Կարծիք

25.11.2017 09:52


Իրական, երկարատև փոփոխություններն այն ժամանակ են լինում, երբ մարդիկ մերժում են նախկին «օրենքը»

Իրական, երկարատև փոփոխություններն այն ժամանակ են լինում, երբ մարդիկ մերժում են նախկին «օրենքը»

Հռոմի պատմությունը մեզ հասցրած Տիտոս Լիվիոսը պատմել է, որ Լուցիոս Յունիոս Բրուտոսի ղեկավարությամբ ապստամբության արդյունքում մ․թ․ա․ 509թ․ Հռոմից վտարվել է նրա յոթերորդ արքան՝ Տարկվինիոս Գոռոզը, ինչից հետո Հռոմը հանրապետություն է հռչակվել։ Ըստ պատմիչի՝ Բրուտոսի որդիներից երկուսը վտարանդի արքայի հետ փորձել են դավադրության միջոցով ամեն ինչ ի շրջանս յուր վերադարձնել։ Երբ դավադրությունը բացահայտվել է, Բրուտոսը կանգնել է երկընտրանքի առաջ՝ որդինե՞րը, թե՞ հանրապետությունը։ Պատմիչի խոսքերով՝ որդիների մահապատժի ժամանակ Բրուտոսի դեմքը աղավաղել են հայրական զգացումները։ Այդ ժամանակներից մոտ 2000 տարի անցավ, բայց Տարկվինիոսից հետո հին Հռոմն այլևս արքա չունեցավ։ Իհարկե, բռնապետեր եկել ու անցել են, բայց թագավորություն որևէ մեկը չի հանդուրժել։

Հիմա ասածս ինչ է։ Իրական, երկարատև փոփոխություններն այն ժամանակ են լինում, երբ մարդիկ մերժում են նախկին «օրենքը», մեծ ու «յուղոտ» խաչ են քաշում անցյալի վրա ու նոր իրականություն ստեղծում։ Ինչքան էլ Բրուտոսը լավ թագավոր լիներ, հաջորդները՝ մի քիչ լավ, մի քիչ վատ, համակարգը նույնն էր ու Հռոմը խժռվելու էր ժամանակի «ավելի լավ» մի այլ թագավորության կողմից։ Փոխարենը ժամանակի համար առաջադեմ կառավարման համակարգ ստեղծած Հռոմը գրավեց հայտնի աշխարհի մեծ մասը, ստեղծվեց հռոմեական իրավունքը, որը հիմք դարձավ այսօրվա իրավունքի համար, հետագա հաջողությունների շնորհիվ Հռոմը դարձավ առաջին մեծ կայսրությունը, որը 1000 տարի գոյատևեց։

Եթե սա տեղայնացնենք, ապա Հայաստանում ցանկացած փոփոխություն (լինի դա զենքով, խաղաղ, ընտրություններով, թե առանց դրանց), խիստ պայմանական ու խիստ ժամանակավոր կլինի, եթե հանրությունը չմերժի ներկան ու չփորձի ընդմիշտ հրաժարվել դրանից։ Սա, ըստ էության, մարդու մտքի հեղափոխություն է։ Այս հեղափոխությունը պետք է ամրագրվի հեղափոխական, դաժան սահմանադրական օրենքներով (հանրային պայմանագրերով)։ Համարյա նույնքան դաժան, ինչքան հանուն հանրապետության սեփական երեխաների մահապատժին հետևելու անհասկանալի երևույթն է։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը