Քաղաքական

16.11.2017 21:25


ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) այսօր հայտարարությամբ են հանդես եկել Մոսկվայում նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով:

Հանդիպումներին, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, համանախագահները նախարարների հետ քննարկել են հոկտեմբերի 16-ին Ժնևում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման կոնկրետ քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների մատնանշած այլ խնդիրները, ասված է հայտարարությունում:

Հանդիպումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են ներկայումս բանակցությունների սեղանին դրված մի շարք աշխատանքային առաջարկներ:

Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի շրջանակներում:

Համանախագահները պատրաստելու են այդ հանդիպման օրակարգը, որը կընդգրկի քաղաքական կարգավորման էական հարցեր, ինպես նաև շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ: Հատուկ ուշադրության կարժանանա ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդարձակումն ավարտին հասցնելու խնդիրը․ ասված է ղարաբաղյան կարգավորման միջնորդների հայտարարությունում:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը