Քաղաքական

13.11.2017 14:43


Էդ․ Նալբանդյանը ֆրանսիացի սենատորին ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը

Էդ․ Նալբանդյանը ֆրանսիացի սենատորին ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային եւ նրան ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հաստատված ամուր փոխգործակցությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության, ինչպես նաեւ` տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստոֆ Ֆրասան քննարկեցին 2018թ. Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի սենատորին ներկայացրեց նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Այս խորագրի վերջին նյութերը