Մեկնաբանություն

06.11.2017 01:05


Մխիթարյանի «լոմկան»

Մխիթարյանի «լոմկան»

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի միջոցով հայ ժողովուրդը շաբաթվա առանձին օրերին շուրջ 90 րոպե մաս է կազմում միջազգային մակարդակի իրադարձության: Տվյալ դեպքում դա ֆուտբոլային խաղին է վերաբերում:

Խոր գավառականության մեջ թաղված և հետընթաց ապրող երկրում Մխիթարյանը դարձել է այն սուբյեկտը, որը մի պահ մոռացության է տալիս գավառականությունն ու հետընթացը:

Հիմա հայ ժողովուրդը խոր դեպրեսիայի մեջ է: Բանն այն է, որ գավառականությունն ու հետընթացը մնացել են: Սրան գումարած՝ վերջին շրջանում Մխիթարյանը վատ է խաղում (գոլի և գոլային փոխանցման երաշտ է): Ընդ որում՝ ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգամ Ղազախստանի տիպի ցածրակարգ ֆուտբոլային հավաքականի դեմ խաղում Մխիթարյանը չէր առանձնանում ո՛չ մերոնցից, ո՛չ ղազախներից: Նրա մոտ փոխանցման ու գնդակի հետ շփման «բռակը» նույնքան շատ էր, որքան մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստների:

Ակնհայտ է, որ Մխիթարյանի մոտ նախևառաջ հոգեբանական խնդիրներ են առաջացել, իսկ թե ինչու՝ դժվար է ասել: Նրա մոտ այժմ իսպառ բացակայում է լավ իմաստով մարզական չարությունը, ագրեսիվությունը, դեպի դարպասը նպատակասլացությունը և էնտուզիազմը:

Մանչեսթերում նա «փլեյմեյքերի» կամ ենթահարձակվողի ֆունկցիա է կատարում: Այդ ֆունկցիան ենթադրում է որաշակի լիդերական հատկանիշներ, կրեատիվություն ու նաև դեպի դարպասը միտված գործողություններ, սակայն Մխիթարյանի մոտ դրանք չկան: Նա առջևում խաղ չի սարքում, իսկ պաշտպանվելիս էլ այնքան անհավես է ու անվստահ, որ պարզապես զարմանում ես:

Մխիթարյանի մոտ չի նկատվում նաև ֆուտբոլային հայտնի կանոնը՝ «Փոխանցիր և բացվիր, որ գնդակ ստանաս»: Նա ավելի շատ գործում է «Փոխանցիր և փակվիր» բանաձևով: Պատահական չէ, որ թիմակիցները նրան գրեթե գնդակ չեն տալիս, քանզի նա մշտապես փակված է լինում և խնդիրն այն է, որ արագ տեղաշարժով չի էլ փորձում բացվել: Թիմակիցներն էլ են զգում, որ նա հաճախ է գնդակ կորցնում և սխալ փոխանցում կատարում, և այդ իսկ պատճառով ձգտում են նրան գնդակ չտալ ու դատելով ամենից՝ նա առանձնապես չի էլ ձգտում այն ստանալ: Իսկ դա «փլեյմեյքերի» պարագայում պարզապես կատաստրոֆա է: ՄՅՈւ-ի խաղը չի ստացվում հենց ենթահարձակվողի՛ ֆունկցիան կատարողի վատ աշխատանքի պատճառով (ի դեպ, Դորտմունդի «Բորուսիայում» էլ նրա հետ այդպիսի ճգնաժամ եղավ 2-րդ տարում):

Կրկնեմ՝ խնդիրը առավելապես հոգեբանական է: Զգացվում է, որ նա թիմի հանդերձարանում հետնապահի դերում է և թիմակիցների հետ շփումներում քաշված է:

Կա տեսակետ, թե խնդիրը Պոգբայի մեջ է և կիսապաշտպանական գծում ֆրանսիացի ֆուտբոլիստի բացակայությունն է հանգեցրել թիմային մեխանիզմի խափանմանն ու Հենրիխի վատ խաղին: Ասվածի մեջ, իհարկե, ճշմարտություն կա, սակայն խնդիրը հենց Մխիթարյանի մոտ է: Մենք վաղուց չենք տեսնում Մխիթարյանի այն համարձակ և գեղեցիկ անցումները, հեռվից հարվածները, ճշգրիտ գոլային փոխանցումները, որով նա բոլորին հիացնում էր Դորտմունդում (հատկապես «Բորուսիայում» անցկացրած 3-րդ տարում) և անցած մրցաշրջանում ՄՅՈւ-ում (նաև այս մրցաշրջանի սկզբում):

Հիմա լրիվ հակառակ պատկերն է և պատահական չէ, որ մենք մոտ մեկ ամիս «Օլդ Տրաֆորդում» չենք լսել Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգը ՄՅՈւ-ի երկրպագուների կատարմամբ: Իսկ դա նրա խաղի ամենաանաչառ գնահատականի վկայությունն է: Հենրիխը ոչինչ չի անում, որպեսզի ստադիոնում հնչեցնի իր անունով երգը:

Ուշագրավ է, որ այս պայմաններում Մոուրինյոն շարունակում է հիմնական կազմում պահել Հենրիխին: Միգուցե այդպիսով պորտուգալացին փորձում է հոգեբանական «լոմկայից» հանե՞լ Հենրիխին: Միգուցե: Սակայն փաստն այն է, որ կրիզիսը գնալով խորանում է և չի նկատվում, որ Մխիթարյանը ձգտում է այն հաղթահարել:

Է՛հ, ինչ ասենք: Ափսոս էր: Հասնել այդքան մեծ ֆուտբոլային բարձունքի, ունենալ փայլուն մարզական որակներ և չբացել թևերն ու չգրավել աշխարհը, ափսոս է:

Մեզ մնում է միայն հուսալ, որ հոգեբանական խնդիրները Հենոն արագ կհաղթահարի, այլապես նրա մարզական կարիերան կարելի է ավարտված համարել:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը