Կարծիք

10.11.2017 11:21


Մեր գիտությունից միայն Ակադեմիայի շենքն է մնացել

Մեր գիտությունից միայն Ակադեմիայի շենքն է մնացել

Հիշեցի վառարանի կողքին գլխիկոր նստած Վիկտոր Համբարձումյանի վհատ հայացքը: 1990-ականների սկզբին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին հուսահատեցնողը ոչ թե վառարանով տաքանալու «քարանձավային» կենսակերպն էր, այլ՝ հայոց գիտության հոգեվարքը, որն արդեն սկսվել էր:
1994-ին ԳԱԱ նախագահի պաշտոնում Վիկտոր Համբարձումյանին փոխարինեց Ֆադեյ Սարգսյանը, սակայն հայոց գիտությունը շարունակում էր խռխռալ: Ֆադեյ Տաճատիչի 12-ամյա նախագահության շրջանում մեր գիտությունը պահպանեց մերձ ի մահ վիճակը (մինչ օրս էլ այդ վիճակում է):
Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ հովանավորներ էին հայտնվում (ինչպես, օրինակ, գործարար Հրանտ Վարդանյանը) և ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում ԳԱԱ-ին, բայց, միևնույն է, հայոց գիտությունը մի ոտքով արդեն հանդերձյալ աշխարհում էր, իսկ հովանավորների փողերն էլ հազիվ բավարարում էր սովետի «ռազմախով» ապրել ու գործել շարունակող ԳԱԱ նախագահության անդամների կարիքները հոգալուն: Երիտասարդ ու միջին տարիքի գիտաշխատողներից ով փախավ՝ փախավ (անցած 25 տարիներին գիտական ներուժի արտահոսքը ակնհայտ էր): Իսկ մնացածի դեպքում գիտությամբ զբաղվելու իմիտացիան շարուկակվեց:
Մի խոսքով, ընկավ թե՛ գիտության վարկը, և թե՛ խաթարվեց գիտնականի բարոյական կերպարը (ԲՈՀ-ի կողմից գիտական աստիճան «ցփնելու» գործընթացը՝ վկա):
Մնացին միայն ԳԱԱ-ի տարեկան ժողովները (մի քանի տարի առաջ երկրի առաջին դեմքը Ակադեմիայի դահլիճի ամբիոնում, կարծես, քնել էր):
Ինչևէ: 2005-ին ԳԱԱ տարեկան ժողովից հետո մի քանի լրագրողներով դուրս եկանք դահլիճից ու սպասում էինք գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ, որտեղ հին գրասեղաններ էին շարված ու Խաչիկ Դաշտենցի թոռնուհին նստել էր այդ գրասեղաններից մեկի վրա: Այդ պահին փոքրիկ շքախմբով մեր կողքով անցավ Ֆադեյ Տաճատիչը և շքախմբից մեկը նախատեց Դաշտենցի թոռնուհուն, թե՝ չես տեսնո՞ւմ` ով է անցնում, գոնե ոտքի կանգնիր:
Շքախումբը ապշել էր, որ մենք ԳԱԱ նախահագին և նրան ուղեկցողներին տեսնելուն պես չձգվեցինք ու զգաստ չկանգնեցինք:
Մարդիկ դեռ հավատում էին, որ գիտության վարկանիշը տիեզերական չափերի է: Ավաղ…
Այդ պահին հիշեցի մեր սիրելի արձակագրի՝ Խաչիկ Դաշտենցի ստեղծած փայլուն գրականությունը և հրաշալի թարգմանությունները: Թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին է «Ռանչպարների կանչը» փառահեղ վիպասքը, որն, ըստ տեղյակների, Դաշտենցը գրել է պահակություն անելու շրջանում: Ասում էին՝ տարբեր բուհերում աշխատելուց բացի, եղել է շրջան, որ նաև պահակ է աշխատել ու մեզ թողել հայ գրականության այս գոհարը (ինչպես նաև՝ «Խոդեդանը» և էլի շատ գործեր):
Մեր նշանավոր գրողը 55 տարեկանում է պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Բայրոնը և հայերը» խորագրով, և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Ահա՛, այսպիսի բաներ:
Բանակից խուսափող ուսանողներ ջան, չեմ ասում 55, ասում եմ՝ 30-35 տարեկանում էլ կարող եք ատենախոսություն պաշտպանել և նվիրվել գիտությանը, եթե այն կա մեզանում:

Հիմա ինձ զարմացնում է տարկետման թեմայով «առճակատման» մեջ մտած կողմերի անկեղծության պակասը:
Երկու կողմն էլ անկեղծորեն չի խոստովանում, որ մեր գիտությունից հիմա միայն Ակադեմիայի շենքն է մնացել: Երկու կողմն էլ անկեղծորեն չի խոստովանում, որ երկիրը դատարկվում է և մարդուժի խնդիր կա ու բոլորը՝ վերից-վար, պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի պաշտպանության գործում:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը