Մեկնաբանություն

25.11.2017 10:55


Ի՞նչ կտա Հայաստանին ԵՄ-ի հետ համաձայնագիրը

Ի՞նչ կտա Հայաստանին ԵՄ-ի հետ համաձայնագիրը

Միանգամից ասենք, որ համաձայնագիրն այդ դեկլարատիվ բնույթ ունի և կարող է օգուտ տալ Հայաստանին միայն մեր ջանքերի շնորհիվ:

Մտածել, որ ԵՄ-ի հետ թուղթ ստորագրելուց հետո Հայաստանը միանգամից դառնալու է ժողովրդավարական ու մրցունակ տնտեսությամբ երկիր, առնվազն միամտություն է:

Ցանկացած միջազգային համաձայնագիր ընդամենը թղթի կտոր է, որը կարող է լինել և՛ օգտակար, և՛ վնասակար, և՛ զրոյական ազդեցությամբ: Իհարկե լավ է, որ գոնե ձևականորեն հայաստանյան իշխանությունը ժողովրդավարական տրանսֆորմացիայի պարտավորություններ է վերցնում, իսկ ԵՄ-ն էլ փող տալու դիմաց ստանում է այդ փոփոխությունները գոնե ինչ-որ չափով վերահսկողի ֆունկցիա, այլապես այստեղ շատ ավելի վատ կլիներ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, բայց հույս ունենալ, որ Արևմուտքի կոմիսարները մեր փոխարեն ամեն ինչ կկարգավորեն, այդպես չէ:

Եթե ոմանց թվում է, թե համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ն մեզ բառիս բուն իմաստով կերակրելու է և այդ կառույցի դայակությամբ Հայաստանում վերանալու է աղքատությունը, զարգանալու է տնտեսությունը, աճելու են ներդրումները, կապիտալը չի շարունակելու փախչել և ՀՀ քաղաքացիները դադարեցնելու են արտագաղթը (իրականում՝ ինքնատարհանումը), ապա չարաչար սխալվում են: Բացականչական նշանները և իշխանական (այդ թվում ու նախևառաջ՝ «ընդդիմադիր» ու «արևմտամետ» փաթեթավորմամբ) լրատվամիջոցների քարոզչական էյֆորիան իրականում դատարկ փուչիկներ են և ընդամենը նպատակ են հետապնդում «գաղափարական» տեսք տալ սեփական արատավոր գործունեությանը:

Ինչ մնում է մեր արտաքին քաղաքականությանը, ապա երեկվանից Հայաստանը նստած է երկու աթոռի վրա և շատ կարևոր է, որպեսզի ճողվածք չստանա ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի արանքում, հատկապես ՌԴ-Արևմուտք հակամարտության պայմաններում:

Ճիշտ արտաքին ու հատկապես ներքին քաղաքականության պայմաններում կարելի է օգտվել ինչպես ԵԱՏՄ-ից, այնպես էլ ԵՄ-ից: Հակառակ դեպքում երկու կողմից էլ կարող ենք հարվածներ ստանալ և արդյունքում կորցնել մեր հարգանքն ու վստահությունը (եթե այդպիսիք դեռ մնացել են):

Մեկ բան պետք է բոլորը հասկանան. տնտեսական զարգացում մեզ համար չի ապահովելու ԵՄ-ն կամ ԵԱՏՄ-ն: Մեր անվտանգությունը չի ապահովելու ՀԱՊԿ-ը կամ ՆԱՏՕ-ն: Պատրանքներ պետք չէ ունենալ:

Մեր երկրի զարգացման բանալին գտնվում է Երևանում ու Հայաստանի (բնականաբար՝ ԼՂՀ-ի հետ միասին) անվտանգության թիվ մեկ երաշխավորը մենք ենք: Դրսում կարող են լինել միայն դաշնակիցներ, ընդ որում՝ դու պետք է ուժեղանաս ու քեզանից բան ներկայացնես, որ քեզ հետ դաշնակցեն: Պետք է դաշնակիցներ գտնել, այլ ոչ թե դրսում «պապաներ» փնտրել ու ապավինել նրանց բարեհաճությանը:

Մեր տնաբույծ «արևմտամետներն» ու «ռուսամետները» նույն մեդալի հակառակ կողմերն են: Դրանք ձևով տարբեր, սակայն բովանդակությամբ նույն հակապետական տարրերն են, որոնք ընդամենը վիճում են հպատակության սուբյեկտի ընտրության շուրջ՝ վեճը վերածելով պարզ կոմերցիայի:

Եվ ուրեմն, պետք է մի կողմ թողնել ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո ուղղորդվող հորթային հրճվանքն ու աշխատել ներքին փոփոխությունների ուղղությամբ: Ոչ մի ԵՄ ու ԵԱՏՄ մեզ մոտ չի վերացնելու արհեստական մենաշնորհները, չի բարեփոխելու մեր բանակը, չի կանխելու ընտրակեղծիքները, չի անկախացնելու դատական համակարգը և այլն:

Արևմուտքին Հայաստանը պետք է որպես գործիք Ռուսաստանի դեմ օգտագործելու և իր ազդեցությունն աշխարհագրորեն ընդլայնելու համար: Ռուսաստանին նույնպես Հայաստանը պետք է որպես գործիք Հարավային Կովկասում իր շահերը պաշտպանելու համար: Հետևաբար՝ Հայաստա՛նը պետք է ջանք թափի գործիքից սուբյեկտի ու լիարժեք գործընկերոջ վերածվելու համար:

«Մենք փոքր ածու ենք», «Մեզանից ոչ մի բան կախված չէ», «Սաղ Կրեմլն ա որոշում» (ըստ ճաշակի ու «կողմնորոշման» ՝ Վաշինգտոնը, Բրյուսելը ...), «Դրսի ուժերը պատերազմ թույլ չեն տա», «Արևմուտքը մեզ կփրկի» և նմանատիպ այլ «շտամպերը» պետականազուրկ ազգերին հարիր մտածողության դրսևորումներ են: Հասկանալի է, որ Հայաստանը ենթարկվում է միջազգային ասպարեզում խոշոր խաղացողների միջև առկա հաշվեկշռի ազդեցությանը, բայց դա չի նշանակում, որ մեզանից ոչինչ կախված չէ: Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ կախված է բացառապես մեզանից: Հատկապես այն պայմաններում, երբ գերտերություններից որևէ մեկը այս տարածաշրջանում չունի բացարձակ դոմինանտություն:

Այնպես որ, ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը պետք է ողջունել, բայց հույս չունենալ, որ վաղվանից կյանքը, պատկերավոր ասած, դառնալու է մեղր: Մինչև մեր տունն ինքներս կարգի չբերենք, տունն այդ դառնալու է մանրադրամ խոշորների հարաբերություններում: Ընդամենը: Ձեռնտո՞ւ է մանրադրամի հեռանկարը ՀՀ քաղաքացիներին: Հազիվ թե: Թեև ո՞վ գիտե:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը