Մեկնաբանություն

16.11.2017 11:55


Բանակի օրենքն ու բանակի քեֆը

Բանակի օրենքն ու բանակի քեֆը

Զինապարտության կամ ինչպես ընդունված է ասել՝ տարկետման իրավունքին առնչվող օրինագիծը երեկ ընդունվեց:

Չնայած տարատեսակ ճոռոմ ձևակերպումներին՝ ակնհայտ է, որ օրենքը ընդունվեց հիմնականում մեկ պատճառով. բանակ գնացողների թիվը պակասել է և իշխանությունը քանակության խնդիր ունի: Ծառայողների քանակը պակասել է, քանզի արտագաղթ կա:

Բանակի քանակային համալրումը պակասել է նաև այլ պատճառով: Հասարակ մահկանացուները տեսնում են, որ իշխանավորները բանակի քեֆ անելու մենաշնորհը թողել են ժողովրդին, իսկ իրենց վերապահել են հարսանիքը, նշանդրեքը, ատամհատիկը, ծնունդը, կնունքը, տարատեսակ մոլերի և խաշի սեզոնի բացումը անելու ծանր պարտականությունները: Տեսնում են և իրենց արու զավակներին չեն ուզում ուղարկել բանակ:

Ինչ վերաբերում է օրենքի ընդունմանը նախորդած աղմուկին, ապա ամեն ինչ ընթացավ ժանրի կանոնների համաձայն: Իշխանության տարբեր թևերը միմյանց կծոտեցին՝ ձեռքի հետ օգտագործելով «թունդ ընդդիմությանը», ինչպես նաև՝ ուսանողությանը:

Հետևելով կողմերի «բանավեճին»՝ զարմանալի եզրահանգման ես գալիս. բոլորն էլ յուրովի ճիշտ էին իրար պիտակավորում, քանզի բոլորն էլ բանակի քեֆ չեն արել, բայց ուզում են ամեն ինչ անել, որպեսզի շարքային քաղաքացիները բանակի օրենքից հետո համատարած բանակի քեֆեր անեն:

Այս պատմության մեջ ափսոս էր ուսանողության այն հատվածը, որը «պայքարիստ» էր դարձել ու «հովհարային» նստացույցա-դասադուլա-հացադուլային միջոցի էր դիմել (այդքան երիտասարդ, բայց արդեն «Նատաշա»):

Օգտագործելուց հետո ջահելներին «քաղաքացիականացրեցին» և ուղարկեցին «կադրերի տրամադրության տակ»: Փաստորեն ելք կա ոչ միայն համապատասխան խմբակցության, այլ նաև ջահելությա՛ն համար: Արդեն «մանուկ» հասակից են «բուծում»:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Իշխանությունները մի կողմից ռազմահայրենասիրություն են քարոզում, իսկ մյուս կողմից դատում ղարաբաղյան պատերազմի ժամանակ բանակը ղեկավարած Սամվել Բաբայանին: Ասել է թե՝ խրամատներ են փորվում մեր երկրի ներսում: Եվ սա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում:

Ի՞նչ եզրահանգման պետք է գա այս ամենը տեսնող զորակոչային տարիքի երիտասարդը...

Այս խորագրի վերջին նյութերը