Մեկնաբանություն

29.11.2017 12:35


Իսկ դատավորներն ովքե՞ր են

Իսկ դատավորներն ովքե՞ր են

Երեկ դատավոր Արշակ Վարդանյանը ընթերցեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավճիռը: Ընթերցում էր վարժ, առանց կմկմալու՝ «վերևից» իջեցրած հրահանգը կատարելու բարձր գիտակցությամբ, իսկ երբ հասավ գործով անցնող Սանասար Գաբրիելյանի պատժաչափը հայտարարելու պահը՝ դատավորի դեմքին ժպիտ հայտնվեց: Դատավորը ուրախ էր և այսուհետ պետք է հետևել նրա եկամուտների հայտարարագրերին, կարիերային աճին ու ծախսերի կառուցվածքին:

Հայաստանում մարդ չկա, ով չհասկանա, որ Բաբայանի դեմ «կարված» գործը քաղաքական որոշման արդյունք է: Մեղադրողն այդ գործում կատարեց գործիքի, իսկ դատավորը՝ դակիչի ֆունկցիա: Ինչպես Բաբայանը նշեց՝ պատվերը լավ կատարեցին:

Անշու՛շտ, այս կեղտն ու զիբիլը կանցնի, կգնա և պարզ է, որ ինչքան էլ փորձեն խմբագրել և խեղաթյուրել պատմությունը, միևնույն է Սամվել Բաբայանը հայ ժողովրդի պատմության մեջ կա ու կմնա որպես տարածք ազատագրած բանակի հրամանատար:

Պատմության մեջ կմնան նաև նրան դատողները (պատվիրատուից մինչև կատարողներ): Առաջինն այդ շարքում կլինի ադրբեջանցի այն դատավորը, ով Ղարաբաղում ինքնապաշտպանական առաջին մարտերից հետո դատել էր Բաբայանին ու միայն հատուկ գործողության արդյունքում հնարավոր եղավ 1991թ. դուրս բերել վերջինիս Բաքվի բանտից:

Ադրբեջանցուն կհաջորդի հոգեբուժարանի հաճախորդ, թոշակի ուղարկած ու հատուկ Բաբայանի գործով դատավոր վերանշանակված անձը (դատից հետո այդ ծերուկին կրկին ուղարկեցին թոշակի), ով իր դակիչությունը կատարում էր Ստեփանակերտում բեմադրված թատրոնի ժամանակ: Նրանք ովքեր մոռացել են, հիշեցնենք, որ Բաբայանին 2000 թվականին մարտի 22-ին ձերբակալեցին Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ այդպիսով կանխորոշելով ընտրության ընթացքը և արդյունքները:

Նույն մարտի 22-ին (2017 թվականի) Բաբայանը ձերբակալվեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների բուռն շրջանում և հիմա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ այս անգամ արդեն մշտաժպիտ Վարդանյանի կատարմամբ:

Ահա այսպիսի դատավորական «աստղաբույլի» հետ գործ ունենք: Ուշագրավն այն է, որ միայն Բաքվում են զուտ օրենքի տառից ելնելով առաջնորդվել: Այն ժամանակ դեռ Սովետական Ադրբեջանը կար և Բաբայանին սովետական օրենքով, իրոք, դատ էր հասնում զենքով ադրբեջանցիների դեմ կռվելու համար: Ղարաբաղյան ու հայաստանյան դատավարություններում օրենքի տառն ու ոգին բռնաբարվել են, և մենք գործ ենք ունեցել ֆարսի ու աբսուրդի հետ:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Բաբայանի դեմ վճիռը դակելուց հետո իշխանությունները որոշել են լրատվական ու քարոզչական դաշտում որոշակի ֆոն ապահովել: Լրատվական դաշտում քստմնելի այդ դերը, ինչպես միշտ, ստանձնել է տխրահռչակ «1in.am»-ը, իսկ որպես «խոսացող գլուխ» մեյդան են հանել ղարաբաղցի մեկին, ով հաստիքային «դիշովկա» է և այդ «դիշովկայության» դիմաց կանոնավոր վարձատրվում է:

Այս խորագրի վերջին նյութերը