Մեկնաբանություն

30.11.2017 10:25


Ինչու են ռուսական հեռուստաալիքները «փչացնում» Հայաստանին

Ինչու են ռուսական հեռուստաալիքները «փչացնում» Հայաստանին

ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագիրը խնդիրներ չստեղծեց և «նեռվ» չառաջացրեց Կրեմլում: Պատճառն այն է, որ ի տարբերություն 2013-ի ասոցացման համաձայնագրի՝ օրերս ստորագրած փաստաթղթով Հայաստանը Արևմուտքի ձեռքում չի դառնում մանրադրամ Ռուսաստանի դեմ պայքարում:

Կրեմլում պաշտոնական Երևանին ԵՄ-ի մասով չառարկեցին, բայց իրենց լրատվամիջոցներով «նա վսյակի» «փչացնում» են անկախ Հայաստանի «արևմտյան» քայլերը: Հայաստանին համեմատում են, օրինակ, «աչքը դուրս» կնոջ հետ, ում պետք է տեղը դնել (ուշագրավն այն է, որ ռուսական ալիքով «Ո՞ւր պետք է փախչի Հայաստանը, նա, միևնույն է, մեր ձեռքում է» կոդով քարոզը տարվում է նաև հայկական ազգանունով մարդկանց միջոցով, իսկ վերջիններս էլ «ռուսից ավելի ռուս» երևալու ստրկամիտ վարքագիծ ունեն և «ատռաբատիված» են անում զզվելի էնտուզիազմով):

Հիմա մեզ մոտ հեռուստատեսային որակումների առումով ֆեյսբուքային հիստերիա է սկսվել (շարքային քաղաքացիները այդ «գործում» չկան, քանզի նրանք իրենց հաշիվերը փակել են պետության հետ և չեն հետաքրքրվում նույն այդ պետության «իմիջային» հարցերով): «Քլնգում» են Մոսկվային: Կան ինչպես հակառուսականության վրա կոմերցիա անողներ, այնպես էլ անկեղծորեն վրդովվածներ:

Կոմերսանտների թեման մեզ չի հետաքրքրում: Իսկ ահա անկեղծ վրդովվածներին պետք է ասել, որ ռուսներն իրենց եթերում պահում են այնպես, ինչպես որ թույլ է տվել հայաստանյան իշխանությունը: Երբ տեսնում են, որ մեկ նախադասության մեջ Պուտինին վեց անգամ շնորհակալություն են հայտնում և փառք տալիս բարձրյալին, որ ընդունելության են արժանացել, ապա դրսում մեզ հաստատ չեն հարգի:

Համոզված եղեք, որ և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում մեր մասին նույն վատ կարծիքի են, պարզապես ռուսները «քյարթ» են ու չեն կարողանում զսպել իրենց, իսկ Արևմուտքում ձևեր թափելու և քաղաքավարություն խաղալու, այսինքն՝ այսպես կոչված «փափուկ ուժ» կիրառելու վարպետ են: Արևմուտքում շատ լավ գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, որը կարող է տարիներով բանակցել ասոցացման շուրջ, իսկ հետո մեկ գիշերվա մեջ դառնալ ԵԱՏՄ անդամ: Գիտեն, բայց չեն արտահայտվում և իրենց աշխարհաքաղաքական շահն են առաջ տանում՝ «փշե-փշե» անելով:

Ասելս այն է, որ մեր բոլոր խնդիրները ներսում են: Մինչև ինքներս մեզ չհարգենք, մինչև մեր երկրի ներսում արժանապատիվ քաղաքացի չունենանք, մինչև նորմալ պետություն չունենանք, դրսում մեզ չեն հարգելու:

Ի դեպ, ռուսները ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հանդեպ իրենց այսպես չեն պահում («НТВ»-ի հաղորդման մեջ նույնը փորձեցին անել բելառուսների նկատմամբ, բայց հենց ստուդիայում հանդիպեցին դիմադրության ու հետ քաշվեցին, մինչդեռ ազգությամբ հայը միացավ հակահայկական «ձեռառնոցիին», ինչի արդյունքում հաղորդավարներն ու փորձագետները ավելի «հաբռգեցին»): Աշխարհում ընդունված է սեփական «ես» ունեցողներին հարգել և ուժի հետ հաշվի նստել, այլ ոչ թե՝ քծնանքի, շողոքորթության ու մուրացկանության:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Ռուսական հաղորդումներից պետք է ոչ թե հիստերիայի մեջ ընկնել, այլ հետևություններ անել: Սա ի՞նչ թերարժեքության բարդույթ է: Հիմա մեզ «կպել» են, հերներն էլ անիծած: Ոչ թե գոռգոռալով է պետք այս ամենին հակադարձել, այլ պետություն դառնալով:

Համ էլ՝ Կրեմլում հիմա անում են այն, ինչ Հայաստանում անում են վաղուց: Չէ՞ որ հայաստանյան իշխանությունները «վերևից» շնորհակալությունների տեղատարափ են ապահովում Կրեմլի համար, իսկ «տակից» հանձնարարում են իրենց ենթակա «ընդդիմադիր» ու «արևմտամետ» լրատվամիջոցներին հայհոյել նույն Կրեմլին: Ասել է թե՝ ռազմավարական գործընկերությունը տեղի է ունենում փոխադարձ «կծոցիների» պայմաններում:

Հ.Գ.-2: «НТВ»-ի հաղորդումից հետո ևս մեկ անգամ գալիս ես այն եզրակացության, որ կրեմլյան քարոզիչները տկարամիտ են: Եթե ՌԴ-ում նպատակ են դրել Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծել, ապա կարող են նմանատիպ «շտամպերով» մի քանի հաղորդում պատրաստել և վերջ:

Իրոք որ Ռուսաստանում կա երկու «դարդ»՝ ճանապարհներն ու հիմարները: Ճանապարհների հարցը մի կերպ լուծվում է (հայերը այնտեղ ասֆալտ են փռում), իսկ ահա հիմարներինը՝ ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը