Մեկնաբանություն

01.12.2017 14:00


«НТВ»-ն և «հայկական հայրենասիրությունը»

«НТВ»-ն և «հայկական հայրենասիրությունը»

Ռուսական «НТВ» հեռուստաընկերության տխրահռչակ հաղորդումից հետո «հայկական հայրենասիրությունը» գլուխ է բարձրացրել:

Հիմա մեր տնաբույծ որոշ անմեղսունակներ պահանջում են բողոքի նոտա հղել Կրեմլ: Մյուսները պահանջում են պաշտոնական Երևանի արձագանքը: Երրորդները առաջարկում են «քշել դեպի Մոսկվա»՝ Հայոց ցեղասպանության մասին միայն վերջերս տեղեկացած անեկդոտի հերոսի հանգույն:

Մի խոսքով, բոլորի մոտ «հայրենասիրությունը» «զաշկալիվայետ», քանզի շատ անշառ բան է ռուսական հաղորդման դեմ հանդես գալը, կուրծք ծեծելը, փրփրած բերանով Երևանում նստած հայհոյելը և այլն:

Այն, որ ռուսական հաղորդումը ախմախություն էր և ավելի շատ ուղղված էր ՌԴ-ի դեմ, երկրորդ կարծիք լինել չի կարող (ևս մի քանի այդպիսի էշություններ և Հայաստանում (և ոչ միայն Հայաստանում) հակառուսական տրամադրությունները կաճեն երկրաչափական պրոգրեսիայով. դա՞ է ռուսական հեռուստաալիքների նպատակը): Մեզ, սակայն, այլ բան է հետաքրքրում:

Փաստորեն ընդամենը մեկ թոք-շոուով ՌԴ-ն կարող է մեր «գեղում» իրարանցում առաջացնել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մազից է կախված ՀՀ անվտանգությունը: Սա լրջորեն մտահոգվելու տեղիք է տալիս:

Մեկ այլ բանի վրա էլ կուզենայի հրավիրել բոլորիս ուշադրությունը: Հայաստանում բազմաթիվ անարդարություններ կան՝ սկսած ընտրակեղծիքներից մինչև մարդու իրավունքների ոտնահարման այլ աղաղակող երևույթներ, բայց արի ու տես, որ «հայկական հայրենասերներն» այդ մասին լռում են, իսկ ահա ռուսական հաղորդման դեմ հանդես գալը չմոռացան: Մալադե՛ց:

Պատերազմի մեջ գտնվող Հայաստանում գործ են «կարում» և 6 տարվա ազատազրկման դատապարտում Ղարաբաղի բանակը պատերազմի ժամանակ ղեկավարած ու հայ ժողովրդին 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Ղարաբաղ ապահոված զորքի հրամանատար Սամվել Բաբայանին, բայց նույն «հայկական հայրենասերներից» ծպտուն չկա:

Էս դեպքում քանի՞ գրոշ արժե այդ «հայրենասիրությունը»:

Ինչ վերաբերում է այդ հաղորդմանը, ապա պետք է հետևություններ անել և համապատասխան վարքագիծ դրսևորել, այլ ոչ թե լալահառաչ ու հիստերիկ մեկնաբանություններ շաղ տալ՝ էժանագին դիվիդենտներ շահելու նպատակով:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Հայաստանում հակառուսական քարոզի վրա կոմերցիա անողները էքստազի մեջ են: Հնարավորություն են ստացել հաճելին («հայրենասիրությունը») համատեղել օգտակարի (փող՝ քարոզի դիմաց) հետ:

Հ.Գ.-2: Ռուսական լրատվամիջոցները շատ չեն տարբերվում հայկական «անկախ» լրատվամիջոցներից, պարզապես մասշտաբներն են այլ: Այսինքն՝ եթե հայկական լրատվամիջոցները փող են վերցնում ու հայհոյում պատվիրատուի ասած ուղղությամբ, ապա ռուսականները կարող են ներքինից բացի նաև արտաքին նշանակության պատվերի տակ մտնել:

Չի բացառվում, որ հակահայկական քարոզի վրա միլիոնավոր դոլարներ ծախսող Ադրբեջանն է ռուսական ալիքների համապատասխան հաղորդումների հովանավորը: Նպատակը շատ հստակ է՝ հակահայկական մթնոլորտ ապահովել ՌԴ-ում, ինչպես նաև հակառուսական մթնոլորտ ապահովել ՀՀ-ում և այդ ամենից ստանալ շատ կոնկրետ օգուտներ: Այնպես որ, սադրանքների պետք չէ տրվել, այլ պետք է մտածել, թե ինչպես միջազգային ասպարեզում ստիպենք, որպեսզի մեզ հարգեն:

Այս խորագրի վերջին նյութերը