Մեկնաբանություն

23.11.2017 09:50


Հայաստանի զիմբաբվեացումը

Հայաստանի զիմբաբվեացումը

Մեզանում առկա քաղաքական ու տնտեսական իրողությունները հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ Հայաստանը գնում է Զիմբաբվեի ուղղությամբ: Ընդ որում՝ այդ ուղղությունը կարող է դրսևորվել հիմնականում երկու, նույնիսկ հակադիր սցենարով:

Սցենար 1-ին

Հայաստանում, ինչպես Զիմբաբվեում, ձևավորվում է «անփոխարինելի առաջնորդի» ինստիտուտը (Շարմազանովը բարևի փոխարեն հիմա օգտագործում է «անփոխարինելի առաջնորդ» ձևակերպումը, ինչը հուշում է, որ «անփոխարինելին» իրեն այնքան էլ ինքնավստահ չի զգում, այլապես ի՞նչ իմաստ ունի ՀՀԿ խոսնակին նմանատիպ «մարտական առաջադրանք» տալը):

Ինչպես հայտնի է, Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Մուգաբեն մոտ չորս տասնամյակ իշխում էր այդ երկրում: Դատելով որոշ ՀՀԿ-ականների հայտարարություններից՝ իշխանական համակարգի մուգաբեացումը իդեա-ֆիքս է դարձել «անփոխարինելի առաջնորդի» մոտ («Հայաստան-2040» ծրագիրն այդ թեմայով է):

Խնդիրն այստեղ այն է, որ ի տարբերություն Զիմբաբվեի՝ Հայաստանը «Մուգաբե» պահելու ռեսուրս չունի: Արտաքին թշնամին շատ արագ մեզ կզրկի այդպիսի «հաճույքից»:

Սցենար 2-րդ

Հայաստանում, ինչպես Զիմբաբվեում, կարող է խափանվել «Ցմահ և անփոխարինելի առաջնորդ» օպերացիան: Հատկապես 2018-ի ապրիլից սկսած մեզանում խաղի կանոն են դառնալու քաոսը և անկայունությունն իշխանական համակարգում. նոր Սահմանադրությունն այլ բան չի նախատեսում:

Ճիշտ է, 2017-ի ապրիլի ըտրություններով հանրությանը դուրս թողեցին քաղաքական գործընթացներից ու ամայացրեցին քաղաքական դաշտը, բայց դա չի նշանակում, որ «անփոխարինելի առաջնորդին» խաղաղ կյանք է սպասվում:

2018-ի ապրիլից ներիշխանական գզվռտոցը շատ ավելի բացահայտ ու ագրեսիվ բնույթ է ստանալու: Իշխանության ներսի թիմերն ու թիմիկները փորձելու են լուծել իշխանության հարցը, և չի բացառվում, որ Զիմբաբվեի պես մեզ մոտ էլ իշխանության հարցը լուծվի զենքի կամ համեմատաբար փափուկ ներքին հեղաշրջման միջոցով:

Հարկ է նկատել, որ այս երկու սցենարներն էլ իրենց մեջ այս կամ այն չափով վտանգ են պարունակում Հայաստանի համար և ուղղակի սպառնալիք են մեր անվտանգությանը, բայց ամբողջ հարցն այն է, որ հենց իշխանություններն են այսպիսի սցենարների համար իրավական ու քաղաքական հիմքեր ստեղծել: Կա, իհարկե, նաև 3-րդ սցենարը՝ զիմբաբվեացումից խուսափելու սցենարը, բայց կունենա՞ արդյոք այդքան խելք իշխանությունը, որ գնա այդ սցենարով, դժվար է ասել:

Մեկ բան հստակ է՝ լարվածությունն ավելացնելով և երկրի ներսում բաժանարար գծերը խորացնելով՝ իշխանությունը միշտ ենթակա կլինի ցնցումների: Պետությունն էլ հետը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը