում էիք «Հայոց աշխարհ» օրաթերթում. ինչո՞վ է տարբերվում «Ազատամտությունը» «Հայոց աշխարհից»։

-Ես «Հայոց աշխարհն» էլ եմ շատ սիրում, բայց, բնականաբար, անաչառ լինելու համար պետք է ասեմ, որ այստեղ տաբուների թիվը չնչին է, համարյա թե չկա, իսկ այնտեղ, բնականաբար, այնպես, ինչպես բոլոր չակերտավոր իշխանամետ և ընդդիմադիր թերթերում։ 

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը