Կարծիք

29.12.2010 11:44


Անհրաժեշտ է վճռական պատասխան տալ Փելոսիին՝ Ցեղասպանության բանաձևը տապալելու համար

Անհրաժեշտ է վճռական պատասխան տալ Փելոսիին՝ Ցեղասպանության բանաձևը տապալելու համար

Ամբողջ աշխարհի հայությունն արդարացիորեն վրդովված է խոսնակ Նենսի Փելոսիի և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության բանաձևը քվեարկության դնելու մերժումից:

Կոնգրեսական Փելոսին «թե՛ մեծամասնություն, թե՛ հեղինակություն և թե՛ հնարավորություն» ուներ Հայոց ցեղասպանության բանաձևը քվեարկության դնելու համար, բայց այն տապալեց. այս մասին անցյալ շաբաթ հայտարարեց Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ինչո՞ւ նա Բանաձևը քվեարկության չդրեց: Կարևոր է նշել, որ հակառակ իրենց սովորույթին, Միացյալ Նահանգների նախագահն ու պետքարտուղարը հրապարակային հայտարարություններով հանդես չեկան ընդդեմ Բանաձևի: Նրանք դրա կարիքը չունեին, քանի որ ըստ Վաշինգտոնի լավատեղյակ աղբյուրների, նրանք կուլիսների հետևում գաղտնի համաձայնության էին եկել խոսնակ Փելոսիի հետ' Ցեղասպանության բանաձևը օրակարգում չընդգրկելու համար, նախքան Կոնգրեսի այս տարվա աշխատանքների ավարտը: Այս դեպքում, Թուրքիայի դեսպանի և Ամերիկայի թուրքական կազմակերպությունների ինքնագոհ պնդումները, թե իբր նրանց շատ ուշացած քայլերը խափանել են քվեարկությունը, լիովին չափազանցված են, եթե չասենք' բացարձակ կեղծ և ապարդյուն:

Հայոց ցեղասպանության բանաձևը հայկական քաղաքական պահանջատիրության ոչ սկիզբն է, ոչ էլ վերջը, քանզի այն օրենքի ուժ չունեցող հիշատակման բանաձև է: Ցեղասպանության նման բանաձևեր արդեն երկու անգամ' 1975 և 1984 թվականներին ընդունվել են Ներկայացուցիչների պալատի կողմից, սակայն դրանք միայն միջոց են և ոչ թե նպատակ:

Ո՞րն է Հայ Դատի իրական նպատակը. արդարություն պահանջել հայերի համար այն թուրքերի ժառանգորդներից, որոնք ոչ միայն կոտորել են նրանց, այլև բռնազավթել նրանց հայրենիքն ու բռնագրավել նրանց ունեցվածքը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Բանաձևը «Դամոկլյան սրի նման կախված է մեր գլխին»: Նա հույս հայտնեց, որ նման նախաձեռնություններ այլևս Կոնգրեսում չեն ներկայացվի, քանի որ դրանք վատնում են Թուրքիայի էներգիան ու ժամանակը: Վտանգը, որը թուրք ղեկավարները մեկ դար անց զգում են իրենց նախնիների նողկալի ոճրագործությունների պատճառով, և նրանց արժեքավոր միջոցների վատնումը, հայության համար բավարար հիմք են հանդիսանում' աշխարհի բոլոր օրենսդիր մարմիններում նման նախաձեռնություններով հանդես գալու համար: Ավելին, ամեն անգամ Միացյալ Նահանգների նախագահից խնդրելով կանխել նման բանաձևի ընդունումը, թուրք ղեկավարներն իրենց հերթին պարտավորվում են լուրջ քաղաքական զիջումների գնալ ամերիկյան կողմի համար:

Այժմ Ամերիկայի հայկական կազմակերպությունները' Հայ Դատի հանձնախմբի գլխավորությամբ պետք է անաչառ ռազմավարական գնահատական տան' քննարկելով իրենց հետագա քայլերը.

  • Դատական հայցեր ներկայացնել Թուրքիայի և թուրքական ընկերությունների դեմ Միացյալ Նահանգների դաշնային դատարաններում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Միջազգային դատարանում:
  • Բազմապատկել թուրք ղեկավարների գլխին «կախված սրերի» քանակը' բազմաթիվ բանաձևեր ներկայացնելով Կոնգրես, ավելի հեռու գնալով, քան սոսկ Ցեղասպանության ճանաչումը: Ի թիվս այլ հարցերի, դրանք կարող են ընդգրկել հայերի բռնագրավված ունեցվածքի փոխհատուցման և Պոլսո Հայոց պատրիարքարանի իրավասությանը Հայոց եկեղեցիների վերադարձման հարցերը:
  • Շահարկել թուրք ղեկավարների հակաարևմտյան քաղաքականությունն ու հայտարարությունները' Ներկայացուցիչների պալատում նորընտիր հանրապետական մեծամասնության շրջանակում Հայկական հարցերին աջակցություն ստանալու նպատակով:

Ահա որոշ նախնական նկատառումներ հատուկ գործողությունների համար, որոնք կարող են քննարկվել ամերիկահայ գործիչների կողմից առաջիկա շաբաթներին.

  • Քայլեր ձեռնարկել Փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսիի և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ղեկավարների դեմ' որպես քաղաքական հատուցում նրանց խափանարար գործունեության համար: Այժմ նրանք պետք է մի շարք կոնկրետ գործերով, այլ ոչ թե խոստումներով սիրաշահեն իրենց հիասթափված հայ աջակիցներին' իրենց սեփական վստահելիությանը հասցված վնասը շտկելու համար:
  • Սկսել 2012 թվականի ընտրությունների նախապատրաստությունը' ապահովելով, որ ոչ մի ամերիկահայ չի քվեարկի կամ անգամ մեկ դոլարով չի օժանդակի նախագահ Օբամային կամ Կոնգրեսի դեմոկրատ կամ հանրապետական որևէ անդամի, որոնք դեմ են արտահայտվել Հայկական հարցերին:
  • Գնահատական տալ Հայաստանի և Սփյուռքի ղեկավարների անտարբերությանը, որոնք ոչինչ չարեցին, մի բառ անգամ չասացին ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության բանաձևի, մինչդեռ Թուրքիայի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը ուղղակի ճնշում էին գործադրում նախագահ Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինտոնի վրա' քվեարկությունը խափանելու համար:
  • Oգտագործել խանդավառ ամերիկահայ համայնքի, հատկապես երիտասարդության և այնպիսի հանրահայտ դեմքերի, ինչպես օրինակ Քիմ Քարդաշյանի և Սերժ Թանգյանի ակտիվությունը' ներգրավելով նրանց արդիական միջոցներով Հայ Դատի հետապնդման գործում:
  • Աջակցել այն սենատորներին, որոնք շահագրգիռ են մի նոր «կասեցում» դնելու ընդդեմ Ֆրենսիս Ռիկիարդոնեի կամ նրա փոխարինողի վրա' որպես Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուի: Ավելի քան վեց ամիս Միացյալ Նահանգները դեսպան չունի Անկարայում: Միաժամանակ, Ցեղասպանության ժխտման թուրքական քարոզարշավին Ամերիկայի ադրբեջանցիների աջակցության ջանքերին պետք է հակազդել' մի նոր «կասեցում» դնելով ընդդեմ Մեթյու Բրայզայի կամ նրա փոխարինողի վրա' որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուի: Ավելի քան 18 ամիս Միացյալ Նահանգները դեսպան չունի Բաքվում:

Անցյալ շաբաթվա ժամանակավոր անհաջողությունից ընկճվելու փոխարեն, հայերը պետք է ավելի մեծ քաղաքական վճռականությամբ լցվեն և բազմապատկեն իրենց պահանջները Թուրքիայից' բոլոր օրինական միջոցներով իրենց արդար Դատին հասնելու նպատակով:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմ.' Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը