Կարծիք

29.12.2010 13:29


Կոտրած տաշտակի առջև

Կոտրած տաշտակի առջև

Սովորություն է դարձել յուրաքանչյուր տարվա վերջում ամփոփել անցնող տարին: Կարծում եմ՝ վատ սովորություն չէ: Առաջ շարժվելու համար պետք է մի փոքր էլ ետ նայել՝ հասկանալու համար, թե ո՞ր քայլերն էին ճիշտ կամ սխալ, որո՞նք էին անհրաժեշտ կամ անհարկի:

2010թ. հայ ժողովուրդը, իսկ ավելի որոշակի՝ ՀՀ քաղաքացիները, մնացին իրենց անբաժան կոտրած տաշտակի առաջ նստած: Նրանք լսեցին տարատեսակ խոստումներ թե՛ Սերժ Սարգսյանից և նրա մերձավոր շրջապատից, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանից և նրա մերձավոր շրջապատից: Ոմանք խոստումներ լսելուց հոգնեցին և  լքեցին մեր հայրենիքը՝ համալրելով սփյուռքահայերի բանակը:

Կարծում եմ՝ անցնող տարվա ամենամտահոգիչ իրադարձությունը արտագաղթի ծավալների կտրուկ աճն էր: Ըստ տարբեր գնահատականների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է 60-85 հազ. մարդ: Մոտ երկու միլիոն իրական բնակչություն ունեցող երկրի համար սա աննախադեպ բարձր ցուցանիշ է: Անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանը լքում են ոչ միայն այն պատճառով, որ չեն կարողանում ապրուստի անհրաժեշտ միջոցներ հայթհայթել, այլ նաև թևածող անարդարության պատճառով: Պատահական չէ, որ արտագաղթողների թվում գերակշռում են միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Դժվար չէ ենթադրել կամ հասկանալ, որ արտագաղթածներն արդեն ոչ միայն հույս չեն կապում գործող վարչախմբի հետ, այլ նաև հույս չունեն, թե մեր երկրում կարող է իշխանափոխություն լինել, որի հետևանքով էլ իրավիճակը կտրուկ կամ գոնե աստիճանաբար կփոխվի: Լևոն Տեր-Պետրոսյանը և իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչներն այդպես էլ ժողովրդին չկարողացան համոզել, որ իշխանափոխությունը հնարավոր է: Պատահական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքների մասնակիցների թիվը գնալով նվազեց: Ժողովրդի մի զգալի մասը հասկացավ, որ արտահերթ ընտրություններ պահանջողներն իրականում պատրաստվում են հերթական ընտրություններին: Իսկական ծաղր կարելի է համարել այն, որ պահանջում են արտահերթ ընտրություններ, ինչ-որ նամակ են հանձնում եվրոպական կառույցներից մեկի գրասենյակին և գնում ամառային երկարատև արձակուրդի:

Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ծրագրերում արտահերթ ընտրությունները չէին մտնում, ավելի պարզ և ակնհայտ դարձավ, երբ փակվեց «Հայք» օրաթերթը: Իսկապես, ընտրությունների գնացողները սեփական լրատվամիջոցից չէին հրաժարվի: Իհարկե, արտագաղթի, ցածր կենսամակարդակի հիմնական և հավանաբար միակ մեղավորը Սերժ Սարգսյանի վարչախումբն է, բայց ժողովրդին հուսահատության հասցնելու գործում քիչ դեր չխաղաց նաև Տեր-Պետրոսյանի թիմը:

Անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած կարևոր և խիստ խորհրդանշական իրադարձություններից մեկն էլ ՀՀՇ-ի ներսում տեղի ունեցած իրադարձություններն էին: Պալատական հեղաշրջման հետևանքով  Հայաստանի ամենահին կուսակցություններից մեկում իշխանափոխություն տեղի ունեցավ: Ընդդիմության դրոշակակրի դրոշն առած ՀՀ առաջին նախագահի շրջապատն ամեն ինչ արեց ժողովրդական շարժումը կոտրելու համար: Չգիտես ինչու, արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն պահանջող ուժը հանրահավաքներ կամ երթեր անում էր, երբ հարմար էր գտնում, իսկ դատախազության մոտ տեղի ունեցող ակցիաները, կարծես թե, արվում էին միայն Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար: Եվ չգիտես ինչու՝ Կոնգրեսի պայքարի միակ նպատակը դարձավ քաղբանտարկյալների ազատարձակումը:

Անցնող տարվա նշանակալից իրադարձություններից էր նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականության տապալումը: Ֆուտբոլային դիվանագիտության, նախաձեռնողական քաղաքականության մասին այլևս Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցները չեն էլ խոսում: Այն քաղաքականությունը, որը հիացմունքի էր արժանանում Էդուարդ Շարմազանովի, Գալուստ Սահակյանի և մյուսների կողմից, մատնվեց մոռացության:

Արդյունքներ չարձանագրվեցին նաև արցախյան խնդրի կարգավորման գործում: Չնայած համառ լուրերին, թե Սերժ Սարգսյանը շուտով Ղարաբաղը նվիրելու է Ադրբեջանին, դրանք չարդարացան: Ընդ որում, նրանք, ովքեր համոզված պնդում էին, թե այս տարի հաստատ Սերժ Սարգսյանն ինչ-ինչ փաստաթուղթ է ստորագրելու, որից հետո իշխանափոխության հարցը լուծված կարելի է համարել, այսօր ևս լռում են: Շեշտենք նաև, որ եթե Սերժ Սարգսյանը փաստաթուղթ չստորագրեց, ապա դա ոչ թե մեր վարած ճկուն քաղաքականության, այլ աշխարհաքաղաքական գործընթացների արդյունք է: Եվ այստեղ տեղին է հիշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, թե քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, ով էլ նախագահ լինի, հայաստանցիների կյանքի պայմանները փոփոխության չեն ենթարկվի: Իհարկե, հետագայում նա և նրա շրջապատը փորձեցին բոլորին համոզել, թե նրան ճիշտ չեն հասկացել: 

Անցնող տարում տապալվեց նաև Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունը: Դրա վառ վկայությունն էր էկոնոմիկայի նախարար, տխրահռչակ Ներսես Երիցյանի պաշտոնանկությունը: Չմոռանանք նաև, որ խոսքի ազատության մեծ ջատագով Սերժ Սարգսյանը կրկին եթեր չտրամադրեց «Ա1+»-ին: Ավելին, եթերազրկվեց նաև ԱԼՄ-ը: Մի խոսքով, Սարգսյանի պատկերացրած ազատ խոսքը ևս մեկ հաղթանակ տարավ:

2010թ.  տեղի ունեցան հիշատակման արժանի այլ կարևոր իրադարձություններ, բայց կանգ առնենք ևս մեկի վրա և դրանով ավարտենք: Այսպիսով, անդրադառնանք Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությանը:

Ոմանք կասեն, թե՝ բա լա՛վ, այս երկրում մի լավ բան չի՞ եղել: Եղել է, իհարկե՝ եղել է: Եթե մենք այս բարոյալքման, ժողովրդավարության բացակայության, ամենաթողության և աննախադեպ արտագաղթի պայմաններում պահպանել ենք պետականությունը, դա արդեն դրական է: Իսկ առավել կարևորն այն է, որ դեռ այս դժնդակ իրավիճակը փոխելու հնարավորությունը չենք կորցրել:

Նոր, հզոր քաղաքական ուժի ձևավորումն այսօր խիստ անհրաժեշտություն է դարձել: Առանց այս ուժի առկայության՝ քաղաքական դաշտը կմնա այն ուժերի տնօրինության տակ, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար ժողովրդին հացրել են ծայրահեղ հուսահատության և բարոյալքման: Ցավոք, հիմա ճիշտ և ճիշտ այնպիսի բարոյահոգեբանական վիճակ է, որն առկա էր բագրատունիների թագավորության և Անիի անկման նախօրյակին:

Իսկապես, ժամանակն է, որ բոլոր առողջ ուժերը համախմբվեն, և փորձենք հույսը դնել հենց մեր և ոչ թե ինչ-որ կատուների, ճագարների կամ նապաստակների վրա:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը