Մեկնաբանություն

30.12.2010 10:43


Հայաստանի քաղաքական դաշտի վագրերի, ճագարների ու կատուների մասին

Հայաստանի քաղաքական դաշտի վագրերի, ճագարների ու կատուների մասին

Ըստ չինական (արևելյան) օրացույցի՝ 2010թ. սպիտակ կամ մետաղական Վագրի տարի էր, որին 2011թ. փոխարինելու է գալու սպիտակ Ճագարը (կատուն կամ նապաստակը): Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներից հետաքրքրվեցինք (իհարկե' ոչ զուտ այս կենդանակերպի նշանների տակ ծնվածների առումով)՝ արդյոք  Հայաստանի քաղաքական դաշտում 2010թ. վագրե՞րը գերիշխեցին, և արդյոք 2011թ. ճագարները կամ կատունե՞րը կգերիշխեն։

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի խոսքերով՝ քաղաքական դաշտում բոլորն իրենց վագր են կարծում, բայց, դժբախտաբար, մեծ մասը ճագարի և նապաստակի պահվածք ունի։

-Ընդհանրապես, քաղաքական դաշտում վագրեր քիչ են լինում։ Մեծ մասը ճագարներ և նապաստակներ են,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ դժվարանալով պատասխանել, թե հատկապես ո՞ր թիմերում են վագրերը շատ, և ո՞ր թիմերում՝ ճագարները։

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, ԼՂՀ նախկին նախագահի եղբայր Արեգ Ղուկասյանն էլ քաղաքական դաշտում ո՛չ վագրեր, ո՛չ կատուներ է տեսնում։

-Ամեն մեկն իր ուրույն տեղն ունի։ Պետք չէ քաղաքական գործիչներին տարվա այս կամ այն կենդանակերպով ներկայացնել։ Համենայնդեպս, ինչքան ավելի շատ վագրեր լինեն, այնքան ավելի լավ կլինի մեր իրավիճակը, քան կատուների կամ ճագարների դեպքում,-նշեց նա։

ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն էլ չի կարծում, թե ճագարներն ու կատուները գերիշխելու են.

-Նորից գերիշխելու է առողջ տրամաբանությունը, ինչպես 2010թ՝ վագրի տարում։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պնդեց, թե իրենք այն քաղաքական ուժն են, որ կենդանակերպով չեն առաջնորդվում.

-Համենայնդեպս, և՛ վագրը, և՛ ճագարը ժողովրդի համար հատուկ սիմվոլիկա ունեն։ Մեկը բարության, մեկը՝ ուժեղության, համարձակության։ Երկուսն էլ մեզ բնորոշ դրսևորում են, մեզ՝ ոչ թե ՀՀԿ-ին, այլ ընդհանրապես՝ ժողովրդին։

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նախ կարծիք հայտնեց, թե իրենց կուսակցությունում գերիշխում են վագրերը, հետո ընդգծեց, որ ինքը ծնվել է վագրի տարում՝ ավելացնելով, որ եթե ճագարի տարում ճագարներն ակտիվանան, գուցեև ինչ-որ առումով վագրերը նեղվեն։

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վարդան Այվազյանն էլ առաջին հերթին ակնկալում է, որ երկրում լինի խաղաղություն։ Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա նա այդտեղ վագրեր տեսնում է.

-Պայքար է, քաղաքականությունը հնարավորության արվեստ է։ Եթե որևէ մի տեղ արանքը բաց ես թողնում, ապա որևէ մեկը, հիմա ճագար կլինի, ինչ կլինի, կփորձի խցկվել։

Իր կուսակից ընկերոջ կողմից «Էգ առյուծ» որակված «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 2010թ. գերիշխող վագրեր չի տեսել։

-Գուցե հնարավոր է, որ ճագարի տարում ծնված մարդիկ 2011թ. ավելի ակտիվ լինեն։ Տեսնենք, թե իրենց բախտն ինչպե՞ս կբերի 2011թ.,-ասաց Հ. Բիշարյանը՝ միաժամանակ հավելելով, որ եթե հարցը վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական աշխատանքներին, ապա ինքը վստահ է՝ անկախ նրանից, որ տարին ճագարի է, միևնույն է, ՀՀ նախագահը կշարունակի իր նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը։

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ միայն ասաց, որ 2010թ. Հայաստանի համար եղել է շատ դժվար տարի, ու հույս հայտնեց, որ 2011թ. զարգացման լավագույն մոդելները կընտրվեն։

Իսկ ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց.

-Ես չեմ կարծում, թե քաղաքական մոտիվացիաները և քաղաքական գործիչների քաղաքական տրամաբանությունները՝ կապված կենդանակերպի հետ, պետք է փոխվեն։ Բոլոր նրանք, ովքեր առյուծ էին 2008թ., 2009թ., 2010թ. և միշտ, 2011թ. էլ քաղաքականության մեջ կլինեն առյուծ։ Իսկ ովքեր միշտ եղել են ճագարներ, նրանք կմնան ճագարներ՝ անկախ նրանից՝ 2011թ. սպիտակ ճագարի՞ տարի է, թե՞, ասենք, սև դրակոնի։

ԲՀԿ-ական պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն էլ կարծում է, որ վագրն իրեն կարող է դրսևորել ցանկացած տարում։

-Գիտեք, վագրն անպայման չէ՝ ինչ-որ գործողություն անի։ Վագրը կարող է ննջել, քնել, հանգստանալ։ Ինչ վերաբերում է նապաստակներին, ինձ ավելի հոգեհարազատ է ճագարը՝ կարող է ցանկացած կոշտ քաղաքականություն շատ նրբորեն վարել։ Ինձ թվում է՝ նրբորեն քաղաքականություն վարելու տարի է լինելու։ Նման ուժ, իհարկե, տեսնում եմ,-ասաց Է. Սողոմոնյանը՝ չնշելով, թե կոնկրետ ո՞ր ուժի մասին է խոսքը։

ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը կարծում է՝ քանի որ ընտրություններ են գալիս, բնականաբար, 2011թ. գործընթացները մի փոքր ավելի լարված կլինեն, և բոլոր դեպքերում՝ նոր ուժեր կհայտնվեն, ու պայքարը սովորականից ավելի բարձր կլինի.

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ նկատեց.

-Վագրը քաղաքական դաշտում միշտ կա՝ մե՛նք ենք։ Պարզապես վագրը կարող է ժամանակ առ ժամանակ քնել, արթնանալ, բայց ինքը միշտ կա, և դա պետք է հաշվի առնեն բոլոր ճագարները։

Թե ովքե՞ր են այդ ճագարները, Վ. Հովհաննիսյանն այդպես էլ չորոշակիացրեց։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ցավոք, վագրի տարում մենք ավելի շատ հենց ճագարային քաղաքականության հանդիպեցինք.

-Հուսանք, որ գոնե ճագարի տարում մի քիչ վագրային կեցվածք կունենա մեր երկիրը,-հույս հայտնեց նա։

Մեկ այլ ՀՅԴ-ական՝ Արա Նռանյանն էլ քաղաքական դաշտում առայժմ չի տեսնում վագրային դրսևորումներ։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ կարծում է, որ եթե զուգահեռներ անցկացվեն մարդկանց և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնավորությունների միջև, ապա ամեն տարի էլ մարդը հանդիպում է բոլոր տեսակի բնավորությունների.

-Ուզում եմ ասել, որ այնպես չէ, որ վագրի տարում միայն վագրեր էին կամ բացառապես վագրեր էին։ Այս տարի միգուցե ՀՀ որոշ քաղաքացիների, քաղաքացիական խմբերի կողմից վագրին հատուկ դրսևորումներ տեսել ենք, բայց քաղաքական դաշտում՝ ո՛չ։ Քաղաքական դաշտում չեմ կարող ասել, թե վագրեր ունեցել ենք։ Տա՛ Աստված, որ ճագարի տարում վագրեր հայտնվեն, բայց՝ ոչ գիշատիչ։ Իրականում գիշատիչ վարքագիծը, անշուշտ, ավելի շատ է եղել անցած տարում։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտում, ցավոք, վագրեր գոյություն չունեն։

-Կան կատվազգիներ, բայց դրանք վագրեր չեն, որովհետև վագրերի պարագայում մենք կունենայինք մի երկիր, որն իսկապես կկարողանար իր կենսական շահերը պաշտպանել բոլոր տեսակի գազաններից, բայց ցավոք՝ դա այդպես չէ,-կարծիք հայտնեց Ա. Մարտիրոսյանը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ մեր հարցին այսպես պատասխանեց.

-Դե, կատուները կարողանում են մկներին բռնել։ Այսինքն՝ կատուն ինչ-որ սանիտարի դերակատարություն ունի բնության մեջ։ Ես այդպես եմ փորձում ակնկալել։

Պատրաստեցին Արփի Բեգլարյանը և Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը