Մեկնաբանություն

06.12.2017 15:20


Նոր Սահմանադրության հետագիծը. ի՞նչ է սպասվում 2018-ի ապրիլին

Նոր Սահմանադրության հետագիծը. ի՞նչ է սպասվում 2018-ի ապրիլին

Երկու տարի առաջ այս օրը ԿԸՀ-ն հայտարարեց, որ հանրաքվեին մասնակցած ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը «այո» է ասել նոր Սահմանադրությանը:

Այդ նոր Սահմանադրությամբ անցում կատարվեց, այսպես կոչված, խորհրդարանական կառավարման համակարգի: Իսկ ինչու «այսպես կոչված», քանի որ դա իրականում խորհրդային՝ պարտոկրատական ու միահեծան կառավարման հիմք ստեղծող փաստաթուղթ էր: Սահմանադրության ընդունմանը հաջորդած Ընտրական նոր օրենսգրքի ի հայտ գալը և ապրիլյան ընտրությունները գործնականում հաստատեցին այդ թեզը, և մենք հիմա ունենք միակուսակցական կառավարման համակարգ:

Նոր Սահմանադրությամբ, Ընտրական նոր օրենսգրքով ու խորհրդարանական վերջին ընտրություններով հանրությունը՝ որպես քաղաքականության սուբյկետ և իշխանության աղբյուր, դուրս մնաց քաղաքական գործընթացներից (ոմանք դրա դիմաց ստացան 10.000 դրամ): Քաղաքական գործընթացներից դուրս է մնացել նաև ընդդիմադիր կոչված քաղաքական հատվածը («Ելք»-ը կատարում է այս իշխանության «արևմտամետ դեկորի» դերը և ընդամենը գործիք է ներիշխանական հարաբերություններում):

Այս Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2018-ի ապրիլից, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը: Թե ինչպիսի զարգացումներ կունենանք դրանից հետո, կախված կլինեն մի շարք ներքին ու արտաքին գործոններից:

Պարզ է, որ 2017-ի ապրիլյան ընտրություններով կանխորոշվել է, թե ով է լինելու վարչապետ, ով՝ ԱԺ նախագահ, ով՝ ՀՀ նախագահ, ով՝ «Ֆանֆան-Տյուլպան» և ով՝ «խաբված ավանդատու»: Բայց ասել, որ այսպես ամեն ինչ կարագի նման փափուկ կգնա, սխալ է: Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է, ընդ որում՝ գլխիվայր տարբերակով:

Նոր Սահմանադրությունն իր հիմքում ունի հետևյալ կոդը՝ քաղաքականությամբ հասարակությունն ու քաղաքական ուժերը չպետք է զբաղվեն. դրանով պետք է զբաղվի «իշխանության կուսակցությունը», որի անունը ՀՀԿ է և որին պետք է ղեկավարի «անփոխարինելի առաջնորդը»: Սակայն նույն Սահմանադրությունն իր մեջ քաոսի և անկայունության ստեղծման հսկայական պոտենցիալ ունի: Այսինքն՝ Հայաստանում կարող է ձևավորվել արևելյան ավտորիտարիզմի ոճի իշխանություն, սակայն կարող է նաև չստացվել դա, ու մենք ունենանք պերմանենտ ցնցումներ՝ մինչև որ նոր խաղի կանոնի սահմանումը:

Քանի որ այս տարածաշրջանում, հայաստանյան այս ռեսուրսներով ու ֆորսմաժորային զարգացումների մեծ հնարավորությամբ մեր երկիրը չի կարող անընդհատ հետընթաց գրանցել ու այդպես գոյատևել, ուստի հավերժական թվացող այսօրվա «իդիլիան» կարող է մեկ օրում փլուզվել: Ամեն ինչ կախված է մարդկանց քաղաքական ադեկվատությունից կամ դրա բացակայությունից:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը պլանավորել է վարչապետ դառնալ 2018-ի ապրիլից: Ակնհայտ է նաև, որ նա ձգում է իր այդ որոշման հրապարակայնացումը: Նախկինում իր տված խոստո՞ւմն է նրան խանգարում հիմիկվանից ասել իր ցանկության մասին: Հազիվ թե: Ա՞յլ պատճառներ կան (օրինակ՝ Կարեն Կարապետյանի «դրայվը» ժամանակից շուտ չկոտրելը կամ Սամվել Կարապետյանի հետ վերջնական պայմանավորվածության որոշ դետալների ոչ հստակ լինելը): Միգուցե: Դրսի արձագանքի՞ է սպասում: Չի իմացվի:

Մի խոսքով, հայտնի չէ, թե ինչու է ուշացվում վաղուց հայտնի որոշման բարձրաձայնումը:

Առայժմ մենք ականատեսն ենք դառնում քծնանքի ու «ազգովի խնդրելու» տարատեսակ ակցիաների: Մեկը ՀՀԿ ղեկավարին անհարմարության աստիճանի շատ է քծնում, մյուսը՝ քիչ, երրորդը՝ «շուստրիաբար», չորրորդը՝ «չերեզով»: Բայց քծնանքը դոմինանտային է դարձել: Բոլորը միահամուռ պահանջում են, որ Սարգսյանը մնա մեր երկրի ղեկին և անփոխարինելի դառնա: Սարգսյանը դեռ «դիմադրում» է, բայց վերջում, ամենայն հավանականությամբ, ընդառաջ կգնա «աշխատավորական կոլեկտիվների» խնդրանքներին:

Ուշագրավն այն է, որ «վերևից» քծնանքին «ստոպ» չեն տալիս: Դա նշանակում է, որ դուր է գալիս: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանը գնում է ոչ ցանկալի ուղղությամբ: Որքա՞ն կդիմանա մեր երկիրն այս ամենին: Այն էլ առանց նավթ ու գազի, ինչպես նաև աճող արտագաղթի, ներդրումների բացակայության և օտարվող քաղաքացու պայմաններում:

Այս խորագրի վերջին նյութերը