Մեկնաբանություն

03.11.2017 11:40


Հայաստանի շուրջ սեղմվող օղակը

Հայաստանի շուրջ սեղմվող օղակը

Մինչ Հայաստանի իշխանական ու մերձիշխանական շրջանակները զբաղված են մուտիլովկաներով, դատարկաբանությամբ ու ցեխշպրտոցիներով, մեր երկրի շուրջ օղակը սեղմվում է: Ընդ որում՝ սեղմվում է մեծ արագությամբ ու բավական պինդ:

Հայաստանի միակ քաղաքական օրակարգը դարձել է այն, թե 2018-ին ով ինչ պաշտոն կզբաղեցնի, ով մուտիլովկաների զոհ կդառնա, ով կդրժի իր խոսքը, ով կվերածվի «անգլիական թագուհու» և ով կձևակերպվի որպես «Կալիգուլայի ձի»: Իսկ ահա Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում երկու խոշոր նախագծի գլխավոր հերոսը դարձավ: Գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ինչպես նաև ռազմավարական համաձայնություն կայացավ Մոսկվայի, Թեհրանի ու Բաքվի միջև:

Հայաստանը վերջին տարիներին փառահեղորեն փչացրեց իր հարաբերությունները միջազգային խոշոր խաղացողների հետ, իսկ հարևան Իրանի ու Վրաստանի հետ չկա հարաբերությունների զարգացման հստակ ռազմավարություն: Մեզ մոտ Բ26-ին կից «անկախ» մամուլը և «ընդդիմադիր» շրջանակները զբաղված են ՌԴ-ի դեմ հակաքարոզով և «արևմտամետիստ» խաղալով: Այլ բան չկա: «Ֆուտբոլային» դիվանագիտությունը մահացել էր դեռ չծնված, դե իսկ Ղարաբաղի հարցով արդեն բոլորը բոլորի հետ բանակցում են, բացի Հայաստանից: Մեզ վերջում տեղյակ կպահեն:

«Նախաձեռնողականության» արդյունքում մեզ չեն հարգում Արևմուտքում, չեն վստահում Ռուսաստանում, բանի տեղ չեն դնում Վրաստանում (Հայաստանը չկարողացավ իր ուզած դեսպանին նշանակել և ենթարկվեց ամոթալի նվաստացման) և խղճում են Իրանում: Ինչ մնում է մեր մյուս երկու հարևաններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, ապա սրանց դիրքորոշումը մեր հանդեպ գաղտնիք չէ:

Այս պայմաններում երբ նայում ես մեր քաղաքական ու տնտեսական վերնախավ կոչվածին և հետևում ես «քաղաքական» գործընթացներին, հասկանում ես, որ միայն հրաշքը կարող է փրկել Հայաստանը ու դուրս բերել մեր երկիրն այս վիճակից, կամ էլ՝ հույսը պետք է դնել ՀՀ քաղաքացիների ռացիոնալ վարքագծի վրա: Ո՞րն է ավելի հավանական:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը