Կարծիք

23.11.2017 14:19


Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. ինչ է հուշում համաշխհարային փորձը (մաս 1)

Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. ինչ է հուշում համաշխհարային փորձը (մաս 1)

Այսօր Հայաստանի դեմոկրատական ուղիով զարգացման հեռանկարը մտահոգում է բոլորին: Իրոք, երկրում փաստացի չեն գործում ընտրական ինստիտուտները և արդեն 27 տարի Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ոչ թե ներքևից, այլ վերարտադրվում է վերևից: Ինչու պետականության վերականգնումից 27 տարի անց մենք ստիպված արձանագրում ենք սույն փաստը: Փորձենք հասկանալ և նոր լուծումներ առաջարկել Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարը իրական դարձնելու համար: Հակառակ դեպքում մենք ոչ միայն տնտեսական զարգացում չենք ապահովի, այլև կունենանք ազգային անվտանգության լուրջ խնդիրներ:

Ինչ է ցույց տալիս այլ երկրների փորձը

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տոտալիտար համակարգերից միանգամից դեմոկրատիային անցնելը հնարավոր չէ, նախ պետք է դրվեն դեմոկրատիայի հիմքերը, որից հետո միայն հնարավոր կլինի կառուցել դեմոկրատական հասարակություն:
Նախ պետք է լուծվեն հետևյալ խնդիրները.

-քաղաքական և դատական ինստիտուտների ստեղծումը

-անկախ մամուլի միջոցների ձևավորումը

-ազատական տնտեսության ինստիտուտների ձևավորումը և մրցակցային խաղի կանոնների հիմնումը

-ժամանակակից և կիրթ սեփականատերերի դասի ձևավորումը, որոնց մեծ մասը ժամանակակից պատկերացումներ ունեցող մարդիկ պետք է լինեն: Հատկապես դա վերաբերվում է խոշորներին, սեփականատերերին

-փոքր և միջին բիզնեսի աջակցումը, հասարակության մեջ, այսպես կոչված, միջին խավի ձևովորումը: Հենց այս շերտն է բոլոր հասարակություններում դեմոկրատիայի հիմքը: Եթե այս շերտը զարգացած չէ, ապա չի լինում նաև դեմոկրատական ինստիտուտների զարգացում: Սա աքսիոմա է

-դեպի արտահանող ուղղվածություն ունեցող տնտեսության ոլորտների խրախուսում ու աջակցում, այդ թվում նաև ֆինանսաարդյունաբերական խմբավորումների (ՖԱԽ) ստեղծման միջոցով, որպեսզի երկիրը կարողանա ավելի շատ արտահանել և ազգային տնտեսությունը կարողանա մրցունակ ապրանք արտահանել դեպի համաշխարհային շուկաներ: Առանց դրա երկրի զարգացում չի լինում

-ազգային դրամի ցածր կուրսի պահապանում, որպեսզի երկրից արտահանվող ապրանքները մրցունակ լինեն արտերկրի շուկաներում: Դա է ցույց տալիս ողջ համաշխարհային փորձը

-էժան աշխատանքի շուկայի ձևավորում, որպեսզի երկրից արտահանվող ապրանքների ինքնարժեքը ցածր լինի և, բնականաբար, մրցունակ լինի արտերկրի շուկաներում:

Բոլոր այն երկրները, որոնք այսօր համարվում են զարգացած և դեմոկրատական, իրենց անցումային փուլերում լուծել են հենց այս խնդիրները: Սակայն ոչ բոլոր երկրներն են իրենց անցումային փուլն անցել դեմոկրատիայի նորմերը պահպանելով: Օրինակ, գրեթե ողջ Լատինական Ամերիկայի երկրները իրենց անցումային փուլերը անցել են կոշտ ավտորիտար զինվորական ռեժիմների միջոցով:

Նույն ուղիով են անցել նաև Հարավ-Արևելյան Ասիայի երկրները:
Գեներալների իշխանությունից չեն խուսափել նույնիսկ մի շարք եվրոպական երկրներ (Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան և այլն):

Սակայն միշտ չէ , որ անցումային փուլը պետք է անցնել վերը նշված ճանապարհով:

Օրինակ, հետպատերազմյան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և էլի մի շարք երկրներ անցումային փուլն անցան առանց կոշտ ավտորիտար ռեժիմների օգնության:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս ճանապարհով անցան Արևելյան Եվրոպայի և Բալթյան տարածաշրջանի երկրները` Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան և այլն:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, ապա, ցավոք, մենք էապես տարբերվեցինք թե՛ Բալթյան, և թե՛ Արևելյան Եվրոպայի երկրներից` մի շարք օբյեկտիվ գործոնների պատճառով, որոնք հետևյալն էին.

1. Տարածաշրջանի այս երեք երկրների դեմոկրատական ավանդույթների բացակայությունը անցյալում

2. Ավտորիտար ավանդույթներ ունեցող հարևանների շրջապատը (Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը անցյալում երբեք դեմոկրատական չեն եղել)

3. Կայացած դեմոկրատական կենտրոններից հեռու լինելը

4. Քաղաքակրթական, կրոնական և էթնիկ տարբերություններն ու փոխվստահության մթնոլորտի լիարժեք բացակայությունը

5. Տարածաշրջանում գրեթե անլուծելի մի շարք կոնֆլիկտների առկայությունը, որին գումարվել է նաև աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը

Նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք բոլորս դատապարտված ենք այս տարածաշրջանում ապրել առանց լավատեսական հեռանկարի: Կարծում ենք, որ ո՛չ․ պարզապես պետք է ունենալ քաղաքական կամք, ինտելեկտուալ թիմ և ճանապարհային քարտեզ դեպի զարգացման ուղի դուրս գալու համար, որի արդյունքում տեսանելի կդառնան

-և երկրի տնտեսական զարգացման հեռանկարը

-և դեմոկրատական ինստիտուտների ոչ թե ֆորմալ, այլ փաստացի զարգացման ճանապարհը

-և ղարաբաղյան խնդրի լուծման մեր համար ոչ վտանգավոր տարբերակները

-և երկրի դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ուղիները

- և երկրի միջազգային հեղինակության շեշտակի բարձրացման ճանապարհը

- և վերջապես, Հայաստան-Սփյուռք միասնական նոր և հզոր Հայկական աշխարհի ձևավորման ուղին, որի արդյունքում Հայությունը կկարողանա իր արժանի տեղն ունենալ համաշխարհային զարգացման հարաբերություններում:

Երվանդ Բոզոյան

շարունակելի

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը