Կարծիք

26.10.2017 13:58


Հայկ Խանումյան․ Քաշաթաղից տարիների ընթացքում բազմաթիվ ընտանիքներ են հեռացել

Հայկ Խանումյան․ Քաշաթաղից տարիների ընթացքում բազմաթիվ ընտանիքներ են հեռացել

Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթը

Այս ելույթով ես ցանկանում եմ իմ մտահոգությունները կիսել ձեզ հետ Արցախում ընթացող ցավալի գործընթացների վերաբերյալ: Օրեցօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես մեր երկիրը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը: Գործընթացը սկսվել է սահմանադրության գործող տարբերակի ի հայտ գալով, քաղաքական համակարգի ոչնչացմամբ և շարունակվում է սահմանադրության փոփոխություններով պայմանավորված օրենքների ընդունմամբ:

Կցանկանայի կանգ առնել հատկապես տեղական ինքնակառավարման մասին օրենքի վրա, որի նախագծի տարբերակն արդեն կարելի է գտնել տարբեր կաբինետներում: Բակո Սահակյանը խմբակցություններին կոչ է անում ակտիվորեն մասնակցել դրա քննարկմանը, սակայն փորձը ցույց է տալիս, որ սովորաբար քննարկումներն էական բան չեն փոխում:

Գոյություն ունեցող տարբերակը ոչ թե տեղական ինքնակառավարման վերաբերյալ է, այլ իշխանությունը հնարավորինս շատ կենտրոնացնելու մեխանիզմ է: Կարծում եմ, որ այն ստեղծողների հիմնական նպատակն է եղել ոչ մի հնարավորություն չթողնել հասարակության համար: Այս տարբերակով տեղական ամբողջ իշխանությունը կենտրոնացվում է միայն մեկ ուժի ձեռքում: Որևէ հակակշիռ, տեղական իշխանության բաժանման որևէ հնարավորություն գոյություն չունի նշված տարբերակում: Նույնիսկ տեղական մակարդակում որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն հանրությունը չունի: Այս տարբերակով միայն մեկ ուժ կարող է հավակնել տեղական իշխանության, և այդ ուժը վարչական ռեսուրսի կուսակցությունն է: Վարչական ռեսուրսներն այսօր գտնվում է են միայն մեկ մարդու մոտ և այդ մարդը Հանրապետության նախագահն է: Նման պայմաններում կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին կարող է ընդամենը ֆոն լինել ոչ թե իրական քաղաքական գործընթաց:

Խոշորացումն ինքնին բերելու է տարբեր խնդիրների և դրանց փոխհատուցումը կարող է լինել միայն այնպիսի օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ համայնքի կառավարմանը՝ ըստ կուսակցություններին տրված ձայների: Ավագանու ընտրություններին անցողիկ շեմն անցած կուսակցությունների մասնակցությունը վարչական ղեկավարի և համայնքային պաշտոնների նշանակմանը միայն թույլ կտա հնարավորինս ուժեղ համայնքներ ունենալ, զարգացնել քաղաքական համակարգը, ստեղծել տեղական էլիտաներ, մրցակցության արդյունքում բարելավել համայնքային կառավարումը: Հակառակ դեպքում ականատես ենք լինելու ցավալի հետևանքների:

Գաղտնիք չէ, որ Քաշաթաղի շրջանում տարիների ընթացքում բազմաթիվ ընտանիքներ են հեռացել: Կա կոնկրետ թիվ, որ հրապարակային չէի ուզենա հնչեցնել: Իշխանություները դրա պատճառ են համարում թերի ենթակառուցվածքները և անորակ բնակարանները: Այնինչ պատճառը սխալ կառավարման մեջ է: Քաշաթաղից ու ոչ միայն այնտեղից մարդիկ հեռացել են անարդյունավետ ու անարդար կառավարման, կառավարիչների կամայականությունների պատճառով: Այս տարբերակով տեղական կառավարման մասին օրենք ունենալու դեպքում այդ արտագաղթը սաստկանալու է՝ իր հետ տանելով տարբեր համայնքների նախաձեռնող, ակտիվ մարդկանց:

Այս ելույթով ես ցանկանում եմ հանրային բանավեճ ծավալել թեմայի շուրջ: Համենայնդեպս ես անձամբ ու «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կարիք ունենք նոր գաղափարների, առաջարկների և կարծիքների և ուրախ կլինենք դրանք լսել նաև խորհրդարանում:

Այս խորագրի վերջին նյութերը